Մասրենի․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Կախվել է ժայռը անդունդի վրա

Եվ դարեր այդպես կախված է մնում,

Ջրերի մեջ են ոտքերը նրա,

Իսկ գլխին հոգնած ամպերն են քնում:

 

Կախվել է ժայռը, կորընթաց իջել,

Ժամանակների ջանքերով անմեկին,

Երկնքի և խոր անդունդի միջև

Դարձել քարեղեն ուրույն մի երկինք:

 

Եվ այդ քարեղեն երկնքի միջից

Մասրի մի թուփ է գլխիվայր բուսել,

Որ դալարել է երկնքի շնչից,

Բայց ոչ մի անգամ երկինք չի տեսել:

 

Երկինք չի տեսել թուփն այդ հիրավի,

Երկինքն էլ երբեք չի տեսել նրան,

Միայն գետի մեջ բեկված արևի

Գունատ ցոլքերն են դողացել վրան:

 

Ցուրտ քամիներն են ոստերը քրքրել,

Հողմերն են ծեծել բոլոր կողմերից,

Բայց նա ժեռ քարից սնունդ է առել

Եվ ջուր է առել խոնավ հողմերից:

 

Չի զիջել նա իր արմատը վերջին

Արհավիրքների զարկին անխնա,

Ճոճվել է անգամ ճնճղուկի շնչից,

Բայց հողմի շնչին դիմացել է նա:

 

Դիմացել է՝ պիրկ պարանի նման

Արմատով կառչած քարե երկնքին,

Շյուղեր է տվել և ամեն գարնան

Քնքշորեն ծաղկել, բուրել է կրկին:

 

Եվ շնչում են դեռ, զվարթ սոսափում,

Գարնանը ծաղկում ոստերը նրա,

Աշնանը կարմիր մասուր են թափում

Անդունդով անցնող կածանի վրա:

 

Կախվել է ժայռը անդունդի վրա․․․

Եվ հավիտյան էլ կախված մնա թող,

Քանի քարեղեն զանգվածը նրա

Մասրենու համար երկինք է ու հող:

 

 

Համո Սահյան