Գաղթուն. ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ե՞րբ պետք է փակվի և ո՞ր դեպքում արժե անհանգստանալ

Խնամք

 «Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ  Զարինե Կոջոյանի հետ։


- Ի՞նչ է երեխայի գաղթունը, ինչու՞ է այն առաջանում։


-Գանգաթաղի ոսկրերի միացման կետերում են առաջանում գաղթունները։ Դրանք երկուսն են՝ փոքր և մեծ։ Մեծը գագաթային շրջանում է, իսկ փոքրը՝ ծոծրակային։ Երբ երեխան ծնվում է, դեռևս գանգաթաղի ոսկորնորը իրար միացված չեն լինում։ Արդեն ըստ դրա՝ առաջանում են գաղթունները։ Ե՛վ մեծը, և՛ փոքրը կարող են լինել փակ և բաց։


- Ի՞նչ չափս պետք է ունենա գաղթունը երեխայի ծննդյան պահին։


- Շատ անհատական է, կարող է փակ լինել և չունենալ ոչ մի չափս, խոսքը մեծ գաղթունի մասին է։ Կարող է լինել մինչև 3x3.5։


- Ինչպե՞ս պետք է իրականացնել գլխի այդ հատվածների խնամքը և ինչի՞ն է պետք հատուկ ուշադրություն դարձնել։


-Ընդհանրապես գլխի հետ պետք է նուրբ վարվել, լողացնելիս չանել կոպիտ շարժումներ, քանի որ այդտեղ՝ մեծ գաղթունի շրջանում, ոսկրերը կպած չեն, և եթե վնասվածք լինի, ինչը հազվադեպ է լինում, արդեն կարող է գլխուղեղի խնդիրներ առաջացնել։ Համեմատաբար ավելի մեծ տարիքի համար նախատեսված են հատուկ սանրեր, որոնց օգնությամբ կարելի է խնամել երեխայի գլխամաշկը: Ի դեպ, մերսումներն արգելվում են։


- Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի երեխայի գաղթունն այլևս «փխրուն» չլինի, ո՞ր ամսականից կարելի է փոփոխություն նկատել։


-Սկսած երեք ամսականից՝ փոքրանում է։ Համարվում է, որ մինչև 18 ամսականը պետք է փակվի գաղթունը։ Կարևորը գլխի շրջագծի որոշումն է։ Հենց դրա համար մինչև երկու տարեկան՝ մասնագետի մոտ ամեն այցի ժամանակ, խորհուրդ է տրվում չափել գլխի շրջագիծը։


- Ճի՞շտ է, որ գաղթունի լիարժեք փակման համար նշանակվում է վիտամին D։


-Միայն գաղթունի համար վիտամիններ չեն նշանակվում։ Անուղղակի ձևով գաղթունի չափսերը, կազմած ոսկորների ամրությունը խոսում են այն մասին՝ արդյոք օրգանիզմում վիտամին D-ի քանակը բավարար է, թե ոչ։ Քանի որ մանկան օրգանիզմը աճող օրգանիզմ է, աճի, ոսկրերի ձևավորման համար հատկապես վիտամին D-ն շատ կարևոր է։ Օգտագործած քանակությունը կախված է երեխայի աճի արագությունից։ Որպես այդպիսին, անմիջական կապ վիտամին D-ի և գաղթունի միջև չկա։ Երեխան կարող է ծնված լինի փակ գաղթունով, բայց վիտամինի պակաս ունենա։


- Արդյո՞ք ժամանակից շուտ գաղթունի փակվելն ինչ-որ խնդիրների մասին է հուշում։


-Ո՛չ, եթե գլխի շրջագիծը նորմալ չափսերի է, ուրեմն՝ որևէ խնդիր չկա։


- Ե՞րբ պետք է անհանգստանալ, որ գաղթունը չի փակվում և ինչի՞ մասին կարող է այն վկայել։


-1.5 տարեկանից հետո, եթե գաղթունը դեռևս բաց է, այդ ժամանակ կարելի է անհանգստանալ։ Չփակվելը կարող է օրգանիզմում կալցիումի պակասի մասին վկայել։Կարող է լինել ներգանգային ճնշման արտահայտում։


-Ինչպե՞ս հասկանալ, որ պետք է դիմել մանկաբույժի։


-Եթե մինչև մեկուկես տարեկանը չի փակվում, ուրեմն՝ արդեն կա անհրաժեշտություն։ Իսկ ընդհանրապես, բժշկին դիմելու համար հատուկ ժամկետներ գոյություն ունեն։ Այսպես թե այնպես, 1.5 տարեկանում նախատեսված է կանխարգելիչ հետազոտություն։


- Գաղթունի փակմանը նպաստող ի՞նչ բուժամիջոցներ կան։


-Եթե ժամկետը հասել է, բայց չի փակվել, արդեն պետք է արյան մեջ որոշել վիտամին D-ի քանակությունը, ինչպես նաև իոնիզացված կալցիումի քանակը։ Ըստ դրա՝ պետք է կատարել նշանակումներ՝ վիտամին D, եթե դա է պակաս, կալցիումի պատրաստուկներ, արևային և ծովի աղով լոգանքներ, ինչպես նաև բուժական մերսում և մարմնամարզություն։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան