Ի՞նչ պետք է կարողանա անել 6-9 ամսական երեխան․ մանկաբույժ

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

Այս տարիքի երեխան շարժողական ոլորտում ունենում է շատ մեծ առաջընթաց: Այսինքն՝ եթե մինչև 6 ամսականը կարողանում էր պտտվել իր առանցքի շուրջ, փորի վրայից մեջքի վրա, ապա արդեն 7 ամսականից նա ի վիճակի է մեջքի վրա պառկած դիրքից շրջվել փորի վրա, ինչը նրան հնարավորություն է տալիս իր համար ընտրել քնելու առավել հարմար  դիրք:

Եվ եթե այդ տարիքի երեխան նախընտրում է փորի վրա պառկած դիրքը, ծնողը չպետք է փորձի շտկել, պետք է թողնի այնպես, ինչպես երեխան ցանկանում է:

Ֆիզիկական ակտիվությունը զուգակցվում է երեխայի ակտիվ թոթովանքներով, անընդհատ բլբլում է, փորձում է խոսել ինչ-որ բաներ, ճանաչում է իր անունը, արձագանքում է և թեքվում, նայում է, երբ լսում է անունը: Արտաբերում է հնչյունախմբեր, իսկ արդեն  9 ամսականում կապակցում է դրանք և սկսում է արտաբերել զույգ վանկերով՝ մա-մա, պա-պա: Այդ տարիքում ծնողին թվում է, թե երեխան դիմեց իրեն «մամա» կամ «պապա» բառերով, բայց դա գիտակցված դիմելաձև չէ, այլ պարզապես խոսքի զարգացում:

Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։