«Երկնքի հետ խաղացող Չալիկը». հեքիաթ

հեքիաթ

Սա մի հրաշալի հեքիաթ է մի սովորական շնիկի մասին: Ավելի ճիշտ՝ սա մի սովորական հեքիաթ է մի հրաշալի շնիկի մասին: 

Նրա անունը Չալիկ էր: Չալիկը ծնվել էր իր քույրերի ու եղբայրների հետ: Քույրերն ու եղբայրներն ամբողջովին սև էին: Չալիկն էլ էր սև, բայց ճակատն ու պոչը սպիտակ-սպիտակ էին: 

 

Երբ շնիկները ծնվեցին, մայրիկը հրճվանքով նայեց իր սև ձագուկներին, հետո նայեց Չալիկին ու ասաց. «Այս մեկը ուրիշ է»: 

Շուտով Չալիկը մեծացավ, մեծ տղա դարձավ: Նա ամբողջ օրը վազվզում ու խաղում էր ճիշտ ու ճիշտ մյուս շնիկների պես: 

Բայց մի օր հանկարծ տխրեց Չալիկը: Քիթը գետնին քսելով քայլում էր ու մտածում. «Մայրիկը կարծում է, թե ես ուրիշ եմ: Ինչքա՜ն կտխրի, երբ իմանա, որ ես սովորական շնիկ եմ»: 

Իսկ Չալիկը այնպե՜ս չէր ուզում տխրեցնել մորը: 

Խեղճ շնիկի քունը չէր տանում: Գիշերները պառկում էր, գլուխը դնում թաթին, նայում էր երկնքին ու հոգոց հանում: Ինչ սիրո՜ւն էր գիշերվա երկինքը: Եթե կարողանար բարձրանալ այնտե՜ղ, հասնել աստղերին ու լուսնի՜ն: 

Ու Չալիկը հասկացավ: Ինքը պիտի տիեզերագնաց դառնա: Պիտի բարձրանա երկինք: Մթով ճանապարհ գնալը դժվար է, բայց ի՞նչ արած, աստղերն ու լուսինը գիշերն են դուրս գալիս: Այո՛: Չալիկը պիտի գիշերային տիեզերագնաց դառնա: Ահա՜ թե ինչ գիտեր մայրիկը իր մասին: 

Ու Չալիկը վեր կացավ գետնից, թափ տվեց իրեն, ցցեց սպիտակ պոչը: Պետք էր շտապ ճանապարհ ընկնել: Իսկ ինչպե՞ս հասնել աստղերին ու լուսնին: Շնիկը գիտեր դրա պատասխանը: Երկինք հասնելու համար նախ պետք է գնալ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: 

Ու քայլեց Չալիկը երկինք տանող ճանապարհով: Մայրիկից հեռացավ, բայց ոչինչ: Ինքը հո վախկոտ շուն չէ: Գնաց ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Մեկ էլ… Ա՜յ քեզ զարմանք: Հասավ մի մեծ, սև ու փայլուն բանի: Այդ մեծ, սև ու փայլուն բանի մեջ լուսինն էր ու աստղերը: «Ահա և երկինքը: Ես տեղ հասա»,-մտածեց շնիկը: 

– Բարև՛ ձեզ, աստղեր ու լուսին: Այդ ես էի, որ…: Մի խոսքով, ես Չալիկն եմ: 

Ու շնիկը մեկնեց թաթը՝ լուսնի ու աստղերի հետ ծանոթանալու համար: Երկինքը շարժվեց: Նրա վրա ուրախ օղակներ հայտնվեցին: 

«Երկինքը ծիծաղում է,- մտածեց Չալիկը:- Աստղերը պարում են»: 

Հետո երկինքն անշարժացավ: Չալիկը նորից թաթը մոտեցրեց լուսնին ու երկինքը նորից ծիծաղեց: Աստղերն ու լուսինը նորից պարեցին: Չալիկն էլ ծիծաղեց ու պարեց նրանց հետ: Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում են զգում: 

– Մենք լավ խաղացինք,-ասաց շնիկը,- բայց ես պիտի Երկիր վերադառնամ: Իմ տունն այնտեղ է: Դե՛, բարի գիշեր: 

Ասաց ու երկնքից ուրախ-ուրախ տուն վերադարձավ:

Գիշերային տիեզերագնաց Չալիկը մրսել էր: Տեղավորվեց մայրիկի տաք գրկում ու քնեց: Հաջորդ օրը շնիկն առաջվա պես խաղում ու վազվզում էր: Չէ՞ որ արդեն գիտեր, թե մայրիկն այն ժամանակ ինչու ասաց. «Այս մեկը ուրիշ է»: Դա իրենց գաղտնիքն էր, որ պահել էր պետք: 

Այսպես, Չալիկը ցերեկն անցկացնում էր մյուս շնիկների պես, իսկ գիշերը նույն ճանապարհով բարձրանում էր երկինք, պարում, ծիծաղում էր աստղերի ու լուսնի հետ ու տուն վերադառնում: 

Օրերը գնալով ցրտում էին: Դա լավ չէր, բայց ոչի՜նչ: Երկինք գնալ-գալը Չալիկի համար խաղուպար էր դարձել: 

Մի օր էլ Չալիկը սովորականի պես սպասեց, որ մթնի, և երբ բոլորը քնեցին, քայլեց ծանոթ ճանապարհով: Տեղ հասավ, իսկ երկինքը չկար: Չալիկն անհանգիստ վազվզեց, կլանչեց: Ախր ինքը ճիշտ էր եկել՝ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Ո՞ւր կորավ երկինքը: Էլ ի՞նչ տիեզերագնաց՝ առանց երկնքի: Չալիկը սպասեց, սպասեց, հետո ցրտից դողալով տուն գնաց, մայրիկին գրկեց ու լաց եղավ: 

– Ի՞նչ է եղել, Չալիկս,- հարցրեց մայրիկը: 

Չալիկն այնպե՜ս չէր ուզում, որ մայրիկն իր պատճառով տխրի, բայց քիթը քաշելով պատմեց, թե ինչպես է ինքը տիեզերագնաց դարձել ու թե ինչպես է հանկարծ կորցրել երկինքը: 

– Քնի՛ր, տղա՛ս, առավոտյան կգտնենք: 

Լույսը չբացված՝ Չալիկն ու մայրիկը ճանապարհ ընկան: Չալիկը գնում էր առջևից: Չէ՞ որ երկնքի ճանապարհը ինքը լավ գիտեր: 

– Աստղերն ու լուսինը ցերեկով չեն երևա, մա՛: 

– Ոչի՛նչ, երկինքը հո տեղում կլինի: 

Երբ ուղիղ գնալուց հետո թեքվեցին ձախ, հետո՝ աջ, Չալիկը կանգ առավ: 

– Հասանք,- արցունքը կուլ տվեց շնիկը:- յ, այստեղ էր: Ես ամեն օր խաղում էի երկնքի հետ: 

Մայրիկը նայեց ու ամեն ինչ հասկացավ: 

– Սա լիճ է, Չալի՛կս: Ջուրը սառել է ցրտից: Երբ գարունը գա, սառույցը կհալվի, լճի մեջ նորից կերևա երկինքը ու դու նորից գիշերային տիեզերագնաց կդառնաս: 

– Բայց դա կարող են անել բոլոր շնիկները: Էլ ինչո՞վ եմ ես ուրիշ: Ես սովորական շնիկ եմ: Սպիտակ ճակատով, սպիտակ պոչով սև շնիկ, որը երկրի վրա երկինք է գտել: 

– Ախր սա լի՜ճ է, սովորական լի՜ճ: 

Մայրիկը լպստեց Չալիկի սև դունչը: 

– Բոլոր լճերն էլ սովորական են, քանի դեռ շնիկները նրանց մեջ չեն գտել երկինքը:

 

 

Երազիկ Գրիգորյան