Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Աղվեսը եւ առյուծը
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Եղեգնը եւ ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։