Փոքրիկի վատ քունը կապ ունի՞ ատամների ծկթման հետ․ պարզաբանում է մասնագետը

6-12ամիս

Փոքրիկի քնի որակը փոփոխվում է զանազան պատճառներով, և մայրիկները կարող են կարծել՝ այդ պատճառների շարքում  ատամների ծկթումը ևս տեղ ունի։ Դա հնարավո՞ր է։

Անշուշտ հնարավոր է։ Ատամների ծկթման շրջանում երեխայի քնի որակն ընկնում է՝ դառնալով մակերեսային, ընդհատվող, անհանգիստ։ Փոքրիկն այդ ժամանակահատվածում միգուցե լինի դյուրագրգիռ, նվնվան, կպչի մայրիկին, հաճախ արթնանա, մեծ ուշադրության և ավելի շատ կրծքով կերակրման, շշի, ծծակի, գրկելու կարիք զգա։

Ինչպես բոլոր զգայուն փուլերը, տվյալ փուլը նույնպես հավերժ չի տևում։ Եթե ատամը կամ ատամներն արդեն ծակել են լինդը, չնայած որ դեռ չի երևում սպիտակ հատվածը, կարելի է ենթադրել՝ խոցելի շրջանն անցյալում է մինչև մյուս ատամների դուրս գալը։ Երբ դրանից հետո քունը կարգավորվում է, լինում երկարատև և կանխատեսելի, ապա, ամենայն հավանականությամբ, պատճառը հենց ատամն էր: Սակայն, եթե բալիկի քնի որակը շարունակում է օրերով, շաբաթներով ու ամիսներով վատը մնալ, ատամներն այդտեղ կապ չունեն, այլ նախադրյալներ է պետք փնտրել։

Նկատի ունեցեք, որ անհանգիստ գիշերների հիմնական «մեղավորներն»  են հանդիսանում  ուժեղ ասոցիացիաները, հանգստացնող ծեսի բացակայությունը, անբարենապաստ պայմանները, ֆիզիկական անհարմարությունը։

 

 

Նյութի աղբյուր՝ հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևայի ինստագրամյան էջ