Ինչու՞ պետք է սովորել տառերը. հեքիաթ ուժեղ Առյուծի, արագընթաց Այծի, խելացի Արծվի ու ճարպիկ Կապիկի մասին

հեքիաթ

Լինում է, չի լինում, մի կղզի է լինում, որտեղ հաշտ ու համերաշխ ապրում են բոլոր կենդանիները՝ ուժեղ Առյուծը, արագընթաց Այծը, խելացի Արծիվն ու  ճարպիկ Կապիկը: Նրանք ապրում էին մի ընտանիքի պես, օգնում էին միմյանց, միասին կերակուր էին պատրաստում, խաղում էին, գիրք էին կարդում, սովորում, թե ինչպես է հնարավոր կրակ վառել, նավակ պատրաստել եւ տուն կառուցել:

Լինում է, չի լինում, մի կղզի է լինում, որտեղ հաշտ ու համերաշխ ապրում են բոլոր կենդանիները՝ ուժեղ Առյուծը, արագընթաց Այծը, խելացի Արծիվն ու  ճարպիկ Կապիկը: Նրանք ապրում էին մի ընտանիքի պես, օգնում էին միմյանց, միասին կերակուր էին պատրաստում, խաղում էին, գիրք էին կարդում, սովորում, թե ինչպես է հնարավոր կրակ վառել, նավակ պատրաստել եւ տուն կառուցել:

Գիրքը կենդանիներին նվիրել էր հարեւան կղզու տարեց բնակիչը՝ Գիտունիկ Փիղը, երբ եկել էր նրանց այցի ու տեսել, որ ձմռան ցրտին կենդանիները մրսում են եւ չեն կարողանում կրակ վառել: Նրանցից ամենախելացին՝ Արծիվը, որը սովորել էր տառերը եւ կարդալ գիտեր, ընթերցել էր Ամենագետի գիրքն ու սովորել, որ քարերն իրար շփելով՝ կկարողանան կայծ ստանալ եւ այդ կայծով վառել փայտերն ու տաքանալ: Ամենագետի գիրքը նրանց սովորեցրել էր նաեւ, թե ինչպես է հնարավոր նավակ պատրաստել եւ  ոչ թե լող տալով ճանապարհորդել, այլ նավակով: Մինչեւ Գիտունիկ Փղի այցը նրանք շատ էին փորձել նավակ պատրաստել, բայց երբեք չէր հաջողվել ջրի վրա պահել. նավակը միշտ խորտակվում էր, քանի որ ոչ թե փայտից էր, այլ քարից: Կենդանիները չգիտեին, որ նավակը պետք է պատրաստել փայտից, որպեսզի մնա ջրի վրա: Այո, փայտը չի սուզվում, իսկ ահա քարը սուզվում է: Ամենագետի գիրքը նրանց սովորեցրել էր նաեւ  հագուստ գործել. երբ այծի մազերը երկարում էր, Առյուծը կտրում էր, Արծիվը դարձնում էր թել, Կապիկն էլ ճարպիկ մատներով սուրծայր փայտերով գուլպա էր գործում: Արծիվը գրքում կարդացել էր, որ բարակ ու ձիգ ճյուղերը պետք է մաքրել կեղեւից, սրել ծայրն ու դարձնել շյուղեր եւ դրանցով հագուստ գործել:

Ամենագետի գիրքը նրանց շտապ օգնությունն էր. երբ մի բան չէր ստացվում, Արծիվն արագ բացում էր գիրքը, կարդում, եւ բոլոր խնդիրները լուծվում էին:

Մի օր առավոտյան Արծիվն արթնանում է եւ տեղեկացնում ընկերներին, որ պետք է գնա Գիտունիկ Փղիկին տեսակցելու եւ  նոր գիրք բերելու:

Անցնում են ժամերը, մութն ընկնում է, սակայն Արծիվը չի վերադառնում: Ընկերները սկսում են անհանգստանալ, ինչ ասես, որ չեն մտածում: Մեկ էլ նկատում են, որ երկնքով ճախրում է Սեւուկ Անգղը:  Արագ վազում են դեպի թռչունը եւ բղավում.

-Անգղ եղբայր, մեր Արծվին չե՞ս տեսել:

-Ո~չ,  ընկերներ, բայց եթե նա գնացել է կողքի կղզի, ապա դժվար թե այսօր վերադառնա. այնտեղ սաստիկ փոթորիկ է,-պատասխանում է Անգղը:

Արծվի ընկերները վերջապես հասկանում են, թե ինչու է Արծիվը ուշանում: Քիչ անց կղզի է գալիս Աղավնին ու տեղեկացնում, որ Արծիվն ապահով ձեռքերում է, փոթորիկն ավարտվել է, բայց նա շատ հոգնած է, օդում ժամեր շարունակ պայքարել է փոթորիկը ճեղքելու համար, դրա համար այլեւս ուժ չունի թռչելու, տուն կվերադառնա հաջորդ առավոտյան:

Ընկերները խորը շունչ են քաշում եւ որոշում պառկել քնելու:

Երբ արդեն բոլորը պառկած էին իրենց տաքուկ անկողիններում, լսվում է Առյուծի մռնչյունը:

-Ի՞նչ  է պատահել, Առյուծ եղբայր, ինչու՞ ես ոռնում,-հարցնում են ընկերները:

-Ատամս է ցավում, եղբայրներ, մի ճար արեք,-պատասխանում է Առյուծը:

Ընկերները վեր են կենում անկողնուց ու ժողով անում՝ որոշելու, թե ինչ պետք է ձեռնարկեն, որպեսզի մեղմեն Առյուծի ատամի ցավը: Այդ պահին Այծը հիշում է, որ Ամենագետի գրքում կա մի էջ, որտեղ նկարագրված է, թե ինչ բույս պետք է օգտագործել ցավի դեպքում: Վազում, բերում է գիրքը եւ ի՞նչ….հասկանում են, որ Արծվից բացի, որեւէ մեկը կարդալ չգիտի: Այդ ժամանակ հասկանում են, որ արժեք չունի ոչ ուժը, ոչ արագաշարժությունը, ոչ էլ ճարպկությունը, եթե չգիտեն գրել ու կարդալ:

Մինչեւ առավոտ Առյուծը լաց է լինում ցավից, եւ ընկերները չեն կարողանում որեւէ բանով օգնել: Եվ ահա երկնակամարում նկատում են Արծվի սլացքը:

-Արծի~վ եղբայր, շուտ հասի~ր, մեր Առյուծը ցավից մռնչում է,-ասում են ընկերները:

-Ի՞նչ է պատահել, եղբայրներ,-հարցնում է կողքի կղզուց վերադարձած Արծիվը:

-Առյուծի ատամն է ցավում,-պատասխանում է Կապիկը:

-Հապա ինչու՞ դեղ չեք տվել, չէ՞որ մեր կղզում բազմաթիվ խոտաբույսեր կան, որոնք անցկացնում են ատամի ցավը,-հարցնում է Արծիվը:

-Արծիվ եղբայր, մոռացե՞լ ես, որ մենք կարդալ չգիտենք,-ասում են ընկերները,-չէինք կարող կարդալ այդ բույսերի անունները:

-Այ տեսնում եք, թե որքան կարեւոր է տառաճանաչ լինելը: Եթե իմ պես տառերը սովորեիք, թույլ չէիք տա, որ ձեր ընկերոջ ատամն այդքան ցավեր,-ասում է Արծիվը:

Կղզու բնակիչներն ամոթից կախում են գլուխները եւ որոշում առանց ժամանակ կորցնելու նստել ու տառերը սովորել: Արծիվը սիրով սովորեցնում է նրանց գրել ու կարդալ: Այդ օրվանից կղզու բոլոր բնակիչները դառնում են տառաճանաչ, եւ այլեւս երբեք որեւէ մեկը ցավից լաց չի լինում, քանի որ բոլորը գիտեին գրել ու կարդալ եւ հարկ եղած դեպքում ընթերցում էին Ամենագետի գիրքը եւ բուժում իրենց ընկերոջը: