Կապիկն ու կրիան. հայկական ժողովրդական հեքիաթ

հեքիաթ

Լինում է, չի լինում` մի կապիկ է լինում: Ապրում է ծովափին՝ թզի ծառի վրա:

Ժամանակ առ ժամանակ ծովից մի կրիա է գալիս, պառկում է թզի ծառի տակ, հանգստանում: Կապիկը մեկ-մեկ ծառից թուզ է գցում ցած, կրիան ուտում է: Այդպես ընկերանում են:

 

Կապիկը կրիային միշտ հյուրասիրում է համեղ թզով:

Մի անգամ կրիան ասում է կապիկին.

- Ես մեր թագավորին պատմեցի քո մասին, որ դու ինձ կերակրում ես թզով: Նա ինձ ուղարկել է, որ քեզ տանեմ իր մոտ: Մեր թագավորը կամենում է քեզ վարձատրել քո բարության համար: Արի, տանեմ թագավորի մոտ, նրա նվերը քեզ դուր կգա:

Կապիկն ուրախանում է, իջնում է ծառից, նստում կրիայի մեջքին, կրիան ծովն է մտնում:

Լողում է, լողում, հասնում է ծովի մեջտեղը, ասում է կապիկին.

- Քանի որ դու ինձ այսքան տարի լավություն ես արել, կերակրել, ես քեզ չեմ ուզում խաբել: Գիտե՞ս, իրականում ինչ պատճառով եմ քեզ տանում մեր թագավորի մոտ:

- Դու ասացիր, որ թագավորն ուզում է ինձ նվեր տալ,-ասում է կապիկը:

- Ես այդպես ասացի, որ դու ոչինչ չկասկածես: Իրականում մեր թագավորի որդին ծանր հիվանդ է: Բժիշկները նրան չեն կարողանում բուժել: Նրանք ասել են, որ թագավորի որդին պետք է կապիկի ուղեղ ուտի, որպեսզի առողջանա: Ես թագավորին պատմել էի քո մասին: Եվ նա ինձ հրամայեց քեզ իր մոտ տանել: Ներիր, բայց ես ուրիշ ճար չունեմ: Եթե քեզ չտանեմ, թագավորը կհրամայի ինձ սպանել:

- Քո տունը շինվի, - ասում է կապիկը, ինչու՞ շուտ չէիր ասում, որ իմ ուղեղն է պետք: Ես էլ ուղեղը կախ եմ տալիս ծառի ճյուղին, որովհետև թուզ քաղելիս խանգարում է: Դե ետ դարձիր, գնանք ուղեղս վերցնենք, թե չէ թագավորը կհրամայի քեզ սպանել, որ ինձ առանց ուղեղի ես տանում:

- Ուղեղդ մոռացել ես ծառի ճյուղի՞ն, - զարմանում է կրիան: - Այ քեզ անհաջողություն: Լավ է, գոնե շուտ ասացիր:

Կրիան ետ է դառնում, կապիկին տանում է ծովափ: Կապիկը բարձրանում է թզի ծառն ու այլևս չի իջնում: Կրիան սպասում, սպասում է, տեսնում է` կապիկը չկա, ասում է.

- Ու՞ր կորար, դե արի, ուշացանք, ուղեղդ վերցրու, ժամանակ չկա, գնանք:

- Սպասիր,-ասում է կապիկը,- դեռ երկար պիտի սպասես: Թե ես մի անգամ էլ քեզ թզով հյուրասիրեմ, նստեմ քո մեջքին, որ դու ինձ ծովը տանես, աշխարհի ամենավերջին հիմարը կլինեմ: