Լինում է, չի լինում, մի աքլոր է լինում։
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։
Կտուրն է բարձրանում, ձեն է տալիս.
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն, բերեն։
Նազիր-վեզիրը գնում են, խլում, բերում։ Աքլորը կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձնով ապրե՜ց... Թագավորը ոսկին վերադարձնում է իր նազիր-վեզիրին, ասում է.
— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...
Նազիր-վեզիրը ոսկին տանում են, վերադարձնում են աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեք էդ սրիկային, գլուխը կտրեք, եփեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ...
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.
— Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը՝ էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.
— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...
— Զարկե՛ք...— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
— Ծուղրուղո՜ւ...