Մկան, թռչնակի և երշիկի մասին (հեքիաթ)

հեքիաթ

Մի անգամ մուկը, թռչնակն ու երշիկը որոշում են միասին ապրել։ Միասին տնտեսություն են ստեղծում ու երկար ժամանակ ապրում են հաշտ ու խաղաղ, լի ու ապահով։ Օր-օրի նրանք հարստանում են։ 

Թռչնակը ամեն օր գնում է անտառից փայտ բերում։ Մուկը ջուր է կրում, կրակ վառում, սեղան պատրաստում, իսկ երշիկը ճաշ է եփում։

Բայց ինչքան լավ ես ապրում, էնքան ավելի լավին ես ձգտում։ Մի անգամ թռչնակը անտառում պատահում է մեկ ուրիշ հավքի և պատմում իր լավ ապրուստի մասին,  պարծենում։ Էս հավքը սկսում է նրան նախատել, թե շատ ես աշխատում, քիչ վաստակում, իսկ էն երկուսը, որ մնում են տանը, իբր շատ ավելի լավ են ապրում։ Օրինակ, հենց մուկը։ Կրակը վառում է, ջուրը բերում, գնում քնում է, հանգստանում մինչև կանչեն` սեղանը բացի։ Իսկ երշիկը կանգնում է կճուճների մոտ, նայում, որ ճաշը լավ եփի, իսկ երբ եփում է, բավական է մի չորս անգամ պտտվի շիլայի կամ բանջարեղենի կճուճի մեջ, արդեն ամեն ինչ պատրաստ է. և յուղն է տեղը, և աղը, կարելի է մատուցել։

 Թռչնակը տուն է գալիս, բեռը մի կողմ գցում։ Սեղան են նստում, իսկ ճաշից հետո պառկում են ու մինչև լույս քնում։ Ինչ կարող ես ասել, փառավոր կյանք է։ Բայց դե թռչնակի սիրտը պղտորել են, հաջորդ օրը նա էլ չի ուզում գնալ, հայտարարում է, թե բավական է ծառայի նման աշխատի նրանց համար ու հիմարի պես ապրի, ժամանակն է դերերը փոխել, հիմա էլ ուրիշ կերպ ապրել։

 Որքան խնդրում են թե մուկը, թե երշիկը, թռչնակը մնում է իր խոսքին։ Ստիպված համաձայնում են։ Վիճակ են հանում. երշիկին բաժին է ընկնում փայտ բերելը, մկանը` եփել-թափելը, իսկ թռչնակին՝ ջուր բերելը։

 Եվ ի՞նչ է դուրս գալիս։

 Երշիկը գնում է փայտի, թռչնակը կրակ է վառում, մկնիկը կճուճը դնում է կրակին ու սկսում սպասել, թե երշիկը տուն է գալու, փայտի պաշար բերի։ Բայց նա չկա ու չկա։ Մտքներովը վատ բան է անցնում, թռչնակը գնում է տեսնի` ինչ եղավ երշիկը։ Տնից ոչ հեռու, ճանապարհին մի շան է հանդիպում, որ հարձակվել էր խեղճ երշիկի վրա ու նրան պատառոտել։ Թռչնակը սկսում է շանը մեղադրել սպանության ու կողոպուտի մեջ, բայց դե դատարկ խոսքերից ի՞նչ օգուտ։ Շունն արդարանում է, թե երշիկի ձեռքին գաղտնի նամակներ է տեսել, դրա համար էլ որոշել է պատժել։

 Թռչնակը տխուր-տխուր փայտը շալակում ու թռչում, տուն է գալիս, պատմում բոլորը, ինչ-որ տեսել ու լսել է։ Շատ են տխրում նրանք, բայց որոշում են գոնե երկուսով միասին մնալ։

 Երշիկի պարտականությունները բաժանում են՝ թռչնակը պետք է ինքը սեղան բացեր, իսկ մուկը ճաշ պատրաստեր։ Մուկը որոշում է երշիկի օրինակով թռչել բանջարեղենով լի կճուճի մեջ, մի քանի անգամ պտտվել, խառնել, որպեսզի ճաշի համը տեղը գա։ Բայց հենց որ մտնում է կճուճը, այնպես է խաշվում, որ մազը թափվում է, մաշկը պլոկվում ու էդպես էլ հոգին փչում է։

 Թռչնակը գալիս է ճաշը դնի սեղանին, տեսնում է խոհարարը չկա։ Փայտը ցած է դնում ու գլուխը կորցրած սկսում ձայն տալ, կանչել, բայց էդպես էլ չի գտնում իր խոհարար ընկերոջը։ Անզգուշությունից նա կրակը գցում է փայտերի վրա, փայտերն սկսում են վառվել, հրդեհ է ընկնում։ Թռչնակը վազում է ջուր բերի, որ կրակը մարի, դույլը ձեռքից ընկնում է ջրհորը, ինքն էլ դույլի ետևից ու էդպես էլ չի կարողանում փրկվել, խեղդվում է։

 ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ