«Նրանք մեզ համար, մենք էլ՝ ուրիշի». ժամանակակից հեքիաթ

հեքիաթ

Մի անգամ երեք երեխա ճանապարհին խաղալով գնում էին:  Ճանապարհի եզրերին տանձի ու խնձորի ծառեր կային՝ մրգերով ծանրաբեռնված: Երեխաները բարձրանում են ծառերը, տանձ ու  խնձոր քաղում, ուտում, գրպաններն ու ծոցերը լցնում, իջնելիս էլ ճյուղերը ջարդում, թափում  գետնին: Մեր ծառը չի, անտեր-անտիրական է՝ասում են ու վազելով շարունակում իրենց  ճանապարհը:

Մի քիչ որ անցնում են, մի անծանոթ ծերունի է պատահում: Ծերունին, ձեռնափայտին հենվելով,  դիմում է երեխաներին:

- Այ որդիք, շատ եմ ծարավել, բերանս չորացել է, գուցե ջուր կունենաք կամ աղբյուրի տեղը ցույց  կտաք:

Երեխաներից մեկն ասում է.

-Նստիր հանգստացիր, պապիկ:

Գրպանից մի կարմիր խնձոր է  հանում, տալիս ծերունուն՝ ասելով.

-Կեր, պապիկ, ծարավդ կանցնի:

Ծերունին խնձորն ուտում է ու ասում.

-Օրհնվի հիշատակդ,  այ  խնձորի ծառ տնկող:

Հետո  մատներով գետինը փորփրում է, թափված խնձորի կորիզները հողի տակ ծածկում:

Երեխաները հարցնում են՝ պապիկ, ի՞նչ ես անում:

Ծերունին պատասխանում է.

-Որդիք ջան, ձեր տված խնձորը կերա, ծարավս անցավ, ծառ  տնկողին էլ հիշեցի ու օրհնեցի: Հիմա էլ էս կորիզը ցանեմ, որ խնձորի ծառ դառնա, մի ծարաված  մարդ էլ կգա, խնձոր կքաղի, կուտի ու ինձ կհիշի:

Երեխաներից մեկը, թե.

-Պապիկ, ինչքա՞ն պիտի ապրես, որ ցանած սերմը ծառ դառնա ու դու  տեսնես:

- Որդիս,-հանգիստ ու սիրալիր պատասխանում է ծերունին,-ծառ ու տունկը բարիք է, պետք է  աճեցնել, բազմացնել, խնամել ու պահպանել. տես՝ ուրիշները ծառ են տնկել, մենք միրգը վայելում  ենք, մենք էլ տնկենք, որ ուրիշներն օգտվեն: