10 բան, որ ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին հաշմանդամության մասին - մաս 1

Դաստիարակություն

Թիֆինի Կարլսոնը ամերիկացի գրող է Մինեապոլիս քաղաքից, ով 14 տարեկանում ավտովթարի հետևանքով ողնաշարի վնասվածք է ստացել և սկսել անվասայլակով տեղաշարժվել:

Հաշմանդամություն ձեռք բերելը ոչ միայն չի կոտրել երիտասարդ աղջկա կամքը, այլև նոր ներուժ է հաղորդել նրան. 2003-ից նա խորագիր է վարում New Mobility թերթում, որն անվասայլակ օգտագործող ակտիվ մարդկանց համար է, հետագայում էլ հիմնում է BeautyAbility.com կայքը: Իսկ երբ Թիֆինին չի գրում, նա հաշմանդամություն ձեռք բերած կանանց վարպետության և ներառական յոգայի դասեր է տալիս:

Կարլսոնը ներկայացնում է 10 բան, որ ծնողները պետք է իրենց երեխաներին սովորեցնեն հաշմանդամության մասին:

Տարբեր ծնողներ տարբեր կերպ են իրենց երեխաներին սովորեցնում հաշմանդամության մասին: Ոմանք նախատում են իրենց երեխաներին, երբ նրանք հարցնում են, թե ի՞նչ է պատահել հաշմանդամություն ունեցող մարդուն, իսկ  մյուսները թույլ են տալիս, որ երեխաները մոտենան ու խոսեն մեզ հետ:

Այս երկու դաստիարակություններն իրար նման չեն, սակայն որոշ բաներ կրկնվում են. շատ ծնողներ խնդրում են շրջվել, երբ հաշմանդամություն ունեցող մարդ են տեսնում և այլն: Ու քանի որ ամենաբարի մտադրություններ ունեցող ծնողներն էլ կարող են իրենց կամքից անկախ սխալվել, առաջարկում եմ տասը ճանապարհ, որոնք կօգնեն երեխային հաշմանդամության մասին սովորեցնելու:

1) Պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն կարողանում քայլել

Երբ երեխաներն անվասայլակով տեղաշարժվող մարդ են տեսնում, հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ նրանք չեն կարողանում քայլել: Երեխաներն իրենց բնույթով հետաքրքրասեր են, ուստի միշտ պետք է պատասխանել նրանց հարցերին:

Եթե ձեր երեխան շատ փոքր է, բավական է միայն ասել, որ նրանք վիրավոր են: Իսկ եթե ավելի մեծ են, անկեղծ եղեք: Իմ վեցամյա զարմուհին դեռ շատ փոքր է ողնուղեղային վնասվածքի էությունը հասկանալու համար, սակայն երբ ես նրան ասացի, որ չեմ կարողանում քայլել, նա հասկացավ դա:

2) Չբարկանալ, երբ նրանք հետաքրքրվում են

Հաճելի է, որ շատ ծնողներ ուզում են համոզվել, որ իրենց երեխաները չեն վիրավորում մեզ, սակայն չպետք է բարկանալ, երբ երեխաները հարցեր են տալիս մեր հաշմանդամության մասին: Կարծում եմ` դուք չեք ցանկանում, որ երեխաները հաշմանդամություն ունեցող անձանց ներկայությամբ վախ, ամոթ կամ շփոթվածություն զգան:

Ես հաճախ եմ լսում, որ փոքրիկներն իրենց մայրիկներին իմ մասին հարցեր են տալիս: Ինչ խոսք, հաճելի է:

3) Տարբերվելը բացասական բան չէ

Ամեն անգամ մեր հաշմանդամությունը «տխուր պատմություն» պիտակավորելու փոխարեն կարելի է ուղղակի ասել, որ աշխարհը լի է տարբերվող մարդկանցով: Մենք բոլորս էլ տարբեր ճանապարհներով ենք ինչ-որ բաներ անում, բայց քանի դեռ անում ենք, ուրեմն ամեն ինչ լավ է:

4) Միշտ հարցնել նախքան օգնելը

Շատ բարեկիրթ ծնողներ սովորեցնում են իրենց երեխաներին հնարավորության դեպքում օգնել մեզ: Սակայն ավելի կարևոր է նրանց սովորեցնել, որ օգնելուց առաջ հարցնեն մեզ. այդպիսով նրանք կսովորեն հարգել մեր անհատականությունը: Երբ դուք երեխային սովորեցնում եք միանգամից օգնության վազել, նրանք դժվարությամբ մեզ մեր անվասայլակից առանձին պատկերացնեն:

Պետք է թույլ տալ, որ երեխաները հասկանան, որ մենք ինքներս էլ շատ բան կարող ենք անել:

5) Մեր անվասայլակները մեծ մանկասայլակ չեն

Երեխաները կարող են տարբեր կերպ անվանել անվասայլակը` փոքրիկ մեքենա, վագոն կամ «ի՞նչ է սա», բայց թույլ մի´ տվեք, որ նրանք մտածեն, թե մեր սայլակը մեծ մանկասայլակ է, որից ինքնուրույն օգտվել հնարավոր չէ: Երեխաները սիրում են այդպես անվանել, սակայն նրանք պետք է հասկանան, որ անվասայլակն օժանդակող գործիք է, այլ ոչ թե անօգնականության և անինքնուրույնության խորհրդանշան:

Շարունակելի

Աղբյուրը՝ disabilityinfo.am