ՍԱՄՎԵԼԻ ԱՌԱԿԸ

Առակներ

Մեզանից շատ առաջ, որ սուտ չասեմ, վեց յոթ հարիր տարի առաջ, Ղրիմի կողմերում Սուրբ Խաչ անունով մի հայի քաղաք ա լինում: Էս քաղաքում մի ոսկերիչ ա ապրելիս լինում իրա ընտանիքովը: Գործը լավ ա գնում, ամա էնպես ա պատահում, որ իրեք տարի իրար վրա սովի տարի ա գալի, սա էլած-չելածը ծախում ա, վերջը հասնում էն տեղը, որ տնով-տեղով մնում են հացի կարոտ:

Սրանց ընտանիքի մեծ տղեն` Սամվելը, շատ խելոք ու աչքաբաց էրեխա է լինում, վանքի վարժարանումը կարդացած, վարդապետներից շատ բան սովորած, շատ բանի էլ իրա խելքովը հասած:

Ղրիմի Կաֆֆա քաղաքը մեծ եսիրաբազար ուներ: Ամեն կիրակի էս բազարում եսիր էին ծախում, եսիր էին առնում, սիրուն աղջիկներ Մսրա հարեմների համար, սիրուն տղերք մամլուկների համար, ուժով տղամարդիկ՝ սև աշխատանքի համար:

Սամվելը ասավ ծնողներին.

— Տեղներս շատ նեղ ա, տարեք ինձ եսիր ծախեք, էդ փողովը մեր ընտանիքը մի քիչ կապրի, մինչև տեսնենք, թե, ի՞նչ ա գալի մեր գլուխը:

Ճարահատյալ Սամվելի ծնողները գալիս են Կաֆֆայի եսիրանոցը՝ որդուն ծախելու: Մոտ էկավ Մսրա-Մելիքի վեզիրը, լավ նայեց, հավան կացավ Սամվելին,

— Ի՞նչ գործ կարող ես անել, ի՞նչ ա հունարդ:

— Ես ոսկերիչի տղա եմ,— ասավ Սամվելը,— Լավ եմ հասկանում ոսկեղենից ու ակնեղենից, ես շատ լավ եմ հասկանում ձիերից ու ուրիշ տանու անասուններից: Լավ եմ հասկանում մարդկանց ո՞վ ու ի՞նչ լինելը, նրանց արարմունքից ու նիստ ու կացից:

Սամվելին առնում են ու ուղարկում են Մսրա-Մելիքին: Հենց էդ վախտ էլ Մելիքին բերում են մի հրաշալի ձի: Մեկն ասում ա, թե ձին հրեղեն՝ ա, մեկելն ասում ա՝ երկնային ա, մի ուրիշն էլ թե՝ ծովային ա:

Մելիքը հարցրեց.

— Սամվել, էս ձին ի՞նչ ձի ա:

— Թագավորն ապրած կենա,– ասեց Սամվելը,— էս ձին ոչ հրեղեն ա, ոչ երկնային ա, ոչ ծովային: Բան չունեմ ասելու, էս ձիուն՝ ոչ ուտես, ոչ խմես՝ մենակ թամաշ անես: Ամա թագավորն ապրած կենա, էս ձին շատ լավը կլինի մենակ ձմռան ու աշունքվա ցուրտ ու հով ժամանակին: Ամառվա շոգը որ ընկավ, էս հրաշալի ձին սանձն ու կապը կտրելու ա, գնա մտնի ջուրը գոմեշների հետ, մնա ջրումը, մինչև իրիկվա հովը:

Մելիքը Սամվելի ասածին ուշ չդարձրեց, էս ձիու տիրոջը մեծ փող տվեց ու ձին առավ: Աշունքին, ձմռանը ձին շատ լավ էր, ամա որ՝ շոգը նեղեց, էս ձին ընկնում էր գոմեշների հետ ջուրը և ճիպոտով էլ տայիր, ջրից դուրս չէր գալիս մինչև իրիկվա հովը:

Մելիքը տեսավ, որ Սամվելի ասածը հաստատվեց, հրամայեց, որ էդ օրվանից եսիրի հացին մի կես գրվանքա հաց ավելացնեն:

Անց կացավ էլի մի ժամանակ: Մելիքի համար բերին Հնդկաստանի կողմերից մի հատ մեծ, շատ թանկագին քար, չտեսնված մի ակն: Քարը շատ սիրուն էր, լավ պսպղում ու ցոլք էր տալիս, ամա Մելիքը կասկածի մեջ էր, կանչեց Սամվելին:

Սամվելն ասեց,

— Էս քարի միջին որդ կա: Ես գիտեմ, թագավորն ապրած կենա, դու ինձ չես հավատա, քարը կես անիլ տու կտեսնես:

Ոսկերիչ կանչեցին, բերին քարը կես արին, որդը միջիցը դուրս էկավ:

Մելիքը շատ զարմացավ.

— Էսօրվանից,— ասավ,— էդ եսիր Սամվելի հացին մի կես գրվանքա հաց էլ ավելացրեք:

Օրերն էկան անց կացան: Մելիքն ասեց՝ արի սրան մի լավ փորձեմ մինչև վերջը.

— Սամվել,— ասավ,— դու գիտուն ես, դու լավ ես ճանաչում մարդ-արարածին, դու ասա մի տեսնեմ՝ ես ո՞վ եմ, ի՞նչ արարած եմ:

— Դու թագավոր ես,— ասեց Սամվելը, լավ էլ մարդ ես, համա թագավորական ցեղից չես, քու մեջը թագավորական՝ արյուն չկա: Դու ցիգանի ծագում ունես:

Մսրա-Մելիքը կատաղեց.

— Էս րոպեին սրան կախ տվեք:

Սամվելը դարձավ Մելիքին, թե.

— Թագավորն ապրած կենա, դու ինձ միշտ էլ կարող ես կախել: Ես մենակ խնդրում եմ, որ իմ ասածի մասին մորիցդ հարցնես:

Մելիքի մերն ասեց.

— Այ որդի, դու գիտես, որ քեզանից մեծ վեց քիր ունես: Մեր հույսը յոթի ծնունդի վրա էր, ուզում էինք տղա զավակ ունենայինք, որ հորդ մահիցը եդը նստեր Մսրա գահին: Ամա իմ քոռ բախտիցը վրա յոթը ծնունդս էլի աղջիկ բերի:

Հերդ լավ բարեկամ ցիգաններ ուներ, որ շատ անգամ մեզ ղոնաղ էին գալիս, տասը-տասնհինգ օրով մնում մեզ մոտ, հորդ հետ ուտում, խմում, քեֆ անում: Հենց իմ աղջիկը բերածս օրը ցիգաններից մեկի կնիկը տղա էր բերել: Հերդ մեծ փող տվեց էդ կնկա մարդուն, իմ աղջիկը տարան նրան տվին, տղին բերին տվին ինձ: Էդ ցիգանի տղեն դու ես, որ կաս, իմ կաթով ես քեզ սնել մեծացրել եմ: Հիմի էս բանը գիտենք մենակ ես ու դու: Մեռնելուցս առաջ ասեցի քեզ, հոգիս թեթևացրի, ամա դու սուս կաց, թե չէ գահը ձեռիցդ կընկնի:

Մելիքը շատ զարմացավ Սամվելի իմաստության ու խելոքության վրա, հրամայեց որ էդ եսիրի հացը օրեկան մի կես գրվանքա էլ ավելացնեն:

Անց ա կենում մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս, Մսրա-Մելիքը չի հանգստացնում, ուզում ա իմանա Սամվելը ո՞նց, ինչի՞ցը հասկացավ ձիու ինչ լինելը, անգին քարի միջի որդը, իրա՝ ցիգանի ցեղից լինելը:

— Սամվել,— ասեց,— քու տված իրեք պատասխանն էլ դրուստ դուրս էկան: Հիմի դու ինձ հասկացրու, ո՞նց իմացար էդ բաները:

— Թագավորն ապրած կենա,— ասեց Սամվելը,— ձիու ատամներիցը ես հասկացա, որ նա առանց ծնողի մեծացած քուռակ ա եղել, գոմեշի ծիծ ա ծծել, ատամներն էլ գոմեշի ատամ են դառել ու գոմեշի ատամ մեծացել: Ակի միջի որդը պարզ բան ա. էդպես մեծ քարը թաց, խոնավ տեղից ա հանված, դե խոնավ տեղումն էլ անպատճառ որդ կլինի: Քարի միջի որդը, որ ուշադիր նայող լիներ աչքով էլ կջոկվեր:

— Էդ, ասենք էդպես, բա ո՞նց իմացար իմ ցիգանի ծագում ունենալս:

— Ամեն անգամ դու մի կես գրվանքա հաց էիր ավելացնում իմ եսիրական հացին: Թագավորական ցեղի մարդը իմ իրեք պատասխաններից ամեն մեկի համար ինձ եսիրությունից կազատեր, կնստեցներ իրա կողքին, որ խելոք խորհուրդով օգնեի երկիր կառավարելուն:

— Էսօրվանից,— ասեց Մսրա-Մելիքը,— դու ազատ ես, էլ եսիր չես, դու իմ աջ կռանը պետք ա նստած լինես: Հալալ ա քու կերած կաթը: Մարդ ղրկենք, քու հերն ու մերը երեխանցը թող բերեն մեր քաղաքր, քեզ հետ իրանց քեֆին ապրեն:

 

Սուրեն Քոչարյանի մշակմամբ «ԱՐԵՎ» հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածու