Խաղալիք՝ ըստ տարիքի. ինչպե՞ս ընտրել ճիշտ խաղալիք՝ հաշվի առնելով հոգեբանական սկզբունքները. մասնագետի խորհուրդները

Փոքրիկիս ժամանցը

Ի՞նչ հիմնական սկզբունքներով պետք է առաջնորդվել խաղալիք ընտրելիս, ի°նչ խաղալիքներով պետք է խաղան երեխաները տարբեր տարիքներում, որո՞նք են զարգացնող խաղերը և վերջապես ո°րն է համարվում զարգացում. այս և այլ հարցերի պատասխանները կտա  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը

Խաղալիքը՝ ըստ տարիքի

Երեխայի բնականոն զարգացումը, նրա անձի ձևավորումն անհնար է պատկերացնել առանց խաղերի ու խաղալիքների: Խաղալիքը երեխաների համար այն միջոցն է, որը թույլ է տալիս նրանց հետազոտել շրջապատող աշխարհը, արտահայտել զգացմունքները: Խաղալիքի միջոցով սովորում են նաև շփվել և ճանաչել իրենք իրենց: Խաղալիքը մեծ պահանջարկ ունեցող իր է: Խաղալիքների ընտրությունը լուրջ և պատասխանատու գործ է, քանի որ դրանից է կախված երեխայի տրամադրությունն ու զարգացման ընթացքը:

  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի կարծիքով՝ երեխայի համար խաղալիք ընտրելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով՝ որակ, համապատասխանություն տարիքին, համապատասխանություն երեխայի հետաքրքրություններին:

Խաղալիքն ապահովում է ոչ միայն երեխայի ժամանցը, այլև շփումն արտաքին աշխարհի հետ: Կախված երեխայի տարիքից՝ խաղալիքի գործառույթները փոփոխվում են: Կան բազմաթիվ զարգացնող խաղալիքներ, որոնք նաև օգտագործվում են՝ երեխաների ուսուցման գործընթացն ավելի հաճելի և արդյունավետ դարձնելու համար: Որոշ խաղալիքների միջոցով երեխաները սովորում են գույները, երկրաչափական պատկերները, թվերը: Կան խաղալիքներ, որոնք օգնում են երեխայի այս կամ այն որակների զարգացմանը, իմացական ոլորտի ձևավորմանը և այլն: 

Հոգեբանը նշում է, որ տարբեր տարիքներում  երեխաները պիտի խաղան տարբեր խաղալիքներով:

0-1 տարեկան փոքրիկներին պետք են զգայունությունը զարգացնող խաղալիքներ՝ վառ գույներով, ձայներ արձակող, ինչպես նաև բերանը տանելու համար հարմար ռետինե խաղալիքներ:

1 տարեկան երեխաներին պետք են մեծ խորանարդիկներ՝ ոչ սուր եզրերով, փոքրիկ բուրգեր՝ 3-4 մասից բաղկացած, շարժվող խաղալիքներ: Այս տարիքում երեխաները շատ են սիրում թռչկոտող խաղալիքներ, դրանք շատ դրական հույզեր են պարգևում: 

2 տարեկանում երեխան արդեն կարող է ունենալ փափուկ խաղալիք, որի հետ նա կարող է ընկերանալ, փարվել նրան, սիրել, քնել նրա հետ, մեծ գնդակ, բուրգեր՝ 5-8 մասերից բաղկացած, խորանարդիկներ՝ մեծ ու փոքր, ներդրվող խաղալիքներ:

3 տարեկանում խաղում են սյուժետային խաղեր, ակտիվորեն օգտագործում են կենցաղային իրերի կրկնօրինակ խաղալիքներ:

4 տարեկանում սկսում են խաղալ դերային խաղեր, ինչպես նաև խաղալ տիկնիկներով, իրենց կողմից պատրաստված խաղալիքներով: Առհասարակ այս տարիքում շատ են սիրում երեխաներն իրենց ձեռքով պատրաստվող և կառուցվող խաղեր և խաղալիքներ:

5 տարեկանում ռեժիսորական խաղեր են խաղում, որտեղ իրենք են խաղի ռեժիսորը, իրենք են կառավարում խաղի ընթացքը: Արդեն կարող են ինքնուրույն սյուժե հնարել, դերեր հանձնել ե  ոչ թե դեր տանել:  

6 տարեկանում այնպիսի խաղեր են նախընտրում, որոնց ժամանակ պատրաստոմ են որեւէ բա:

7 տարեկանում երեխաներն արդեն կարող են խաղալ նաև առանց խաղալիքների, բակային խաղեր: 

Մինչև 7 տարեկանը ցանկալի չէ երեխաներին տալ մեխանիկական խաղալիքներ՝ հեռակառավարման վահանակներով, քանի որ դրանք կլանում են երեխայի ուշադրությունը, մեծ լարվածություն են պահանջում, պասիվ ֆիզիկական վիճակ են ստեղծում և ոչինչ չեն զարգացնում:

 «Հաճախ հարցնում են՝ արդյո՞ք տղա երեխաները պետք է խաղան տիկնիկներով. իհարկե, պետք է, մանավանդ մեր հասարակության համար, որտեղ տղամարդիկ ավելի ու ավելի պասիվ են մասնակցում երեխաների դաստիարակության գործընթացին: Այդպիսի խաղերն օգնում են զարգացնել երեխայի հուզական ոլորտը»,-ասում է Անուշ Ալեքսանյանը:

Այսօր շուկայում շատ են բռնություն խրախուսող խաղալիքները, օրինակ՝ հրացանները: Նման խաղալիքները երբեմն օգնում են՝ ագրեսիան դուրս բերելու համար, քանի որ երեխան դրանցով կարող է իր երևակայական թշնամիներին ոչնչացնել, քաջ զգալ իրեն և այլն: Սակայն հնարավորության դեպքում պետք է խուսափել դրանցից և գնելու պարագայում գնել միայն իրականը չհիշեցնող տարբերակները:  Հետևաբար, ուշադրությամբ պետք է ընտրել խաղալիքները, որոնք այդքան կարևոր են երեխայի զարգացման համար:

Խաղալիքները հիմնականում լինում են՝ իրական կյանքի (ավտոմեքենա, տնակ, աման-չաման), ագրեսիան դուրս բերող (թմբուկներ, մուրճիկներ, հարվածելու համար նախատեսված ցանկացած խաղալիք), ստեղծագործական երևակայությունը զարգացնող (կառուցողական ցանկացած խաղալիք):

Իրենց խաղերում երեխաներն ընդօրինակում են այն ամենը, ինչ անում են մեծերը: Այսօր յուրաքանչյուր ծնող ձգտում է իր փոքրիկի համար գնել գեղեցիկ և գունավոր խաղալիքներ: Սակայն երբեմն նրանք բացահայտում են, որ երեխան այդ խաղալիքներին ուշադրություն չի դարձնում, խաղում է մեծերի իրերով: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, որ յուրաքանչյուր երեխայի համար հետաքրքիր են բոլոր այն իրերը, որոնք հետաքրքիր են նաև ծնողներին (լվացքի մեքենա, փոշեկուլ): Ծնողները խաղալիքներով չեն խաղում, այդ պատճառով էլ երեխաները ևս 10-15 րոպե խաղալուց հետո սկսում են հետաքրքրվել այն առարկաներով, որոնցով ծնողներն են հետաքրքրվում: