Իմաստուն պատասխաններ. Ռուսական ժողովրդական հեքիաթ

հեքիաթ

Մի զինվոր քսանհինգ տարի ծառայեց թագավորական զորքում, բայց թագավորի երեսը չտեսավ: Ծառայությունից վերադարձավ տուն, ու որ թագավորից հարցնում էին, չէր իմանում ինչ ասի: Դե ծանոթ-բաերկամներն էլ սկսեցին նախատել:

 

-Բա էսպես բան քսանհինգ տարի ծառայես ու թագավորի երեսը չտեսնե՞ս:

Զինվորը ամոթից վեր կացավ ու ճամփա ընկավ թագավորի մոտ: Եկավ պալատ, թագավորը հարցրեց:

՞նչ կա զինվոր:

-Էսպես, էսպես, ձերդ պայծառափայլություն, քսանհինգ տարի աստծո ու քո առաջ բարով խերով ծառայել եմ ,բայց դե երեսդ չեմ տեսել, հիմա եկել եմ տեսնեմ:

-Դե տես:

Զինվորը երեք անգամ թագավորի չորս կողմը պտտվեց ու լավ մտիկ տվեց:

Թագավորը թե`

-Հը՞, լա՞վն եմ , թե՞ չէ:

-Լավն ես,-ասաց զինվորը:

-Դե հիմա ասա` երկինքը  երկրից շա՞տ է բարձր :

-Էնքան բարձր է, որ էնտեղ գոռում են, էստեղ լսվում է:

-Բա երկրի լենքն ինչքա՞ն է:

-Էնքան, որ էնտեղ արևը  դուրս է գալիս, էնտեղ մայր է մտնում:

-Բա երկրի խո՞րքը:

-Ես մի պապ ունեի, սրանից մի իննսուն տարի առաջ մեռավ, հողը դրինք, էն օրվանից մինչև հիմի տուն չի հասել`վայ թե խորն է:

Հետո թագավորը զինվորին զնդանը գցեց ու ասավ:

-Քեզ  տեսնեմ, զինվոր, մոտդ երեսուն ղազ կղրկեմ, մի-մի փետուր կպոկես:

Թագավորը կանչեց երեսուն հարուստ վաճառական ու զինվորին տված հանելուկները սրանց առաջարկեց: Սրանք մտածեցին, մտածեցին, ու որ  պատասխան չտվին, թագավորը հրամայեց նրանց էլ զնդան տանել : Զինվորը հարցրեց, թե.

-Ձեզ ինչո՞ւ են էստեղ բերել, վաճառական-տղերք:

-Բա գիտես` թագավորը մեզ հարցեր տվեց. թե` հեռու է երկինքը երկրից, ինչքան է երկրի լենքը, ինչքան է խորքը: Դե մենք էլ խեղճ-անգրագետ մարդիկ, պատասխանը չգտանք:

-Եկեք ամենքդ հազար ռուբլի տվեք,  պատասխանն ասեմ:

-Արի, ախպեր, մենակ  թե ճիշտն ասես:

Զինվորը  փողն առավ ու խրատ տվեց, թե թագավորի հանելուկները ոնց են լուծելու:

Մի երկու օր հետո թագավորը զինվորին ու վաճառականներին կանչեց, էլի էն նույն հանելուկները տվեց: Վաճառականները շուտ-շուտ պատասխանը տվին ու գնացին իրենց տները:

-Հը՞, զինվոր,մի-մի փետուր պոկեցի՞ր:

-Հա, տեր-թագավոր, էն էլ`ոսկի:

-Տունդ շա՞տ է հեռու:

-Էստեղից չի երևում, հեռու կլինի:

-Դե առ քեզ հարյուր ռուբլի` աստված քեզ հետ:

 

Զինվորը ետ դառավ տուն ու ուզածի պես հարուստ կյանք քաշեց: