Բարձր ջերմության ժամանակ (հիմնականում 38.9°C և ավելի) զարգացող ցնցումները ծնողներին կարող են վախեցնել, բայց երեխաների համար դրանք այդքան էլ վտանգավոր չեն։
Ջերմության բարձրացման հետ դրսևորվող ցնցումները տևում են 1-2 րոպե և չեն վնասում երեխայի ուղեղին ու նյարդային համակարգին, չեն ազդում մտավոր զարգացման վրա կամ առաջ բերում պարալիչ։ Ցնցումները կարող են դրսևորվել բարձր ջերմությամբ ուղեկցվող ցանկացած հիվանդության դեպքում։ Անպայման հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի պարզվի ջերմության պատճառը և ժխտվեն ցնցման հնարավոր այլ պատճառները։
Ի՞նչ անել ֆեբրիլ ցնցման դեպքում, եթե տանն եք․
✓ պառկեցրեք երեխային գետնի վրա կամ անկողնում,
✓ գլուխը կողքի թեքեք, որպեսզի թուքը, փսխման զանգվածը չգնան շնչուղիներ,
✓ ոչինչ մի՛ մտցրեք բերանը (մատները, գդալ) և մի՛ վախեցեք, քանի որ երեխան «լեզուն կուլ չի տա»,
✓ փորձեք ֆիքսել ժամանակը, թեև այդ մեկ րոպեն հավերժություն կարող է թվալ,
✓ եթե տևում է 5 րոպեից ավելի, շտապ դիմեք մոտակա բուժհաստատություն։
Ջերմային ցնցումը կանխել կարելի՞ է
Ջերմիջեցնողների նշանակումը լավացնում է երեխայի ինքնազգացողությունը բարձր ջերմության դեպքում, սակայն չի կանխում ցնցումների առաջացումը։ Տենդային ցնցումից հետո սովորաբար հակացնցումային դեղամիջոցներ չեն նշանակվում։ Նշենք, որ ֆեբրիլ ցնցումը կրկնվել կարող է, ու որքան փոքր է եղել երեխան առաջին ցնցման ժամանակ, այնքան մեծ է այդ հավանականությունը։ Ջերմային ցնցումների հանդեպ հակումը կարող է փոխանցվել անգամ ծնողներից։ Փոքրիկների մեծ մասը հինգ տարեկանից հետո ցնցումներ չի ունենում, հազվադեպ զարգանում է էպիլեպսիա։
Նյութը՝ Mama plus Papa Parents' Corner ֆեյսբուքյան էջից (տեքստի հիմքը հանդիսացել է Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիայի կայքէջում առկա տեղեկատվությունը)