Խելոքն ու հիմարը. հեքիաթ

հեքիաթ

Երկու ախպեր են լինում․ մեկը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան է չարչարում, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, ասում՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ ապրեմ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ, առանձին ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը,— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են մտնում։ Դռանը մնում է մի հիվանդ մոզի։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով՝ գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալիս՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

― Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

— Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասա՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված են ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտք՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քո փողն է, ինչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալիս տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս եղբորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալիս։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ՝ գանգատի։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը որրտեղի՞ց եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրան ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրան ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալիս, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրան, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։