«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։
Կարծես երեկ էր, որ փոքրիկը լույս աշխարհ եկավ, իսկ այսօր արդեն լրանում է նրա 12 ամսականը: Նշված տարիքում ոչ վերբալ հաղորդակցումը երեխայի մոտ շարունակում է գրավել առաջնային տեղ: Նա հասկանում է շատ, խոսում է քիչ, իր ցանկություններն ու պատասխանները մեծապես հայտնում է ժեստերի միջոցով: Ծնողները երբեմն անհանգստանում են, որ բալիկին ձեռքերով ժեստեր կամ նշաններ սովորեցնելը կնպաստի խոսքի ուշացմանը, սակայն դա ճիշտ չէ: Երեխան կարողանում է պատասխանել պարզ հարցերին և հրամաններին հատկապես այն դեպքում, երբ հայրիկն ու մայրիկը նրան հուշումներ են տալիս ձեռքի շարժումների միջոցով: Օրինակ՝ հարցնում են, թե որտեղ է բերանը, և ցույց տալիս այն: Քանի որ բալիկն այսպես սկսում է հասկանալ նաև բառերի իմաստը, հարմար ժամանակ է նրան դրական վարքագծի, քաղաքավարության հիմքունքները սովորեցնելու համար: Կարելի է տարբեր իրավիճակներում մոդելավորել «շնորհակալություն»-ը և «խնդրում եմ»-ը: Անհրաժեշտ է զրուցել փոքրիկի հետ առօրյա թեմաներով, հաշվել մրգերն ու նշել բանջարատեսակների անունները և գույները, հարցնել նրա կարծիքը: Նշանակություն չունի, որ երեխան ուղիղ չի ասելու՝ «ուզում եմ», «չեմ ուզում»: Կարելի է հարցնել՝ կցանկանա դեղի՞ն վերնազգեստը հագնել, թե՞ կանաչ: Ի պատասխան երեխան կարող է մատը դնել հագուստի վրա, գլուխը շարժել, արդյունքում՝ սովորել բառերը և սոցիալական փոխազդեցության ձևերը: Բացի այդ, ընտրության հնարավորություն տալն օգնում է նրան զգալ ուժ, զարգացնում է ինքնագնահատականն ու նվազեցնում հնարավոր զայրույթը, անհանգստությունը:
Կաթը փոքրիկի սննդակարգում
12-րդ ամսվա ընթացքում փոքրիկին տալիս են կրծքի կաթ, իսկ 1 տարեկանը լրանալուց հետո թույլատրվում է ռացիոնում ներառել քիչ քանակությամբ կովի կաթ։ Ապահով կերպով անցնել ցածր յուղայնությամբ, անյուղ կաթի կարելի է 24 ամսականում: Չափավոր և համապատասխան պահին օգտագործելու դեպքում կովի կաթն իսկապես օգտակար է, ունի բազմաթիվ սննդարար նյութեր, որոնք պետք են աճող օրգանիզմին:
Անվտանգության ապահովում
Պետք է հաշվի առնել, որ բալիկն ուշադրությամբ դիտում է այն ամենն, ինչ անում են շրջապատող մեծահասակները և կրկնօրինակում: Երեխան կարող է հետևել, թե ինչպես է որևէ մեկը վիտամիններ կամ հաբեր ընդունում, իսկ ավելի ուշ որոշի նույնն ինքն անել: Այսպիսով, անհրաժեշտ է զգոն լինել: Զգոնությունը պետք է չկորցնել նաև, երբ փոքրիկը քայլում է: Նա սիրում է չոչել ու քայլեր կատարել՝ որևէ մեկի ձեռքից կամ ինչ-որ բանից բռնված, ու եթե նրա ճանապարհին առկա են սպառնալիք հանդիսացող առարկաներ, դրանք պետք է շտապ տեղափոխել: Նման իրեր են էլեկտրական լարերը, սփռոցները: Ի դեպ, քայլակների և կոշիկների կիրառումը տանը խանգարում են երեխաների քայլել սովորելուն, իսկ բոբիկ ոտքերն օգնում են սկսնակ քայլողին մնալ հավասարակշռության մեջ:
Բալիկը կարող է հեշտությամբ փոքր առարկաներ վերցնել՝ պահելով բթամատի և ցուցամատի միջև: Եթե փոքրիկը փորձում է վերցնել ատամի խոզանակը, նրան դա հաջողվում է: Այնպես որ նա կարող է հաճույք ստանալ տվյալ հմտությունը կիրառելիս, ցանկացած մանրուք, որը գտնի հատակին, լինի մոտ և պարզ աչքին, կհայտնվի սկզբում ձեռքին, ապա բերանում: Անհրաժեշտ է, որպեսզի հատակին չլինեն սննդի կտորներ, այդ թվում՝ ընտանի կենդանիների համար նախատեսված, ամրակներ, խաղալիքների մասեր, գործիքներ։
Պետք է, որ ծնողը․․․
Մայրիկը պետք է հետևի երեխայի հիգիենային, կանոնավոր կերպով մաքրի նրա ատամները՝ օգտագործելով փոքր, փափուկ խոզանակ և ֆտոր պարունակող ատամի մածուկ: Հարկավոր է պահպանել հստակ ռեժիմ, քնելուց առաջ իրականացնել քնի ծես համարվող կոնկրետ գործողություն, օրինակ՝ հեքիաթի պատմում, ինչը կօգնի բալիկին հանգիստ քնել: