8-12 ամսական․ ի՞նչ է ուսումնասիրում փոքրիկը և ինչպիսի՞ վարք դրսևորում

6-12ամիս

Մոտավորապես 1 տարեկանում, որոշ բալիկների մոտ՝ 8 ամսականից սկսած, ի հայտ է գալիս մայրիկից անջատվելու ոչ այդքան սուր արտահայտված ձգտում:

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզիևայի խոսքով՝ երեխան ջանում է իջնել ծնողի գրկից, թեկուզ փոքր, բայց հեռավորության վրա լինել մայրիկից և ուսումնասիրել նրան, նրա դեմքն ու հագուստը: «Փոքրիկն իր մատները մոտեցնում է մայրիկի աչքերին, բերանին, մազերն է քաշքշում, խաղում շապիկի կոճակների հետ և այլն: Այսպես տարբերակում է մայրիկի արձագանքները, նրա մարմինը զգեստներից, շնչավորն անշունչից: Այս՝ վաղ ուսումնասիրության փուլում, որը տևում է 8-12 ամսականը, երեխան սկսում է հասնել ինչ-որ օբյեկտների, առարկաները տանել բերանը, հպվել ու շոշափել, բացահայտել»,- նկարագրում է նա: Հավելում է՝ տվյալ շրջանում երեխայի մոտ կարող են զարգանալ ներամփոփություն, այլ մարդկանց հետ շփվելու անկարողություն, ցանկության բացակայություն: Փոքրիկը սկսում է ապրել իր ստեղծած աշխարհում, որտեղ իրեն ավելի ապահով ու պաշտպանված է զգում: Երեխան կարող է ագրեսիվ տրամադրվել շրջապատի նկատմամբ, ինչն արտահայտվում է կծելով, խփելով և անկանոն վարքով:

 

Ի՞նչ սխալներ են թույլ տալիս ծնողներն այս փուլում

Երբեմն մայրիկը խիստ տագնապային կամ օբսսեսիվ-կոմպուլսիվ բնավորության պատճառով թույլ չի տալիս, որ երեխան կատարի իր «պեղումները» շրջապատող աշխարհում, այսինքն` չոչ անի որտեղ պատահի, ձեռք տա ամեն ինչին, նստի թաց խոտի վրա կամ ձյուն ուտի, թավալվի հողերի մեջ: Մայրիկը բալիկին գրեթե բաց չի թողնում գրկից կամ իջեցնում է միայն մաքուր ու ստերիլ պայմաններում, որտեղ առանձնապես ուսումնասիրելու բան չկա: Այդ ամենի հետևանքով երեխայի մոտ կարող են առաջ գալ կախյալություն, անինքնավստահություն, միզոֆոբիա, ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից տարիքին ոչ համապատասխան զարգացում: Մայրիկը, պահպանելով հարաբերականորեն անվտանգ պայմաններ, պետք է բաց թողնի փոքրիկին՝ հետևելով նրա ազատ ու անկաշկանդ գործունեությանը:

Մյուս սխալը երեխայի՝ մայրիկից անջատվելու առաջին իսկ փորձից հետո նրան թողնելն է այլ մարդու խնամքին ու գնալը սեփական գործերով: Ծնողը կարող է ոգևորվել այն փաստից, որ բալիկը զբաղվում է, նույնիսկ չի նկատում՝ ինքն ինչպես գնաց տնից, ինչպես եկավ: Այս պարագայում փոքրիկը, որը երբեմն-երբեմն մայրիկի հուզական ու կինեսթետիկ աջակցության կարիքն է ունենալու, մնում է առանց այդ պաշտպանության և ապահովության: