Զարմանալի երաժիշտը

հեքիաթ

Լինում է, չի լինում մի զարմանալի երաժիշտ է լինում։ Մի օր մենակ գնում է անտառի միջով ու միտք անում հազար ու մի բաների մասին, իսկ երբ ձանձրանում է մտածելուց, ասում է.

  Անտառում ժամանակը դանդաղ է անցնում, պետք է մի լավ ընկեր գտնել։

 Վերցնում է ջութակն ու սկսում նվագել, էնպես բարձր և ուրախ, որ ձայնը տարածվում է ամբողջ անտառով մեկ։

 Մեկ էլ դիմացից մի գայլ է հայտնվում. 

Օ՜, գայլը եկավ, սրան չէի ուզի տեսնել։ 

Բայց գայլը մոտենում է, ասում. 

Օ՜, սիրելի երաժիշտ, էդ ի՜նչ լավ ես նվագում: Ես կուզեի քեզ պես նվագել։ 

Դժվար բան չէ։ Եթե ուզում ես նվագել, ինչ որ ասեմ, պիտի անես, ասում է երաժիշտը։ 

Օ՜, ես կենթարկվեմ քեզ, ինչպես աշակերտը` ուսուցչին: 

Երաժիշտն ասում է, որ գայլը հետևի իրեն։ Մի քիչ որ գնում են, ճամփեզրին մի ծեր կաղնի են տեսնում, որ մեծ փչակ է ունենում, իսկ փչակի կեղևին` ճաքճքած տեղեր։

  Էստեղ նայիր, ասում է երաժիշտը, եթե ուզում ես ջութակ նվագել, առջևի թաթերդ պիտի էս ճեղքերի մեջ մտցնես։ 

Գայլը ենթարկվում է, իսկ երաԺիշտը մի քար է վերցնում ու դրանով նրա թաթերн ավելի ամուր խրում ճեղքի մեջ, էնպես, որ գայլն էլ չի կարողանում տեղից շարժվել։ 

Դե հիմա էստեղ սպասիր, մինչև որ ես գամ, ասում է երաժիշտը ու շարունակում ճանապարհը։ 

Շատ ժամանակ է անցնում, թե քիչ, Աստված գիտի, էս երաժիշտն ասում է. «Անտառում դանդաղ է անցնում ժամանակը, լավ կլիներ մի ուրիշ ընկեր գտնեի»։ Էլի վերցնում է ջութակն ու սկսում նվագել։ Շուտով թփերից մի աղվես է դուրս գալիս։ 

Ըհը՛, հիմա էլ աղվեսն եկավ, սրան էլ չէի ուզի տեսնել, ասում է երաժիշտը: 

Իսկ աղվեսը մոտենում է նրան ու ասում. 

Օ՜, սիրելի երաժիշտ, ի՜նչ հրաշալի ես նվագում։ Ինձ էլ սովորեցրու, խնդրում եմ։ 

Ինչ կա որ, հեշտ է սովորելը, միայն թե ինչ  ասեմ, պիտի անես, ասում է երաժիշտը։ 

Օ՜, երաժիշտ, ես կենթարկվեմ քեզ, ինչպես աշակերտը` ուսուցչին: 

Որ էդպես է, արի իմ ետևից։ 

Էդպես  մի քիչ գնում են, հասնում են մի արահետի, որի երկու կողմերում պնդուկի թփեր են լինում։ Երաժիշտը բռնում է երկու կողմերի թփերը, ճկում, հասցնում գետնին ու ասում. 

Դե, աղվես ջան, եթե իսկապես շատ ես ուզում նվագել սովորել, առջևի ձախ թաթդ տուր ինձ։ 

Աղվեսը մեկնում է թաթը։ Երաժիշտը բռնում է և ամուր կապում ձախ թփից։ 

Իսկ հիմա աջդ տուր, աղվես ջան, այն էլ կապում է աջ կողմի թփից: Հետո, երբ ստուգում է, որ ամուր է կապել, բաց է թողնում աղվեսին։ Ճյուղերն ուղղվում են և իրենց հետ վեր թռցնում աղվեսին, որն օդում սկսում է թպրտալ։ 

Դե հիմա էդտեղ սպասիր, մինչև  գամ, ասում է երաժիշտն ու առաջ շարժվում։ Գնում է, գնում, երբ էլի ձանձրանում է, ասում է. «Անտառում ժամանակը դանդաղ է անցնում, այ թե մի լավ ընկեր հանդիպեր»։ Նա ջութակ է նվագում, ու նվագի ձայնը տարածվում է ամբողջ անտառում։ Մեկ էլ մի նապաստակ է հայտնվում։ 

Ըհը՛, հիմա էլ նապաստակն եկավ, իսկ ես սրան չէի սպասում։ 

Օ՜, սիրելի երաժիշտ, ասում է նապաստակը, ի՜նչ հրաշալի ես նվագում, ես էլ կուզեի նվագել իմանալ։ 

Դա շատ հեշտ բան է, ասում է երաժիշտը, միայն թե դու պետք է կատարես իմ բոլոր պահանջները։ 

Օ՜, երաժիշտ, պատասխանում է նապաստակը, ես կենթարկվեմ քեզ, ինչպես աշակերտը՝ ուսուցչին։

 Էդպես մի քիչ գնում են, հասնում են անտառի բացատը։ Բացատում մի բարդի է լինում։ Երաժիշտը երկար պարանը կապում է նապաստակի վզին, իսկ մյուս ծայրը ծառին: 

Իսկ հիմա, նապաստակ, քսան անգամ վազիր ծառի շուրջը,- ասում է երաժիշտը։ 

Նապաստակը քսան անգամ վազում է ծառի շուրջը ու կպչում է ծառին: Որքան էլ որ քաշում է, քաշքշում պարանը, կրծում, կրծմրծում, ոչինչ չի ստացվում։ 

Դե հիմա էստեղ սպասիր, մինչև որ ես գամ, ասում է երաժիշտն ու գնում։ 

Գայլն էնքան քաշում, քաշքշում է, կրծմրծում քարը, որ արյունաթաթախ թաթերն ազատում է ճեղքերից ու կատաղած ընկնում երաժշտի ետևից, որոշում է պատառ-պատառ անել նրան։ Աղվեսը տեսնում է վազող գայլին, սկսում է ոռնալ ու ծվծվալ և կոկորդով մեկ կանչել. 

Գայլ եղբա՜յր, գայլ եղբա՜յր, օգնության հասիր, երաժիշտը խաբել է ինձ։ Գայլը կռացնում է պնդուկի թփի ճյուղերը, կրծում պարանը ու ազատում աղվեսին։ Ու երկուսով վազում են, որ հասնեն երաժշտի ետևից, որպեսզի վրեժ լուծեն։ 

Ճանապարհին հանդիպում են նաև կապված նապաստակին, նրան էլ են ազատում ու երեքով գնում իրենց թշնամուն որոնելու։

 Իսկ երաժիշտն էլի նվագում է անտառում, բայց էս անգամ նրա բախտը բերում է, փայտահատն է լսում նրա նվագը ու աշխատանքը թողնում, կացինը ձեռքին գալիս է նրան լսելու։

  Վերջապես իսկական ընկեր գտնվեց ինձ համար, ասում է երաժիշտը։ Չէ՞ որ ես մարդ էի փնտրում և ոչ թե վայրի գազաններ։

 Եվ սկսում է նվագել, էնպես գեղեցիկ, էնպես հրաշալի, որ խեղճ փայտահատը կանգնում է հմայված, սիրտը լցվում է հրճվանքով։ Էդ ժամանակ հայտնվում են գայլը, աղվեսն ու նապաստակը։ Փայտահատն անմիջապես զգում է, որ նրանք վատ մտադրություն ունեն, կացինը բարձրացրած կանգնում է երաժշտի առաջ, ուզում է ասել. «Ով համարձակվի ձեռք տալ նրան, ինձ հետ գործ կունենա»։ Գազանները վախից թողնում են ու փախչում անտառ, իսկ երաժիշտն  երախտագիտությունից մի անգամ էլ է նվագում փայտահատի համար ու շարունակում իր ճամփան։

 

 

Գրիմ եղբայրներ