Դատավոր աղվեսը. վրացական հեքիաթ  

հեքիաթ

Կար չկար մի կապիկ կար, աշխույժ ու ժիր, ինչպես բոլոր կապիկները։

Նա իր քիթը միշտ մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ։
Մի անգամ կապիկը քարերի կույտ նկատեց ու հետաքրքրասիրությունը սկսեց անհանգստացնել նրան։ «Պետք է տեսնել, թե ինչ է այնտեղ թաքնված»։ Կապիկը սկսեց քարերը մի կողմ դնել։ Մի անցք բացվեց։ Նա իր թաթը մտցրեց բացված անցքի մեջ՝ տեսնելու, թե ինչ կգտնի այնտեղ։ Իսկ անցքից դուրս սողաց մի հսկա օձ։
Դուրս գալով իր մութ խցից, օձը ֆշշացրեց ու պատրաստվեց նետվել կապիկի վրա։
«Հիմարի գլուխ,- ինքն իրեն մռթմռթաց կապիկը,- ինչի՞ համար մտար անցքի մեջ։ Քեզ թվում էր՝ յուղի կճուճ պիտի գտնեի՞ր»։

-Խղճա ինձ, մեծն վիշապ,- սկսեց խնդրել օձին կապիկը։- Թե իմանայի, որ սա քո տիրույթն է, երբեք չէի էլ փորձի խախտել քո հանգիստը։
Բայց ո՞ր մի օձը կխղճար։
-Դու արդարացում չունես,- ֆշշաց նա։- Դու ինձ արթնացրիր և միայն քո մահով կքավես քո մեղքը։
Հենց այդ պահին նրանց մոտով անցնում էր աղվեսը։ Կապիկը լսել էր աղվեսների խորամանկության մասին և կանգնեցրեց նրան։
-Թող իմաստուն աղվեսը լուծի մեր վեճը։
-Լավ, խոսի՛ր, աղվես, տեսնեմ դու ի՞նչ կասես,- համաձայնեց օձը։

-Ականատեսներ չկան, իսկ ես ինքս ոչինչ չեմ տեսել։ Ինչպե՞ս արդարացի դատեմ ձեզ,- ասեց աղվեսը։- Ցույց տվեք այն ամենն, ինչ եղել է։ Դու, օձ, նորից հետ սողա դեպի քո խուցը, իսկ դու, կապիկ, քարերը նորից կույտ դարձրու։

Օձին դուր եկավ խելացի դատավորը։
-Ես իմ խցում նստած էի. ահա այսպես,- ասեց օձը։ Նա գլուխը մտցրեց անցքի մեջ ու դանդաղ անհետացավ։

-Հիմա քո հերթն է, մի հապաղի,- շշնջաց աղվեսը կապիկին՝ խորամանկ աչքով անելով։
Կապիկն արագ-արագ անցքը ծածկեց քարերով։
Աղվեսն ասաց.

-Լսիր իմ դատը, անշնորհակալ օձ։ Դու բարկացել ես նրա համար, որ քեզ ազատություն են տվել։ Այնպես որ, հիմա նստիր քո մութ խցում ու քնիր ինչքան կկամենաս։ Իսկ հիմար կապիկն այլևս չի խանգարի քո քունը։
Այդ օրվանից կապիկը դադարեց մտնել իրեն չվերաբերող գործերի մեջ։