Մրգասեր Մատնաչափիկի հեքիաթը

հեքիաթ

Մատնաչափիկը միրգ շատ էր սիրում: Մայրիկը միրգ էր բերում շուկայից, դնում սառնարանը: Երեկոյան բացում էր սառնարանը ու զարմանում.

 

 

- Այս ո՞վ է կերել այսքան խնձորը: Մատնաչափիկ, չե՞ս տեսել:

 

- Չեմ տեսել, ես տիկնիկիս հետ էի խաղում, ոչինչ չեմ տեսել:

 

Հայրիկը մի մեծ ձմերուկ գնեց շուկայից ու տուն բերեց: Ձմերուկը դրեցին ջրի ծորակի տակ, որ ճաշելուց հետո կտրեն:

 

Մատնաչափիկը պտույտ էր գալիս ձմերուկի շուրջը, մեկ էլ նկատեց դանակի անցքը, որ վաճառողը կտրել էր համտեսի համար:

 

Մատնաչափիկը, որ կարդացել էր «Պույպույ մուկիկը», հիշեց, թե Պույպույը ինչպես մտավ կոկոսի մեջ ու ինքն էլ, նրա հաջողությամբ ոգևորվելով, մտնում է ձմերուկի մեջ:

 

Ուտում է, ուտում ու հոգնած քնում ձմերուկի մեջ:

 

Երբ ճաշը վերջացրին, մայրիկն ասաց.

 

- Հիմա բերեք ձմերուկը: Ո՞ւր է Մատնաչափիկը, նա ձմերուկ շատ է սիրում:

 

Այդ ժամանակ նոր նկատեցին, որ Մատնաչափիկը չկա:

 

- Մատնաչափի՛կ, Մատնաչափի՛կ:

 

Մատնաչափիկը քնած էր ու մայրիկի ձայնը չլսեց:

 

- Լա՛վ, կտրեք ձմերուկը, իսկ Մատնաչափիկի բաժինը կպահենք, երևի խաղալու է գնացել:

 

Բերեցին ձմերուկը: Հայրիկը դանակը վերցրեց, մի քանի անգամ ձմերուկը ձեռքի մեջ խաղացրեց ու այն է ուզում էր կտրել, ձմերուկի միջից մի լացի ձայն լսվեց.

 

- Վա՛յ, մամա ջան, օգնեցե՛ք:

 

- Ո՞վ կա ներսում, - հարցրեց հայրիկը:

 

- Ես եմ, օգնեցե՛ք:

 

 - Ես եմ, ձեր Մատնաչափիկը, չե՞ք ճանաչում, օգնեցե՛ք, չեմ կարողանում դուրս գալ:

 

-Այ մարդ, զգույշ, մեր Մատնաչափիկն է, - անհանգստացավ մայրիկը:

 

Հայրիկը շատ զգուշորեն կտրեց ձմերուկի կեղևը, բացեց: Ձմերուկի միջուկը ամբողջովին կերած էր, միայն մի անկյունում՝ մեջքի վրա մեկնվել էր Մատնաչափիկը: Մատնաչափիկ մի ասա, մի դհոլ ասա:

 

- Ահա, թե ով է միշտ մրգերը ուտում, - ասաց մայրիկը, - իսկ որ ուզես չե՞նք տա, բկլիկ:

 

Մատնաչափիկը ամաչեց ու խոսք տվեց՝ առանց մայրիկին ասելու միրգ չի վերցնի սառնարանից:  Անցավ մի քանի օր, ձմերուկի դեպքն էլ մոռացվեց:

 

Մայրիկը մի օր ասաց.

 

- Մատնաչափիկ, դու տանը խաղա, ես գնում եմ շուկա միրգ բերելու:

 

- Լավ, մայրիկ գնա, - ասաց Մատնաչափիկը:

 

Ասաց, բայց մտքով շուկայում էր: Ի՞նչ աներ. միտք արեց, միտք ու հնարը գտավ: Մայրիկը զամբյուղը դրեց սեղանի վրա ու գնաց աշնանային վերարկուն հագնելու: Մատնաչափիկը գաղտագողի բացեց զամբյուղի կափարիչը, մտավ մեջը և աննկատ կուչ եկավ:

 

Մայրիկը վերարկուն հագավ, զամբյուղը վերցրեց ու գնաց շուկա: Նա գնեց տանձ, խնձոր, խաղող, սալոր, դեղձ, լցրեց զամբյուղի մեջ: Մայրիկը մի կողմից մրգերը գնում - լցնում էր զամբյուղի մեջ, մյուս կողմից՝ Մատնաչափիկն ուտում էր:

 

Մայրիկը գնումները վերջացրեց ու վերադարձավ տուն: Զամբյուղը դրեց ներքև ու մինչ վերարկուն էր հագնում, Մատնաչափիկը դուրս եկավ մրգերի տակից ու արագ գնաց մյուս սենյակ և սկսեց խաղալ տիկնիկի հետ:

 

- Ի՛նչ խելոք բալիկ ունեմ,- ուրախ ասաց մայրիկը: - Հիմա միրգ լվանամ ու բերեմ:

 

Որքան եղավ մայրիկի զարմանքը, երբ տեսավ, որ Մատնաչափիկը հրաժարվեց միրգ ուտելուց:

 

- Մատնաչափիկը միրգ չուտի՞, պատճա՞ռը:

 

- Փորս ցավում է:

 

Մայրիկը այս կողմ ընկավ, այն կողմ ընկավ, վերջը բժիշկ կանչեց:

 

- Աղջիկս ոչինչ չի կերել, բայց փորը ցավում է, օգնի՛ր, բժիշկ ջան, - ասաց մայրիկը:

 

Բժիշկը քննեց, քննեց ու դառնալով Մատնաչափիկին` ասաց.

 

- Ես կարծում եմ, որ շատ ուտելուց է ցավում քո փորը: Եթե չխոստովանես ինչ ես կերել, կարող է սխալ դեղեր գրեմ ու վտանգավոր կլինի: Ազնվորեն խոստովանիր, որպեսզի կարողանամ ճիշտ բուժում նշանակել: Դե, խոստովանիր, ի՞նչ ես կերել:

 

- Երկու խնձոր եմ կերել:

 

- Է՞լ:

 

- Հինգ սալոր:

 

- Ուրի՞շ:

 

- Յոթ տանձ:

 

- Միայն այդքա՞ն:

 

- Երեք սերկևիլ:

 

- Մրգից բացի ուրիշ ոչինչ չե՞ս կերել:

 

- Մեկ վարունգ:

 

- Հետո՞:

 

- Երկու պոմիդոր:

 

- Առանց լվանալո՞ւ:

 

- Այո՛:

 

- Այդ ե՞րբ հասցրիր, - զարմացավ մայրիկը:

 

- Շուկայո՛ւմ, մայրիկ ջան, քեզանից թաքուն: Վա՛յ, օգնեցե՛ք, փո՛րս, օգնեցե՛ք:

 

Մինչ բժիշկը շուռումուռ էր տալիս Մատնաչափիկին ու դեղեր գրում, մայրիկը նոր միայն նկատեց, որ տիկնիկը ընկած է հատակին, արջուկն ու շնիկը բարձրացել են մահճակալի բարձերի վրա, իսկ փիղը կնճիթով շրջել է սեղանը: Այդ բոլորը վկայում են, որ տանը ոչ ոք չի եղել ու խաղալիքները խառնվել են իրար:

 

Մատնաչափիկի փորը հազիվ լավացավ: Մատնաչափիկը այժմ խելոքացել է, նա առանց մայրիկի թույլտվության միրգ չի վերցնում: Չէ՞ որ մայրիկը ոչինչ չի խնայում նրան, որքան որ Մատնաչափիկի սիրտը ուզում է, այնքան միրգ է ուտում:

 

Սուրեն Մուրադյան