Մորս համար գազել․բանաստեղծություն

բանաստեղծություններ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,

Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

 

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,

Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-

Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե՞ մեռած,

Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց -

Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին

Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ

Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին․․․

 

 

Եղիշե Չարենց