Հայոց լեզուն

բանաստեղծություններ

Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պես միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առաջին կանչն է եղել դյուցազնական մեր նախահոր,
Օրորոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր Նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տվել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին,

Կը կորչեինք, եթե ճամփին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպես հեղեղն ավազի մեջ,
Բայց նոր դարի ծովին հասավ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետությունն աշխարհաշեն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դեպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնության դեմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգա  արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն:

Նաիրի Զարյան