Քնած փոքրիկին արթնացնել պետք չէ․ փա՞ստ, թե՞ առասպել

6-12ամիս

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը։

Հասարակության մեջ կա  տարածված կարծիք, որ քնած փոքրիկին արթնացնել պետք չէ: Բայց արդյո՞ք սա ճիշտ է, թե՞ հերթական միֆերից: Իրականությունն այն է, որ օրվա ընթացքում կան ժամեր, երբ դուք պետք է արթնացնեք փոքրիկին: Ու, բնականաբար, անհրաժեշտ է իմանալ՝ որոնք են այդ դեպքերը:

Առաջինը սնվելու ժամանակն է: Երեխային հարկավոր է արթնացնել, եթե վերջին կերակրումից անցել է 3 ժամից ավելի (կամ 4 ժամ, եթե բալիկը 4 ամսականից մեծ է): Երկրորդ դեպքը երկու ժամից ավելի ցերեկային քունն է: Հաշվի առեք, որ սահմանափակում ենք ցերեկային քունը ոչ ավելի, քան 2 ժամ միանվագ: Փոքրիկին պետք են  առույգության բավականաչափ  ցերեկային ժամեր: Դա բերում է կալորիաների ադեկվատ ընդունման և սպառման, որն իր հերթին հանգեցնում է ավելի խորը գիշերային քնի:

Երրորդը՝ գիշերային քունը հասել է օրվա նորմային: Օրվա համար գիշերային քունը պետք է չգերազանցի 11-12 ժամը: Նկատենք, որ ցերեկային քունը (գումարային) 3-4 ամսականի համար կազմում է 5 ժամ, 5-7 ամսականի համար՝ 4 ժամ, 7-10 ամսականինը՝ 3․5 ժամ, 11-24 ամսականինը՝ 3 ժամ: Եվ չորրորդ՝ բալիկին հարկավոր է արթնացնել կոնկրետ ժամային ռեժիմի առկայության պարագայում: Արթնացրեք բալիկին վերջին ցերեկային քնից, եթե ունեք գիշերային քնի կոնկրետ ժամ: Եթե փոքրիկը գիշերային քունը սկսում է 19:00-20:00-ն, ապա վերջին ցերեկային քունը 3-4 ամսականում պետք է ավարտվի 18:00-ին, 5-7 ամսականում՝ 17:30, 7-10 ամսականում՝ 17:00, 11-14 ամսականում՝ 16:00, 14 ամսականից հետո՝ 15:30:

 

Աղբյուր՝ Արթուր Ջանազյանի ֆեյսբուքյան հրապարակում