Sidebar

Փոքրիկի մտածողությունը զարգացնող տնային խաղեր

Երեխայի մտածողությունը զարգացնելու համար կարևոր է, որ երեխան կարողանա պատասխանել «Ինչո՞ւ», «Ի՞նչ կլինի, եթե…», «Ինչպե՞ս» և նման այլ հարցերի:

Ստորև կներկայացնենք երեխայի միտքը զարգացնելուն ուղղված մի քանի հարցեր, որոնց օրինակով ծնողները կկարողանան առաջադրանք-խաղեր կազմակերպել երեխայի համար և նպաստել տրամաբանության և մտածողության զարգացմանը: Հարցերը նախատեսված են 3-6 տարեկան երեխաների համար:

  1. Սեղանի վրա թափանցիկ տարայով ջուր է դրված: Դուք վերցնում եք լուցկու հատիկը և հարցնում. «Ի՞նչ կլինի, եթե այն ջրի մեջ գցենք, լուցկին կսուզվի՞ ջրի մեջ, թե՞ կլողա ջրի երեսին»: Անկախ երեխայի պատասխանից լուցկու հատիկը ջրի մեջ գցեք, որպեսզի երեխան տեսնի, որ այն կմնա ջրի երեսին: Ապա նույն փորձը կատարեք, օրինակ, հաստ ասեղով: Ասեղը, բնականաբար, կսուզվի: Հարցրեք երեխային, թե ինչու: Երեխան դժվար թե կարողանա ճիշտ պատասխանել Ձեր հարցին: Սակայն այս փորձը և Ձեր բացատրությունը կօգնեն երեխային հասկանալ, որ չնայած չափսերին, լուցկու հատիկը փայտից է և ավելի թեթև, ուստի մնաց ջրի երեսին, իսկ ասեղը սուզվեց, քանի որ ծանր է:
  2. Ձեր ձեռքում բռնեք մեկ փայտից գնդիկ և ռետինե գնդակ: Երեխային հարցրեք. «Եթե գնդակները գետնին գցենք, ո՞րն օդում կթռվռա: Ինչո՞ւ է ռետինե գնդակը թռվռում օդում»:
  3. Ցույց տվեք երեխային խորանարդիկ և գնդիկ: «Եթե փորձեմ սրանք գլորել, ո՞րը կգլորվի, ո՞րը ոչ: Ինչու՞ գնդիկը գլորվեց, իսկ խորանարդիկը` ոչ»:
  4. Ցույց տվեք երեխային մեծ և փոքր խորանարդիկներ կամ տարբեր մեծության նույն առարկաներ և հարցրեք. «Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ավելի մեծ, ինչո՞ւ»:
  5. Երեխայի առջև մեկ բաժակ ջուր դրեք, դրա մեջ գցեք շաքարի կտոր և խառնեք: Ապա հարցրեք. «Ի՞նչ եղավ շաքարը, անհետացա՞վ բաժակից, թե՞ դեռ բաժակում է»:
  6. Ցույց տվեք տարբեր եղանակներին համապատասխան հագուստ հագած մարդկանց նկարներ և հարցրեք. «Ինչո՞ւ այս նկարում մարդիկ տաք շորեր են հագել, իսկ մյուսում՝ բարակ, կիսաթև շորեր»:
  7. Էլի երկու տարբեր եղանակներ պատկերող նկար ցույց տվեք և հարցրեք դրանց տարբերության մասին, օրինակ՝ «Ինչո՞ւ այս նկարում ծառերի տերևները կանաչ են, իսկ մյուսում` դեղին»:

 

Վենգեր Լ. Ա.-ի «Տնային դպրոց» գրքից