Սուտասանը  

հեքիաթ

1

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․ 

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։ 

Գալիս է մի հովիվ։ Ասում է․ 

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։ 

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Եմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։ 

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

  

2

 

Գալիս է մի դերձակ։ Ասում է․ 

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։ 

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։ 

Սա էլ է դուրս գնում։

 

3

 

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։ 

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտք, եկել եմ՝ տանեմ։ 

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտք։

 — Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։ 

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։ 

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։