Sidebar

Հեքիաթ կռունկի ու աղվեսի մասին

Աղվեսն ու Կռունկը  ընկերացան: Կռունկը բույն  շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: 

Մի օր Կռունկը դուրս գնաց  ձագերի համար կերակուր բերելու, տնապահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, վիզը ոլորեց, անուշ արեց: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի... Աղվեսը լալիս է, իրեն  քրքրում ու  ասում.

 

- Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն... 

- Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ: 

- Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՜ն ման եկա, էնքա՜ն        ման եկա, չկա ու չկա: 

- Ո՞ր Բալիկը: 

- Մեր բալիկը:

- Մեր ո՞ր բալիկը: 

- Նա՜, նա՜,

 Աչքս կուրանա. 

Փափկամազիկ, 

Երկար վզիկ, 

Երկար ոտիկ,

Երկար տոտիկ, 

Բոյը բարձրիկ, 

Ձենը քաղցրիկ...

 

Գովում էր Աղվեսը, իրեն  քրքրում, մին խփում, հազար թափում: 

- Աղվես քուրիկ,- ասում է  Կռունկը. 

Դու ձագի տեր ես, 

Դու սիրող մեր ես,

Արցունք մի՜ թափի, 

Արցունք մի՜ չափի, 

Դա էլ չար բախտից, 

Դա էլ մեր բախտից:

 

Հա, հա,- հեկեկում էր  Աղվեսը,- հա, Կռո՜ւնկ  քույրիկ, հա՜, լացը չի օգնի, անցածն  անցած է: 

Երկրորդ  օրը  Կռունկն  էլի գնում է կերակուր բերելու: 

Տնապահ Աղվեսը հիմա էլ  բռնում է Կռունկի մյուս  ձագին, վիզը  ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում: 

Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ է տեսնում... Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.

 

- Ա՛խ, Կռո՜ւնկ քուրիկ, 

Քուրիկ ու մերիկ, 

Իմ աչքը դուրս գա, 

Աշխարհը փուլ գա, 

Փափկամազիկ, 

Երկար վզիկ, 

Երկար ոտիկ, 

Երկար տոտիկ,

Բոյը բարձրիկ, 

Ձենը քաղցրիկ, 

Էն մի բալիկն էլ չկա:

 

Կռունկն էս անգամ  հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն  է, բայց իրեն չհասկացողի   տեղ է դնում ու ասում. 

-Աղվես  քուրիկ, 

Քուրիկ, մուրիկ, 

Դու  ձագի  տեր ես, 

Դու սիրող մեր ես, 

Արցունք մի՜ թափի, 

Կաթը կցամքի,

 

Դա        էլ        իմ        բախտից...

 

- Դու ճիշտ ես ասում, ա՜յ  Կռունկ քուրիկ, չար բախտի  ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ,- հեկեկում էր Աղվեսը  ու մտքում ծիծաղում Կռունկի  վրա: 

- Աղվես քուրիկ,- մի օր էլ  ասում է Կռունկը,- իմ   ձագերը կորան, տանողի աչքը   դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց  կապրեն: Արի գնանք քիչ        ման գանք, սրտներս բացվի: 

- Ո՞ւր գնանք, Կռունկ        քուրիկ: 

- Ա՜յ,  հենց կուզես երկինք  թռչենք, տեսնենք վերևն ի՜նչ  կա: 

- Ի՛նչ ես  ասում, քուրիկ,- ծիծաղեց Աղվեսը,- ինչպե՞ս  կարող եմ  քեզ  հետ թռչել, ես  թև  չունեմ: 

- Ի՞նչ անենք, որ չունես, ես  հո ունեմ: Նստի՜ր ինձ վրա, միասին  թռչենք: 

Աղվեսն ինքն իրան մտածում  է. 

«Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը  կխեղդեմ, վեր կածեմ  գետնին, ետ գալիս էլ քուրիկի կբռնեմ՝ կուտեմ... Սրանից էլ  լավ   բա՞ն»: 

Աղվեսը նստում է Կռունկի  մեջքին: 

Կռունկը թափահարում է  թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է  գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի  վրա դրը՛խկ… ընկնում  է գետին ու իրեն ջարդում: 

-Աղվե՜ս քուրիկ,- ցած գալով  ասում է Կռունկը,- էդ էլ քո՜ բախտից, էդ էլ քո՜բախտից:

 

 

Խնկո ապեր