Sidebar

Մայրիկի ինը խրատը․ բանաստեղծություն

Մայրիկն ունի ինը խրատ,
Արմիկին է տալիս միշտ.
Գիտեմ, ձեզ էլ դուր կգան շատ,
Հարկավոր են բոլորիդ:

1
Հիշի՛ր, Արմիկ, երբ արթնանաս,
Լվա ձեռքեր ու երես,
Մաքուր դեմքով ուր էլ գնաս,
«Լավ աղջիկ է», կասեն քեզ:

2
Կոճակներդ մի՛ կրծոտիր,
Պահիր զգեստդ մաքուր,
Քայլիր զգույշ և ուշադիր,
Երբ տեսնես ցեխ է բակում:

3
Խելոք մնա հյուրերի մոտ,
Սենյակում մի՛ վազվզիր,
Եվ մի՛ լինի շատ ամաչկոտ,
Ո՛չ էլ մեծ-մեծ դու խոսիր:

4
Ընկերներիդ հետ միշտ խաղա,
Եթե խնդրեն ձի, գնդակ,
Մի՛ ասա թե՝ «Իմն է, չեմ տա»,
Չէ՞ որ տխուր է մենակ:

5
Հայրիկը շատ կուրախանա,
Երբ դու ամեն առավոտ
Ծաղիկներին մեկ-մեկ ջուր տաս,
Որ միշտ նայեն ծիծաղկոտ:

6
Ինչ որ տեսնես, փոքրիկ Արմի՛կ,
Իսկույն դու մի՛ վերցրու.
«Կարելի՞ է ուտել, մայրի՛կ»,-
Ամոթ բան չի՛, հարցրո՛ւ:

7
Ծիտիկները երբ իջնեն բակ,
Քարով նրանց մի՛ քշիր,
Տուր նրանց կուտ, հացի փշրանք.
Այս խրատն էլ լավ հիշիր:

8
Մայրիկը երբ դուրս գա տնից,
Լաց մի՛ լինիր, ամոթ է,
Թե չէ ով որ լսի, կասի.
«Այս լալկանը ծանոթ է»:

9
Եղիր ազնիվ ու ճշտապահ,
Ու երբեք սուտ մի խոսիր,
Սուտ խոսողի լեզուն կարճ է,
Լավ իմացիր այդ մասին:

Խրատներն այս չմոռանաս,
Կկատարես ամեն օր,
Դպրոց գնաս, ինչ էլ դառնաս,
Կյանքում շատ են հարկավոր:

 

Հեղինակ՝ Ս․ Մուրադյան