Ինչու՞ է փոքրիկն առարկաները դնում բերանը և պե՞տք է արդյոք քայլեր ձեռնարկել

6-12ամիս

Մինչ ծնունդը փոքրիկն իրեն անհրաժեշտ սննդարար նյութերը ստանում է մայրիկից պորտալարի օգնությամբ, իսկ լույս աշխարհ գալուց հետո սնունդն ընդունում է արդեն բերանի միջոցով:  Վերջինս հանդիսանում է ոչ միայն մարսողական համակարգի առաջին օղակը, այլև հուզական բավարարվածություն ստանալու տարբերակ:

Փոքրիկի բերանում տեղակայված են մեծ թվով նյարդային վերջավորություններ, որոնք ստեղծում են տվյալ զգացողությունն ապրելու հնարավորությունը: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է՝ պետք չէ շատ վախենալ, երբ երեխան տարաբնույթ առարկաները տանում է բերանը: Փոքրիկը պարզապես փորձում է աշխարհը ճանաչել այդ ձևով: Առարկան բերանը դնելով՝ համի հետ մեկտեղ ստուգում է ձևը, կառուցվածքը, ուտելու ենթակա լինել-չլինելը: Այդպես նա ընկալում է շրջակա միջավայրը մինչև կսկսեն զարգանալ աշխարհճանաչողության գործընթացին մասնակցող մյուս հատվածները: Նրա մոտ տեսողական և լսողական զգայարանները ձևավորված են, սակայն դրանց զարգանալն ու աշխարհճանաչողության պրոցեսի մեջ ընդգրկվելը ժամանակ են պահանջում:

Երեխայի՝ առարկաներին ձեռք գցելն ու բերանը տանելու երևույթի դրսևորումը կարող է ձգվել մինչև երեք տարեկանը: Դրա դեմ պայքարելու կարիք առանձնապես չկա, ուղղակի պետք է ուշադիր լինել, վտանգավոր իրերը հեռու տանել և զարգացնող խաղեր խաղալ, խոսել երեխայի հետ՝ առարկաներ ցույց տալով, սովորեցնել նրան շոշափման եղանակով ընկալել հատկությունները: Օրինակ՝ կարելի է սեղանին շարել տարբեր՝ թղթե, պլաստմասե, բամբակյա, կաշվե, մետաղյա իրեր և խնդրել երեխային հպվել դրանց, նայել, հասկանալ՝ ինչ նյութերից են բաղկացած և ինչպիսին են (մեծ, փոքր, հարթ, խորդուբորդ, չոր, փափուկ, կոշտ): Այնուհետև երեխան փակում է աչքերը, ձեռքը դնում դրանցից պատահական մեկի վրա և նկարագրում: Հաջորդիվ կարելի է սառը, տաք և գոլ ջրով լցված բաժակներ դնել բալիկի առջև, ու նա զգա ջրի ջերմաստիճանը՝ ափերն իջեցնելով ու դիպչելով:  Նման խաղերը կնպաստեն զգայարանների գործունեության առաջընթացին և իրերը բերանի մեջ դնելու պրոցեսի ռեգրեսին: