Սիլվա Կապուտիկյանի մանկական բանաստեղծությունները

բանաստեղծություններ

 ԽՆՁՈՐԸ

 

Մայրի՛կ, նայի՛ր, ես այսօր

Նկարել եմ մի խնձոր,

Ներկել կարմիր ու դեղին,

Երկու տերև էլ ծայրին։

Խնձոր, խնձոր,

Մեղրածոր,

Բայց, մայրի՛կ ջան, չեմ տա քեզ.

Դեռ ճաշդ կեր, հետո նոր

Կտամ խնձորը ուտես…

ՄՈՒԿԸ

 

Սա մի մուկ է մոխրագույն,

Նստել նայում է թաքուն,

Հսկում բոլոր տեղերը,

Թափ է տալիս բեղերը։

Բայց, այ՛ ճստիկ, իմանաս՝

Պիտի խելոք դու մնաս…

Թե որ թաքուն բոլորից

Ուտես մթերքը նորից,

Կնկարեմ քո կողքին

Մի սև կատու ահագին։

 

ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է

 

Այսօր ուրիշ է կարգը,

Ես եմ մաքրել հատակը։

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ արիք,

Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք։

Տեղներումդ քարացե՛ք,

Նորից շարժվել չփորձե՛ք։

Ջուր չխմե՛ք՝ կկաթի։

Հաց-մաց չուտե՛ք՝ կթափվի։

Լուսամուտը չբացե՛ք,

Փոշի կգա, իմացե՛ք։

Ոչ ոք ուժեղ չշնչի,

Թե չէ՝ փայլը կկորչի։

Ինչ է, մաքրել հատակը

Կարծում եք, թե կատա՞կ է…

 

 ԳՆԱՑՔԸ

 

-Տո՜ւ, տո՜ւ, բացե՛ք իմ ճամփան,

Ես գնացքն եմ իսկական.

Ունեմ շատ-շատ անիվներ,

Շոգեքարշ ու վագոններ։

Ռելսեր ունեմ ոտքիս տակ,

Գլխիս՝ երկար խողովակ։

Առատ-առատ ծուխ կանեմ,

Ուժեղ սուլոց կհանեմ,

Կնստեցնեմ ձեզ գոգիս,

Ուր որ ուզեք՝ կտանեմ։

 

ԱՐՋՈՒԿ

 

-Արջուկ, արջուկ, ի՛մ բրդոտ,

Ի՞նչ ես կանգնել այդպես մոտ.

Կուզե՞ս ներկերս բերեմ,

Քեզ էլ այստեղ նկարեմ։

Բայց մոռացա՞ր, այ կեղտոտ,

Որ հենց այսօր առավոտ

Չլսեցիր մայրիկին՝

Չլողացար մի կարգին…

Լա՜վ, արջուկ ջան, մի՛ տխրիր,

Ի՞նչ ես այդպես շվարել,

Դե շուտ գնա, մաքրվիր, 

Արի՝ քեզ էլ նկարեմ…