Խնկո ապոր բանաստեղծությունները

բանաստեղծություններ

 

Մեղուն

 

Պզան, պզան, պզպզան,

Պստիկ մեղու տզտզան,

Դաշտ ու հովիտ կշրջես,

Բարձր սարեր կթռչես,

Սուսան, սմբուլ կծծես

Ու ոտքերով թավամազ

Փոշի առած՝ տուն կգաս։

 

Մայիս

 

Գարնան ամիս,

Սիրո՛ւն մայիս,

Նախշո՛ւն նկար,

Բարո՛վ եկար։

 

Եկար, բերիր

Վարդը կարմիր,

Սուսան, սմբուլ,

Սիրուն բլբուլ։

 

Ծիծեռնակին

 

Դու կապուտակ ծովով արի,

Թեթև, թեթև թևով արի,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան երգով, կանչով արի։

 

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

 

Սևիկ-մևիկ աչիկ ունես,

Մկրատաձև պոչիկ ունես,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

 

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

 

Ծիծեռնակով գարուն կգա,

Առանց ծիծեռ գարուն չկա,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

 

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

 

Նկարիչ

 

Օյ, օյ, օյ, բուք-բորան

Եկավ ծածկեց պատուհան։

Նկարիչ է, նկարիչ,

Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ,

Ոչ ներկ ունի և ոչ տուփ,

Նկարում է ծառ ու թուփ.

Ծաղկենկար է անում,

Ապակու վրա նկարում։

Այ, էդպես է բուք-բորան,

Կուզե՞ս տեսնել դու նրան։

Թե տղա ես, դուրս գնա,

Քիթդ այնտեղ կմնա։

 

 Մկների ժողովը

 

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան,

Գզիրն ընկավ դռնեդուռ,

Էլ չթողեց տուն, կտուր,

Ջահել, ահել գեղովի,

Ջոջերին ջոկ, տեղովի

Կանչես, բերեց ժողովի,

Թե ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն։

Եկան գյուղի ջոջերը,

Երկար, բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին.

– Լսե՛ք, մկներ ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես միա նտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ,

Պակսեց ուժը իմ ոտի,

Պետք է մեռնեմ անոթի,

Սովն է չոքել դռանը

Ա՜խ մռռանը, մռռանը,

Վեր է ընկել մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ։

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու է զուր տեղը.

Ցավն էլ ունի իր դեղը։

Այ, բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը՝ զնգոց։

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի։

Է՜, զանգը ո՞վ կախ անի.

– Ալո, դու։

– Ալոն տանի՞։

– Բալո դու։

– Բալոն կախե՞։

– Չալո, դու։

– Չալոն կաղ է։

– Մստո, դու։

– Մստոն կարճ է։

– Փստո, դու։

– Էդ էլ խի՞ղճ է։

– Համբո, դու։

– Ես տկար եմ։

– Չամբո դու։

– Ասենք, տարա,

Բա որ կատուն գա ինձ վրա՞։

– Բտոն, Խտոն թող մեկից

Բռնեն կատվի քամակից։

– Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Լավ է՝ դու տար էդ զանգը,

Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ Ֆստան,-

Ճստաց Բտոն ճստճստան։

– Լռի՛, հանդուգն,

Կոտորվե՛ք դուք,

Վախկոդներիդ ես թաղեմ,

Ճառ ասե՞մ, թե զանգ կախեմ,-

Գոչեց ջոջը,

Քաշեց պոչը։