Բամբակենին եւ սոսին

Առակներ

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը եւ պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը: Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ եւ ասաց:

 -Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այնքան հաստաբուն ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում:

 

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց՝ ասելով.

 

-Բարձր ես ու հաստաբուն, բայց օգտակար չես: Ո՛չ պտղաբերության, ո՛չ էլ վառելու համար ես գովելի: Թանձր ստվեր ունենալով՝ ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի: Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար: Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս:

 

Այսպես նախատվելով բամբակենուց՝ սոսին լռեց:

 

 

Սնոտի ու պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար: