«Արևիկը, Լուսիկն ու Աստղիկը»

հեքիաթ

Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը քույրիկներ են: Նրանք երբ շատ փոքրիկ էին, ուրիշ անուններ ունեին: Ես մոռացել եմ այդ անունները: Իսկ թե ինչո՞ւ փոխվեցին նրանց անունները, հիմա կիմանաք: Մի անգամ քույրիկները գնացին անտառ՝ մորի հավաքելու: Թփերի տակից կարմիր ու համեղ մորի էին քաղում նրանք, շարում երկար ծղերի մեջ, մեկ էլ ամպերը կուտակվեցին, երկինքը որոտաց:

 

Քույրիկները վախեցած երգեցին.

Մենք քաղում ենք մորի,

Զամբյուղները լցնում,

Անձրև՛, անձրև՛, շուտ կորի,

Ինչո՞ւ ես մեզ վախեցնում:

Այդ պահին թփերի տակից դուրս եկավ մի նապաստակ ու ասաց.

-Աղջիկներ, մի վախեցեք,

Ծառերի տակ մնացեք,

Հենց որ կտրի անձրևը,

Դուրս կգա ջերմ արևը:

Քույրիկները սրտապնդվեցին, մտան մի լայնատերև ծառի տակ: Սակայն անձրևը վարար էր ու նրանց լավ թրջեց:

-Հիմա ո՞ւր գնանք այսպես թրջված շորերով:

Նապաստակը նորից քաջալերեց նրանց.

-Ճիշտ է, թրջվել եք դուք շատ,

Բայց կհանեմ ձեզ բացատ.

Կչորանաք բացատում՝

Ճամփա կընկնեք դեպի տուն:

Նապաստակը թռչկոտելով նրանց առաջնորդեց մինչև բացատ: Այնտեղ տաք էր, արևոտ: Արևն անմիջապես չորացրեց նրանց շորերը: Իսկ քույրիկներն այնքան սիրեցին արևին, որ իբրև երախտագիտության նշան՝ ավագ քրոջը անվանեցին Արևիկ: Նապաստակին էլ դուր եկավ այդ անունը ու բաժանվելիս երգով ասաց.

Շնորհավոր թող լինի

Քո անունը՝ Արևիկ,

Դե գնացի ես անտառ՝

Ուտեմ կեղև, տերևիկ:

Քույրերը բացատում մի քիչ էլ դես ու դեն ընկան, մորի հավաքեցին, մինչև որ տեսան մութն ընկել է: Դուրս եկան բացատից, բայց խիտ ծառերի մեջ գյուղ տանող ճանապարհը կորցրին:

-Հիմա ո՞ւր գնանք,-ասացին կամաց:

Մեկ էլ նրանցից մեկը բարձրաձայն կանչեց.

- Հե՛յ, ո՞վ կա այստեղ, օգնեցե՛ք, ճանապարհը կորցրել ենք:

Ես ծաղկապոչ Աղվեսն եմ,

Անտառը իմ պարտեզն է,

Գիտեմ ամեն արահետ,

Բլուր, կածան, ձոր ու գետ,

Ձեզ անտառից կհանեմ,

Գյուղի ճամփա կտանեմ,

Լուսի՛ն, լուսի՛ն, դուրս արի,

Որ մենք դուրս գանք անտառից:

Երկնքում երևաց լուսինը և լուսավորեց անտառը: Աղվեսը սպիտակ պոչը քարշ տալով ընկավ առաջ:

Աղվեսը տարավ, տարավ հանեց մի լայն ճանապարհ, դա հենց գյուղ տանող ճանապարհն էր: Քույրիկներն ուրախացան ու միջնեկ քրոջ անունը դրեցին Լուսիկ: Աղվեսն էլ բաժանեց նրանց ուրախությունը:

Շնորհավոր թող լինի

Քո նոր անունը՝ Լուսիկ,

Դե գնացի, միշտ հիշեք

Ձեր բարեկամ աղվեսին:

Աղվեսը նորից վերադարձավ անտառ, իսկ քույրիկները շարունակեցին ճանապարհը: Բայց ա՜յ քեզ անհաջողություն. լուսնի դեմքը պատեցին ամպերը ու ճանապարհը մթնեց:

Քույրիկները վախից սսկվեցին: Նրանցից մեկը թույլ ասաց.

-Հե՛յ, ո՞վ կա այստեղ մոտիկ:

-Ես…ես, ի՞նչ կա:

-Դու ո՞վ ես:

-Բրդոտ արջուկն եմ, չե՞ք ճանաչում:

-Վա՛յ, մայրիկ, ջան,-ճչաց փոքրիկ քույրիկը:

-Մի վախեցեք, ես ոչինչ չեմ անի,-ասաց Արջուկը,-հիմա ես ձեզ կօգնեմ:

-Ես արջուկ եմ մի բրդոտ,

Ես անվախ եմ ու սրտոտ,

Մեղր ու փեթակ հիշելով՝

Ման եմ գալիս գիշերով.

Սակայն շատ եմ ես բարի,

Աստղի՛կ, Աստղի՛կ դուրս արի:

Հենց որ արջուկը երգն ավարտեց, երկնքում փայլեցին աստղիկներն ու լուսավորեցին ճանապարհը: Քույրիկները քայլեցին Արջուկի առաջնորդությամբ մինչև գյուղի ծայրը:

-Դե այստեղից արդեն դուք կարող եք գնալ. իմ բաժանվելու ժամանակն է,- ասաց Արջուկը:

-Ախ, սիրելի արջուկ, այնպե՛ս երախտապարտ ենք քեզ:

-Ինչո՞ւ ինձ, ա՛յ, նայեք երկնքին, աստղիկներից շնորհակալ եղեք:

-Ա՛, բոլորովին մոռացել էինք, մեր կրտսեր քույրիկի անունն էլ կդնենք Աստղիկ ու միշտ կհիշենք աստղիկներին:

-Դե ինձ մնում է շնորհավորել,- ասաց Արջուկը:

Շնորհավոր թող լինի

Աստղիկ անունը սիրուն.

Քեզ քաջի սիրտ պարգևի՝

Չվախենաս անտառում:

Արջուկը վերադարձավ անտառ, իսկ Արևիկը, Լուսիկն ու Աստղիկը ուրախ-ուրախ մտան գյուղ: Երբ հասան տուն, մայրիկը մեկ-մեկ գրկեց նրանց ու համբուրեց: Եվ երբ իմացավ այս ամբողջ պատմությունը, ցանկություն հայտնեց անպայման մի շնորհակալական նամակ ուղարկել Նապաստակին, Աղվեսին ու Արջուկին: Քույրիկները կատարեցին մայրիկի ցանկությունը, նամակ գրեցին ու անտառապահի հետ ուղարկեցին անտառ: Անտառապահը հավաքեց բոլոր կենդանիներին ու բարձրաձայն կարդաց այդ նամակը.

Ողջո՛ւյն, բարի Նապաստակ,

Եվ ձեզ՝ Արջուկ, Աղվեսիկ,

Ձեզ կհիշենք շարունակ…

Արև, Աստղիկ ու Լուսիկ:

 

 

Սուրեն Մուրադյան