Ի՞նչ 3 իրեր էին նախկինում պարտադիր դնում սեղանին. ատամհատիկի իրական խորհուրդն ու փոխակերպումը

Ատամհատիկը հին հայկական ժողովրդական տոն է:  Հնում այն ուներ պտղաբերության եւ առատության խորհուրդ: Տարբեր բարբառներում այն տարբեր բառերով են կոչում.  օրինակ՝ Վայոց Ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում՝ հատիկ, Շիրակում՝ ակռահատիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ կամ սեղքահատիկ:

Բայց ինչ էլ կոչեն, ազգագրագետներն այս միջոցառումը համարում են ծես եւ ոչ թե խնջույք:  Կարգն այսպիսին էր՝ տան տատիկը նախապես պետք է ընդեղենի եւ ոլոռազգիների խառնուրդ պատրաստեր՝ խաշած ցորենի, սիսեռի, լոբու, գարու հատիկներով: Երբեմն ավելացնում էին նաեւ քաղցր պտուղներ, օրինակ` չիր, ինչպես նաեւ չարազ:  7 տեսակի հատիկ լցնելու սովորույթը, ըստ ազգագրագետների, պարտադիր պայման չէ ու սնահավատության պես բան է: Հատիկավորները, ինչպես հայտնի է,  առատության խորհրդանիշն են: Հենց այդ սիմվոլը փոխանցելու եւ մյուս ատամների ծկլթումը հեշտացնելու համար փոքրիկի շուրջ էին հավաքվում հարազատները,  նստեցնում սեղանի վրա, գլխին կտոր գցում ու հատիկավորները լցնում վրան: Տարիների ընթացքում ատամհատիկի ծեսը վերածվեց մասնագիտություն կանխագուշակելու սովորության, բայց հատիկավորներ եփելու սովորույթը մնաց: Նախկինում փոքրիկի առջեւ երեք իր էին դնում՝ հայելի, սանր ու դանակ: Հայելին խորհրդանշում էր առատությունը, չէ՞ որ այն բազմապատկում է այն ամենը, ինչ հայտնվում է արտացոլանքի մեջ, դանակը խորհրդանշում էր ուժը, իսկ սանրը՝ ատամների հավասարությունը:

 

Այսօր  ծեսը կերպարանափոխվել է: Ծնողներն այն վերածում են իսկական խնջուքի:  Նախապես հարդարում են տունն ատամի պատկերներով, սեղան են գցում ընդեղենով, մրգով, չիր ու չամիչով:  Հաճախ նաեւ ադի-բուդի, աղանձ, սուջուխ ու տարբեր քաղցրավենիքներ են դնում սեղանին: Պատվիրում են տորթ ատամի  ֆորմայով, անգամ տարոսիկներ են պատրաստում:  Հետո գալիս է ամենասպասված պահը: Երեխային նստեցնում են հատակին՝ գորգին, գլխին կտոր գցում ու հատիկեղենը դանդաղ լցնում վրան: Իսկ մինչ այդ պատրաստում են մասնագիտության սիմվոլները: Կա մի քանի տարբերակ՝ երեխայի առջեւում դնում են մասնագիտությունը խորհրդանշող իրեր՝ դրամապանակ, բժշկական գործիք, գիրք, գրիչ, քանոն, համակարգչի մկնիկ, մուրճ, խաղալիք օդանավ եւ այլն: Կամ թղթի կտորների վրա գրում են մասնագիտությունները, ծալում ու դնում փոքրիկի ոտքերի մոտ: Մեկ այլ տարբերակով էլ՝ մասնագիտությունները գրում են թղթի վրա ու գցում փուչիկների մեջ: Եվ երբ փոքրիկի գլխի վրայից քաշում են կտորը, նա համապատասխանաբար վերցնում է իր առջեւ դրված իրերից մեկը, թղթերից մեկը կամ ընտրում է փուչիկներից մեկը: Իրերով կամ գրությամբ պայմանավորված՝ ծնողները կանխատեսում են, թե ինչ մասնագիտություն է ունենալու երեխան, երբ մեծանա:

Սիրելի ծնողներ, եկեք այս ծեսն ընկալենք խաղի պես ու  միշտ  հիշենք, որ ամենամեծ կանխագուշակումը ծնողի դաստիարակությունն է: Ինչ արժեքներ սերմանեք փոքրիկի մեջ,  այդպիսի արժեքներով առաջնորդվելով՝ նա կընտրի մասնագիտություն: Իսկ թե ինչ մասնագիտություն, եկեք թույլ տանք՝  նա որոշի:

 

Մանկական հավատարմությամբ՝ Իմ Փոքրիկ