Նամակ Ձմեռ պապիկին. ինչպե՞ս այն գրել

Փոքրիկիս ժամանցը

Ամանորի հեքիաթին հավատում և սպասում ենք բոլորս, սակայն, որպես կանոն, մանուկներն ամենից շատն են ոգևորվում այդ կապակցությամբ:

Անկեղծ հավատը  «ներխուժում» է փոքրիկների սրտերն ու վստահեցնում` հանդիպելու են Ձմեռ պապիկին, ստանալու են ջերմագին խոսքեր և տարատեսակ անակնկալներ: Երեխաների աշխարհում մեծերը վերածվում են հրաշագործների, օգնում նրանց զարդարել եղևնին, պատրաստել համեղ թխվածքաբլիթներ, կառուցել թղթե տնակներ և կարևորը` նամակ ուղղել Ձմեռ պապիկին:

Միասին նամակ գրելն ընտանեկան գեղեցիկ «ծես» լինելուց բացի հնարավորություն է բալիկի համար` արտահայտելու զգացմունքներն ու ցանկությունները: Ծնողները երեխային ուղղորդելիս պետք է հաշվի առնեն կոնկրետ կետեր` գրության տրամաբանական կառուցվածքը պահպանելու նպատակով: Առաջնահերթ Ձմեռ պապիկի համար հաճելի կլինի, եթե նամակը սկսվի ողջույնով և ոչ թե միանգամից նվերների պատվերներով: Եկեք հարցնենք, թե ինչպես են ընթանում Ձմեռ պապի գործերը: Դա երեխային կսովորեցնի լինել քաղաքավարի և հարգալից մեծերի հանդեպ: Ապա պետք է ասենք բալիկին, որ գրի իր մասին՝ ի՞նչ է անունը, քանի՞ տարեկան է, որտե՞ղ է ապրում, ովքե՞ր կան ընտանիքում, ո՞րն է սիրելի զբաղմունքը: Հաջորդ մասում երեխան կարող է խոսել տվյալ տարվա ընթացքում գրանցած ձեռքբերումների ու դրսևորած պահվածքի մասին, ընդգծել` ինչ լավ բաներ է արել կամ սերտել։ Սա էլ երեխային կսովորեցնի մտածել և գնահատել սեփական գործողությունները: Այնուհետ արդեն փոքրիկը կարող է հայտնել իր երազանքները, խնդրել Ձմեռ պապիկից ամանորյա նվերներ: Թող երեխան գրի առնի ոչ միայն սեփական ցանկությունները, այլև այն, թե ինչ կմաղթի ընտանիքի անդամներին։ Այդպիսով, կուսանենք նրան ցուցաբերել ուշադիր վերաբերմունք մտերիմների նկատմամբ:

Նամակի վերջում հարկավոր է շնորհավորել Ձմեռ պապիկին գալիք տոների առթիվ, հղել բարեմաղթանքներ ու անպայման շնորհակալություն հայտնել։ Նշում ենք ամսաթիվ և դնում ստորագրություն, նկարում թեմային համապատասխան դետալներ ու գունավորում: Ի դեպ, սիրելի՛ ծնողներ, նամակը գրելիս անպայման քննարկեք երեխայի հետ, թե ինչ նվերներ է նա ուզում խնդրել: Ակամայից հիանալի առիթ է ստեղծվում նվերի արժեքի մասին խոսելու համար: Հասկանալ` ինչու՞ է երեխան ուզում դա, ի՞նչ կփոխվի նրա կյանքում, երբ նա ստանա ուզածը: Որպեսզի ամանորյա նվերների բերկրանքը չվերածվի միայն նյութական ցանկությունների կատարման, պետք է քննարկել տոնի հոգևոր խորհուրդը։ Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ չափազանց մեծ առարկաները չեն տեղավորվում Ձմեռ պապիկի սահնակում, Ձմեռ պապը չի կարող բոլորին թանկ նվերներ մատուցել, քանի որ մոլորակի վրա բազմաթիվ երեխաներ կան։ Հաճախ փոքրիկները ցանկանում են դժվար իրականանալին, օրինակ՝ «Թող մայրիկն ու հայրիկը կրկին միասին լինեն»։ Որպեսզի երեխան կեղծ հույսեր չփայփայի, անհրաժեշտ է զրուցել նրա հետ, ասել՝ նույնիսկ Ձմեռ պապիկն ի վիճակի չէ իրագործել նման ցանկությունները։ Բայց ընտանիքի և ընկերների համար առողջության, սիրո ու երջանկության մաղթանքները թող մնան երեխայի ուղերձներում: Պատրաստի նամակը կարելի է դնել գունավոր գուլպայի կամ խաղալիքի մեջ և դուրս հանել: Ձմեռ պապիկի օգնականներն անկասկած  կգան նամակի հետևից:

Հավելենք, որ փոքրիկը, նվերից զատ, Ձմեռ պապի պատասխանին ևս կարող է սպասել: Նման պարագայում ծնողները պետք է ձևակերպեն պատասխան ու թաքուն հասցնեն բալիկին: Իսկ ինչպե՞ս շարադրել այն: Նախ` Ձմեռ պապիկի անունից ողջունեք երեխային, շնորհակալ եղեք գրառման համար, պատասխանեք երեխայի տված հարցերին։ Գովաբանեք բալիկին իր հաջողությունների համար և նկարագրեք` ինչպես վարվի, եթե սխալ արարքներ է գործել: Պատասխան նամակը կարող եք նվերների հետ դնել տոնածառի տակ: