Հայրական խրատը

հեքիաթ

Մի մարդ է լինում: Ունենում է երեք որդի: Մահից առաջ նա կանչում է իր որդիներին ու ասում:  
-Ես մեռնում եմ, ասեք տեսնեմ, ինչ ժառանգություն թողնեմ ձեզ՝ հարստությո՞ւն, թե՞ հայրական խրատ: 
Ավագ որդիները հարստությունն են ուզում, իսկ փոքրը՝ հայրական խրատը:

Ահա թե որն էր հոր խրատը՝ «Ցանկությունդ կիրականանա, եթե լինես ազնիվ ու շիտակ»:

Մի մարդ է լինում: Ունենում է երեք որդի: Մահից առաջ նա կանչում է իր որդիներին ու ասում:  
-Ես մեռնում եմ, ասեք տեսնեմ, ինչ ժառանգություն թողնեմ ձեզ՝ հարստությո՞ւն, թե՞ հայրական խրատ: 
Ավագ որդիները հարստությունն են ուզում, իսկ փոքրը՝ հայրական խրատը:

Ահա թե որն էր հոր խրատը՝ «Ցանկությունդ կիրականանա, եթե լինես ազնիվ ու շիտակ»:

Հոր մահից հետո, փոքր տղան, որ ոչինչ չուներ, ապրում է ավագ եղբայրների տանը ու դառնում է նրանց տան ծառայողը: Տունն է մաքրում, ջուր կրում, գառներին արածեցնում: Եղբայրները տիրանում են հոր հարստությանը, իսկ փոքր եղբորը ոչինչ չեն տալիս: Տղան ապրում է ազնիվ ու շիտակ: Նա ընդունում է իր հոր խրատը: Դրա համար էլ գիտեր, որ մի օր կկատարվի իր ցանկությունը: Մի անգամ տղան երազ է տեսնում: Երազում հայրը մի գեղեցիկ ձի է նվիրում նրան՝ ոսկե թամբով ու ոսկե մտրակով: Առավոտյան տղան գնում է ջուր բերելու, մեկ էլ տեսնում է մի գեղեցիկ ճերմակ ձի է կանգնած՝ ոսկե թամբով, ոսկե մտրակով: Տղան նայում է ձիուն ու չի հավատում իր աչքերին: Նա անմիջապես ձիուն թաքցնում է, որ եղբայրները չիմանան դրա մասին: Իսկ ինքը գնում է գառներին արածեցնելու: Օրեր են անցնում: Տղան խնամում ու կերակրում է իր ձիուն:

Այդ երկրի թագավորը մի աղջիկ ուներ: Գալիս է նրա ամուսնության ժամանակը: Թագավորը որոշում է իր աղջկան ամուսնացնել այն երիտասարդի հետ, ով իր ձիով կբարձրանա ամրոցի ամենադժվար ու բարձր աստիճաններով: Շուտով թագավորի դղյակի մոտ են հավաքվում բոլոր երիտասարդ ձիավորները: Նրանցից ամեն մեկն ուզում է առաջինը բարձրանալ դժվար աստիճաններով, բայց նրանց ձիերը չեն դիմանում ու ձիավորները ստիպված ցած են իջնում բարձունքից:

Հրապարակ է գալիս նաև մեր պատմության հերոսը: Բայց գիտեք ի՞նչ է անում նա: Նա ծածկում է դեմքը մի դիմակով, որ չար եղբայրները չճանաչեն իրեն, նստում է ոսկե թամբով ձին, ոսկե մտրակով հարվածում է ձիուն: Հավաքվածները ապշահար հետևում են ձիու ընթացքին ու հիանում են, թե որքան գեղեցիկ են թե ձիավորը և թե նրա նժույգը: Իսկ երբ ձին հասնում է ամենավերին աստիճանին, թագավորը իր աղջկա ձեռքը բռնած դուրս է գալիս դղյակից ու դիմավորում է քաջ երիտասարդին:

Տղան ու թագավորի աղջիկն ամուսնանում են: Տարիներ են անցնում: Փոքր եղբայրը, որ արդեն թագավոր էր դարձել, իր կնոջ ու երեխաների հետ ապրում է խաղաղ ու երջանիկ: Փոքր եղբայրը միշտ հիշում է իր հոր խրատը և նույնն է խրատում նաև իր փոքրիկ բալիկներին՝ լինել ազնիվ ու շիտակ: