Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:
Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:
Եղջերուն ու խաղողը
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:
Աղվեսն ու հովազը
Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
- Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:
Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:
Գայլերն ու ոչխարները
Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:
Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
- Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
- Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում: