Երգ հայրենիքի մասին․բանաստեղծություն

բանաստեղծություններ

Հայրենիքից անուշ ու թանկ

Ուրիշ ի՞նչ կա երկնքի տակ:

 

Այնտեղ ես դու աչքդ բացել,

Հասակ առել, փարթամացել,

Այնտեղ է քեզ մայրդ անքուն,

Սեր ու մուրազ պահած հոգում`

Օրոր ասել գիշերն ի բուն:

Հայրենիքն է պարգևել քեզ

Դաշտ ու լեռներ արևակեզ,

Ծառ ու ծաղկունք սիրունատես,

Ջուր ու ջրվեժ բազմահանդես:

Ու նա է քեզ

Սիրող մոր պես

Պահել, փայել

Ու փայփայել,

Իր արևը գլխիդ վառել,

Իր աստղերը ճակտիդ շարել,

Գարուն փռել ոտքերիդ տակ,

Ամառ բերել մեղրավանդակ,

Նուռ ու խաղող, հաց ու գինի,

Նա՜ է, երկի՛րն իմ հայրենի,

Ջուրը` անուշ,

Հողը` անուշ,

Կարմիր արև,

Շողը` անուշ,

Արտերը` ծով,

Դաշտերը` զով,

Լեռները` վեր,

Արծիվը` տեր:

 

Հայրենիքից անուշ ու թանկ

Ուրիշ ի՞նչ կա երկնքի տակ…

 

 

 

 

Սիլվա Կապուտիկյան

(բանաստեղծությունը վերցվել է «Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան» ֆեյսբուքյան էջից)