Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ:
Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնապահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, վիզը ոլորեց, անուշ արեց: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի... Աղվեսը լալիս է, իրեն քրքրում ու ասում.
- Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն...
- Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ:
- Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՜ն ման եկա, էնքա՜ն ման եկա, չկա ու չկա:
- Ո՞ր Բալիկը:
- Մեր բալիկը:
- Մեր ո՞ր բալիկը:
- Նա՜, նա՜,
Աչքս կուրանա.
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ...
Գովում էր Աղվեսը, իրեն քրքրում, մին խփում, հազար թափում:
- Աղվես քուրիկ,- ասում է Կռունկը.
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Արցունք մի՜ չափի,
Դա էլ չար բախտից,
Դա էլ մեր բախտից:
Հա, հա,- հեկեկում էր Աղվեսը,- հա, Կռո՜ւնկ քույրիկ, հա՜, լացը չի օգնի, անցածն անցած է:
Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:
Տնապահ Աղվեսը հիմա էլ բռնում է Կռունկի մյուս ձագին, վիզը ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում:
Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ է տեսնում... Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.
- Ա՛խ, Կռո՜ւնկ քուրիկ,
Քուրիկ ու մերիկ,
Իմ աչքը դուրս գա,
Աշխարհը փուլ գա,
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ,
Էն մի բալիկն էլ չկա:
Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն է, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում ու ասում.
-Աղվես քուրիկ,
Քուրիկ, մուրիկ,
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Կաթը կցամքի,
Դա էլ իմ բախտից...
- Դու ճիշտ ես ասում, ա՜յ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ,- հեկեկում էր Աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:
- Աղվես քուրիկ,- մի օր էլ ասում է Կռունկը,- իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք, սրտներս բացվի:
- Ո՞ւր գնանք, Կռունկ քուրիկ:
- Ա՜յ, հենց կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևն ի՜նչ կա:
- Ի՛նչ ես ասում, քուրիկ,- ծիծաղեց Աղվեսը,- ինչպե՞ս կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:
- Ի՞նչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստի՜ր ինձ վրա, միասին թռչենք:
Աղվեսն ինքն իրան մտածում է.
«Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետնին, ետ գալիս էլ քուրիկի կբռնեմ՝ կուտեմ... Սրանից էլ լավ բա՞ն»:
Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:
Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրը՛խկ… ընկնում է գետին ու իրեն ջարդում:
-Աղվե՜ս քուրիկ,- ցած գալով ասում է Կռունկը,- էդ էլ քո՜ բախտից, էդ էլ քո՜բախտից:
Խնկո ապեր