«Շնորհակալության կարիք չկա»․ առակ այն մասին, որ կյանքում պետք չէ լինել անտարբեր

Առակներ

Մի անգամ արջը հսկայական գերան էր քարշ տալիս: Նա շատ էր հոգնել և որոշեց նստել ծառի կոճղի վրա՝ հանգստանալու:

- Ենթադրում եմ՝ ծանր գերան է,- ասաց երիտասարդ վարազը, որն արևի տակ տաքանում էր:

- Աննկարագրելի՜ ծանր,- շնչակտուր պատասխանեց արջը:

- Եվ դեռ հեռու՞ ես տանելու այն:

- Մինչև անտառի ծայրը:

- Այս տապի՞ն: Հաստատ հոգնել ես:

- Նույնիսկ մի՛ հարցրու:

- Այդ գերանը հարկավոր է երկուսով տանել,- ասաց վարազն ու ավելացրեց,- դե իսկ ես էլ գնացի: Քեզ հաջողություն եմ մաղթում, շատ մի՛ ծանրաբեռնիր ինքդ քեզ:

- Շնորհակալություն,- հառաչեց արջը:

- Չարժե,- պատասխանեց վարազը:

 

Սիրելի՛ ընթերցող, այստեղ պատմվում էր աշխատասեր արջի մասին, որն օգնության կարիք ուներ` չնայած զորեղ լինելուն: Ճանապարհին նա հանդիպում է էներգիայով լի մի վարազի, որը հարցուփորձ է անում նրան բեռի վերաբերյալ, ապա  հեռանում՝ առանց  օգնություն ցույց տալու: Այդպես պատահում է նաև իրական կյանքում: Սա խրատական ​​պատմություն է մարդկանց կյանքում եղած դժվարությունների հանդեպ դրսևորվող անտարբերության, դատարկ խոսակցությունների, անվերջ մեկնաբանություններ անող անձանց մասին, որոնք աջակցելու միտում չունեն: Մի կողմից արտահայտվում է այն միտքը, որ մարդուն չի կարելի մղել փակուղի՝ անընդհատ հարցնելով և հիշեցնելով ձախողումների մասին: Մյուս կողմից՝ հարկավոր է հիշել, որ երբեմն նույնիսկ գործունյա և ուժեղ մարդն է օգնության կարիք ունենում: Եվ եթե դուք կարող եք օգնել, ապա արեք դա: Շատ ավելի բարին ու դրականը ձեզ կվերադառնա: