Առակ ծովի գորտերի մասին. Մխիթար Գոշ  

Առակներ

Ծովի գորտերը, խորհուրդ անելով, ասացին.

-Ի՞նչու ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես:

Ծերերից մեկն ասում է.

-Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով վերադառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը:

Չլսեցին խորհուրդն ու դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախչեցին ու կրկին սուզվեցին ծովը:

 

 

Առակս իմաստ ունի. նախ՝ պետք է սեփական կարողությունը ճանաչել, հետո՝ տեղն ու գործը փոխել: