Սարերի գաղտնիքը․ հեքիաթ այն մասին, որ բարին կարող է փոխել աշխարհը

հեքիաթ

Հեքիաթի հեղինակն Աստղ Մադաթյանն է։ Նա ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ և դիվանագիտության բաժինը։ Այժմ գտնվում է մայրության արձակուրդում։

Նրա հեղինակությամբ հրատարակվել է «ՇՈԿՈԼԱՆԴԻԱ» հեքիաթը, գրում է էսսեներ, 2020 թ․ մասնակցել է Հայաստանում իրականացվող առաջին  Slam poetry night-ին։

Մենք պարբերաբար կհրապարակենք նրա հեղինակած մանկական ստեղծագործությունները

  

Աշխարհում կա մի փոքրիկ վարդագույն քաղաք։ Քաղաքին մոտ կա մի սար, որի փեշին արդեն  քանի՜ տասնամյակ է ապրում է մի անտառ։ Այդ անտառը շատ խորհրդավոր է և խաղաղ։ Նրա լայնատերև ծառերի ճյուղերն ընկերաբար ողջունում են անտառ մուտք գործողին և միմյանց հետ մեղմ սուլելով  ու ճոճվելով պատմում իրենց  խորհրդավոր կյանքի մասին։ Առավոտյան, երբ արևն իր սանրած վարսերն է փռում քաղաքի վրա , անտառի՝ բարեկամաբար իրար փաթաթված ծառերի տերևներին քնած  վաղորդյան կաթիլները սկսում են արթնանալ, և ձգվելով ու ծույլ հորանջելով  միմյանց պատմել իրենց երազները։ Նրանք  պճնվում են  արևի շողերով, և զուգված զարդարված՝ ադամանդի պես  պսպղուն աչիկներով ժպտում են։ Շուտով անտառը նմանվում է լեռնային բյուրեղապակյա կանաչ  դղյակի։

Մի առավոտ Վարդագույն քաղաքի մի խումբ երեխաներ որոշեցին իրենց  կիրակնօրյա հանգիստը կազմակերպել այդ հրաշք անտառում։ Առավոտյան նրանք սարը բարձրացան, իրենց ողջույններն ուղարկեցին արևին, այնուհետև իջան անտառ։ Ծիծաղով ու երգով նրանք սունկ հավաքեցին, մի փոքրիկ խարույկ վառեցին և խարույկի շուրջը նստած՝ սունկ խորովեցին։ Երեխաները շատ ուրախ էին, նրանք տարբեր խաղեր էին խաղում, պատմություններ հորինում և  երգեր երգում։ Երեկոյան նրանք հավաքեցին իրենց ուտելիքի մնացորդները, հանգցրին խարույկը և վառ տպավորություններով վերադարձան տուն։

 Տուն հասնելուն պես Մարին լսեց, որ իր ուսապայուսակում ինչ-որ բան է տզտզում, մտածեց, թե մի բզեզ անտառում մտել է իր պայուսակը. բացեց այն, որ բզեզին ազատ թողնի, բայց ի՜նչ, այնտեղ մի փոքրիկ թզուկ էր նստած, գլուխն առել էր ձեռքերի մեջ և հեկեկում էր:

-Է՜յ, փոքրի՛կ, ինչո՞ւ ես լալիս,-հարցրեց աղջիկը:

 -Ես մոլորվել եմ, - հեկեկակով ասաց թզուկը, - ես զբոսնում էի անտառում, հանկարծ հոգնեցի, մի փափուկ տեղ գտա, որ նստեմ և մի քիչ հանգստանամ, բայց քնեցի՜,-շարունակ լացելով պատմում էր փոքրիկը, - և ահա, հիմա այստեղ եմ, ինձ հետ տար, ինձ անտառ տար, խնդրո՜ւմ եմ, իմ մայրիկն ու հայրիկն ինձ են սպասում։

 Աղջիկը զարմացած նայում էր թզուկին և բառեր չէր գտնում, որ արտասանի։

-Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, խնդրում եմ, տա՛ր ինձ անտառ, փաստորեն ես քո ծածկոցի մեջ եմ փաթաթվել ու քնել, այն այնքա՜ն փափուկ էր, տե՛ս՝ ինչ վատ բան է եղել։ Մայրիկս ասում էր, որ հեռու չգնամ, իսկ ես նրան չլսեցի և հիմա մոլորվել ու հասել եմ այստեղ։ Խնդրում եմ, ինձ հետ անտառ տար, ես այստեղ չեմ  կարող մնալ։

 -Լավ, լավ, հանգստացի՛ր։  Քեզ կտանեմ անտառ, բայց հիմա չէ, տե՛ս, մութ է դրսում, կմոլորվենք, և բացի այդ, իմ մայրիկը չի թողնի այս մթին դուրս գալ։ Արի սպասենք մինչև առավոտ։

  Աղջիկը հետաքրքրասեր հայացքով նայում էր թզուկին, նա ուզում էր թզուկին վերցնել ձեռքի մեջ, սակայն երկմտում էր՝ հանկարծ չվախեցնի փոքրիկին։

-Ինչքան փոքրիկ ես դու, ես թզուկներին ավելի մեծ էի պատկերացնում:

-Ես ոչ միայն թզուկ եմ, այլև երեխա, մեր աշխարհի ամենափոքրիկ բալիկն եմ:

 -Ի՜նչ լավ է, որ դու մեր լեզուն գիտես, պատմի՛ր ինձ ձեր մասին,- ընկերաբար ասաց Մարին:

- Չի կարելի մեր մասին պատմել մարդկանց, մենք զգուշանում ենք նրանցից,- լացը զսպելով՝ պատասխանեց նա:  - Լավ չէ, որ մարդիկ մեր մասին իմանան, մենք թաքնվում ենք նրանցից: Նրանք անպայման մեզ կվնասեն, կմտնեն մեր աշխարհ և կփոխեն ու կդարձնեն այն իրենց հարմար: Իրականում մենք լավ ծանոթ ենք մարդկանց, մենք պետք է ամեն ինչ իմանանք նրանց մասին, որ կարողանանք պաշտպանվել։ Ամեն գիշեր, մեր թզուկների աշխարհից հետախույզներ են գալիս և ուսումնասիրում մարդկանց կյանքը, կենցաղը, տեղեկանում են նորություններին և գալիս մեզ մոտ, քննարկում, վերլուծում և գաղտնի մնալու համար ծրագրեր մշակում: Տե՛ս, ինչ վատ բան է եղել, հայտվել եմ քեզ մոտ և հիմա փաստորեն բոլորին մատնեցի, -սրտնեղեց թզուկը: -Դու ինչպե՞ս ես պատրաստվում վարվել ինձ հետ, - վախեցած հարցրեց նա:

-Ե՞ս, ես քեզ կնկարեմ, -ասաց աղջիկն ու ուրախ-ուրախ գնաց իր նկարչական պարագաները բերելու,- Տե՛ս, ինչքա՜ն շատ նկարներ ունեմ, արի՛, քեզ էլ կնկարեմ:

-Դե, ես․․․ ես չգիտեմ, -կմկմաց թզուկը:

-Մի՛ վախեցիր, քեզ ոչ մի վատ բան չեմ անի, դու այստեղ հանգիստ նստիր, քեզ համար ուտելիք բերեմ, մի բան կեր, ես էլ քեզ նկարեմ, լա՞վ, իսկ առավոտյան կգնանք անտառ, այն նույն վայրը, որտեղ բարձրացել էինք արևածագը դիմավորելու և այնտեղից կկարողանաս քո տունը գտնել:

 -Ըհը, ես խնձոր եմ սիրում և ցորենի հաց, -փորիկը տրորելով՝ ասաց նա:

 -Լավ, հիմա կբերեմ: Մինչ Մարին գնացել էր թզուկի համար կերակուր բերելու, թզուկը դես ու դեն շարժվեց, առաջին անգամ էր նա մարդկանց տանը հայտնվում, և նրա համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Նայում էր պատերին կախված նկարներին, որոնք չափազանց մեծ էին ու անհասկանալի, անծանոթ իրեր կային այնտեղ պատկերված, բայց նրանց մեջ կար իր հարազատ անտառի նկարը: «Այս ի՜նչ գեղեցիկ նկար է»,- մտածեց թզուկը,-«Այս աղջիկը շատ շնորհալի է, գոնե մի քիչ էլ բարի լինի»: Աղջիկն եկավ խնձորներով և հացով լի սկուտեղով, թզուկը նստեց մի փոքրիկ բարձի վրա, սկսեց ոտքերը թափահարելով խնձոր և հաց ուտել, իսկ աղջիկը նրան նկարում էր:

-Գիտե՞ս, Մարի, ես էլ եմ նկարում․ եթե մի օր ինձ հյուր գաս, ապա ես էլ քեզ կնկարեմ:

Աղջիկն եկավ խնձորներով և հացով լի սկուտեղով, թզուկը նստեց մի փոքրիկ բարձի վրա սկսեց խնձոր և հաց ուտել, իսկ աղջիկը նրան նկարում էր:

-Մարի՛, գուցե պե՞տք չի ինձ նկարել, ախր մարդիկ ինձ պետք է չտեսնեն, -շարունակում էր մտահոգվել թզուկը։

-Գիտես, դու շատ մի՛ անհանգստացիր, բոլորը կմտածեն, որ դու իմ երևակայությունն ես, մեր աշխարհի մեծերը կարծում են, թե մենք՝ փոքրերս, ապրում ենք հորինված երևակայական աշխարհում, ուր կան չար ոգիներ, փերիներ, թզուկներ, բարի երազանքներ, որոնք միշտ իրականություն են դառնում, -վերջին բառերը ժպտալով ասաց Մարին:

-Իսկ ի՞նչ է, մի՞թե նրանք չկան, տե՛ս, ես իրական եմ, իհարկե, նրանք կան, մենք գիտենք, որ նրանք կան, դրա համար էլ չարերից զգուշանում ենք, իսկ բարի երազանանքերի իրականացման համար բոլորս միասին աշխատում:

-Ձեր աշխարհը կարծես թե ավելի լավն է։

- Սպասի՛ր։ Եթե այդպես է, ուրեմն դու ինչ խենթություն ուզես, կանես ու կասես, թե դա քո երակայության արդյունք փերիների, թզուկների գո՞րծն է:

-Չէ՛, այ այդտեղ դու արդեն համարվում ես մեծ ու պատասխանտվության ենթարկվում կամ պատժվում և զրկվում այդ օրվա պաղպաղակից: Մեր աշխարհում երևակայությունը գովելի է, երբ նրա արդյունքում դու որևէ հետաքրքիր բան ես ստեղծում, ասենք նկար, պատմություն կամ մի նոր համեղ ուտելիք, բայց հենց քո երևակայությունը գալիս, բախվում է ուրիշի հարմարավետությանը կամ վնասում է շրջապատին, դա արդեն չի կարելի: Պետք է քո երևակաթյունն առնես սահմանների մեջ: Մեծահասակները դա անվանում են օրինակելի վարք: Գիտես, դա լավ է, թե չէ գիտե՜ս ինչեր կարող են տեղի ունենալ, ու լավ է, եթե բոլորի մոտ դա լինի ոսկե կանոն:

-Հա՜, այ տե՛ս, որ ասեցիր, նոր հասկացա:

Այդ ժամանակ մայրիկը մտավ սենյակ`մի զամբյուղ ձեռքին.

-Մարի՛, խաղալիքներդ պետք է լվանանք, - և սկսեց խաղալիքները հավաքել, թզուկն էլ ձևացավ մի անշարժ խաղալիք, մայրիկը նայեց նրան.

-Այս ի՞նչ նոր խաղալիք է, նվե՞ր ես ստացել։

-Ես այն գտել եմ, -ձայնը ցածրացնելով՝ ասաց աղջիկը, -բայց նա խաղալիք չէ, նա իսկակա՜ն է, թո՛ղ, ես ինքս կլվանամ նրանց։

-Լավ, դե այդ դեպքում նրան լվանալուց հետո մի լավ կչորացնես, որ չմրսեն,- ասաց մայրիկը, շոյեց աղջկա գլուխն ու դուրս եկավ սենյակից:

-Տեսա՞ր:

- Տեսա: Բայց ի՜նչ լավ է, որ պետք է լվացվենք, թե չէ եթե ես առանց լվացվելու եմ քնում, վատ երազներ եմ տեսնում, իսկ երբ մաքուր լվացված եմ քնում, գիտե՞ս՝ ի՜նչ կախարդական և բարի երազներ են ինձ հյուր գալիս:

Առավոտյան, երբ աղջիկն արդեն պատրաստվում էր գնալ անտառ, դուռը բացվեց և արագ վազելով ներս մտավ հարևանի անկարգ տղան ու բարձրացավ աղջկա սենյակը.

-Մարի՜, գունավոր կարմիր մատիտդ եմ վերցնում:

-Չէ՛, չէ՛,չէ՜- ասաց աղջիկը՝ վազելով գալով դեպի իր սենյակը, - ես կտամ:

Արդեն ուշ էր, տղան տեսել էր թզուկին և ուշադիր, անկարգության պատրաստ, փայլփլուն աչքերով նայում էր նրան:

-Սա ո՞վ է, սա իմն է,- ասաց ու վերցրեց խեղճ թզուկին: Դուրս վազեց տղան, աղջիկն էլ՝ նրա հետևից, մինչ շնչակտուր լինելը։ Վերջը տղան աստիճաններով բարձրացավ տանիք և փայտե աստիճանն իր հետևից բարձրացրեց վերև, աղջիկը մի կերպ կախվեց վերջին աստիճանամատից, բայց տղան այն թափահարեց, և աղջիկը վայր ընկավ:

-Տո՛ւր, նա իմն է, - ներքևից կանչում էր աղջիկը, - պետք է նրան անտառ տանեմ, նա այստեղ միայնակ է, սա իր տեղը չէ, նա կտխրի առանց իր ընկերների՝ օտարության մեջ:

-Օ՜յ, օ՜յ, ինչ եք ասում, վե՛րջ, սա իմ իսկական խաղալիքը կդառնա, ես արդեն հասցրել էի ձանձրանալ, հիմա մի լավ սրա հետ կխաղամ: Է՜յ, թզուկ, ինչ անեմ քեզ հետ, սպասիր մի թելով ոտքդ կապեմ, որ հանկարծ շատ հեռու չփախչես:

Թզուկը սարսափահար եղավ այդ արտահայտությունից, ինչպե՞ս թե ոտքդ կապեմ:

-Է՜յ, Արսեն, շու՛տ արա, իջի՛ր, հիմա տատիկիդ կասեմ:

-Ես տատիկից չեմ վախենում, թող խաղամ, մի քանի ժամ կխաղամ սրա հետ, հետո կտամ քեզ, է՜յ, Մարի, տեսե՞լ էիր արդյոք, որ այս թզուկը կաղ է, տե՛ս, է՜, հազիվ է քայլում, բայց միևնույն է, հիմա ոտքդ թելով կկապեմ, ու …,- ինչ որ բան մռմռթաց տղան, որը աղջիկը չկարողացավ լսել: Խեղճ աղջիկը հուսահատությունից սկսեց լաց լինել․ «Ես խոստացել էի թզուկին հետ տանել անտառ, նա  օտար է այստեղ, նա իրեն շատ դժբախտ կզգա, և բացի այդ, չար Արսենը հիմա նրան մի լավ կտանջի: Ի՞նչ է ստացվում, որ իմ պայուսակի մեջ պատահաբար հայտնված անօգնական էակը հիմա դարձավ չար տղայի խաղալիքը, ահավոր է»,-հեկեկում էր նա: Հետո աղջիկը քիթը սրբեց, մտածեց, որ լացը ոչնչով չի օգնի, որոշեց գնալ և վերև բարձրանալու համար մի հարմար բան գտնել ու գնաց աստիճան փնտրելու: Նա իրենց բակից աստիճան բերեց, բարձրացավ տանիք, բայց տղան արդեն այնտեղ չէր. «Խե՜ղճ թզուկ», -մտածեց աղջիկը, «Տեսնես ո՞ւր է տարել նրան, հիմա տանջելու է, ախր այդ տղան սիրում է փոքրիկ բզեզներին, մրջյուններին, գեղեցիկ թիթեռներին տանջել, հիմա էլ խեղճ թզուկին»… Տղան տեսնելով, որ Մարին ներքևում չէ, իջել և գնացել էր իր ընկերների մոտ:

- Տեսե՛ք, ի՜նչ փոքր մարդուկ եմ գտել, եկեք խաղանք նրա հետ: Նրա նման մի չորս տղա հավաքվեցին խեղճ թզուկի գլխին, որը վախից կուչ էր եկել, և հետաքրքրությամբ սկսեցին ուսունասիրել թզուկին, մեկը ծառի ճյուղով ոտքին էր դիպչում, մյուսը որոշեց խոտ կերակրել, այն մտցնում էր բերանը, երրորդին նրա քիթն ու ականջներն էին շատ հետաքրքրում, որոնք բավականին կլորիկ էին, և տղան հույս ուներ՝ նրանց սեղմելով գուցե մի զավեշտալի ձայն լսի: Խեղճ թզուկը դարձել էր նրանց ծաղրի առարկան, ցանկացավ մի կերպ փախչել, հազիվ մի քայլ արեց, բայց քանի որ ոտքը կապված էր, վայր ընկավ.

-Տեսե՛ք, նա կաղ է,- հռհռացին տղաները:

-Հա, բայց ես ամեն դեպքում նրա ոտքը թելով կապել եմ,- հպարտ տոնով ասաց Արսենը,-նա փախչելու հնարավություն չունի:

 -Մի լավ բան մտածեցի, եկե՛ք մի մեծ բզեզ կամ սարդ բռնենք և սրա հետ միասին գցենք նույն տարայի մեջ ու կռվացնենք, տեսնենք՝ ով կհաղթի: «Բզեզ, սարդ» բառերը լսելով՝ թզուկը սարսափահար եղավ, նա սկսեց տղաներին խնդրել, որ իրեն բաց թողնեն, ախր ինքն էլ իրենց պես կենդանի էակ է, հայրիկ, մայրիկ ունի, նրանք սպասում են իրեն, ընկերներ ունի, դպրոց է հաճախում, սակայն տղաները նրան ընդհանրապես չէին լսում, կարծես լսելու ունակությունը կորցրած լինեին, տարերքի մեջ բզեզ էին փնտրում:

-Լավ, մինչ բզեզին գտնենք, եկեք նրան գետակում մի տերևի վրա նստացնենք, որպես նավավար, տեսնենք՝ ինչ կլինի:

-Բայց ես լողալ չգիտեմ,-գոռաց թզուկը,-սակայն նրան դարձյալ ոչ ոք չէր լսում: Մի հարմար չափսի տերև գտան և թզուկին դրեցին վրան։ Խեղճ թզուկը վախից կուչ էր եկել, լողալ չգիտեր, նա շատ փոքրիկ էր, մտածում էր՝ «բա՞ որ մի մեծ դոդոշ հանկարծ իրեն ուտի»: Մեծ ուրախություն ապրեցին տղաները թզուկին տերևով գետակն ի վեր քարշ տալով, որի ընթացքում թզուկը մի քանի անգամ սուզվեց, խփվեց քարերին, հասցրեց մի ձկան պոչին էլ նստել: Տղաները հոգնեցին վազելուց, և թզուկն էլ մի պահ սուզվել էր, Արսենը թելն օդում պտտելով թզուկին հանեց ջրից, չէին ուզում նրան իրենց ձեռքից բաց թողնել, նրա հետ դեռ խաղալ էին ուզում: Ահը սրտում, նեղված, տխուր, խեղճ թզուկը լաց էր լինում և զարմանում էր տղաների չարության վրա. «Ա՜խ, եթե ես թզուկ չլինեի»,-մի պահ մտածեց նա։ Շա՜տ- շա՜տ տխուր էր թզուկը, նա իր թրջված գլխարկն էր ճմռթում և լաց էր լինում․ «Ա՜խ, գոնե հայրիկս լիներ այստեղ: Ախր, նրանք չեն լսում ինձ, մի՞թե նրանց համար շատ ցածր եմ խոսում, լավ հիմա կգոռամ՝ ինչքան ուժ ունեմ»:

-Խնդրում եմ, ինձ մի՛ տանջեք, ախր ցավում է, այդպես հարմար չէ, դուր չի գալիս,- գոռում էր նա, բայց նրան լսող չկար:

 -Եկեք թուղթ վառենք, դնենք բերանը, տեսնենք ականջներից ծուխ դուրս կգա՞:

-Չէ, չէ, եկեք տարբեր գույնի ներկերով ներկենք, դառնա իսկական խաղալիք:

-է՜է, ինչ խաղալիք, եկեք տանենք կրկես, ծախենք:

Այդ պահին Մարին արդեն թաքնված հետևում էր նրանց, նա մի մեծ պայուսակ խնձոր ու տանձ էր հավաքել և անտառով մեկ նրանց էր փնտրել, և շատ հեռվից լսելով նրանց սանձարձակ հռհռոցը՝ գտել էր նրանց և հարմար պահի էր սպասում: Տեսնելով խեղճ թզուկին՝ աղջկա սիրտը հազար կտոր եղավ, ա՜խ այդ չար տղաները, ինչպե՜ս են զվարճանում նրան ծաղրելով: Աղջիկը դուրս թռավ թաքստոցից և խնձորներով ու տանձերով սկսեց խփել տղաներին:

 -Է՜յ, այդ ի՞նչ ես անում:

-Հե՛տ տվեք իմ թզուկին, ես եմ նրան գտել, նա իմն է:

 -Հիմա էլ մերն է, թե կարող ես, վերցրու,-ասացին տղաներն ու ծիծաղելով փախան։

Մարին վազելով հասավ նրանց և խնձորներով խփեց առաջին պատահածին, վայր գցեց, տեսավ, որ թզուկը նրա մոտ չէ, վազեց մյուսի հետևից, նրան էլ տանձերով տապալեց, ու լավ էր, պարզվեց, որ հենց սրա մոտ էր թզուկը։ Նա ընկավ, և թզուկն ազատվեց նրա ձեռքից ու կաղալով վազեց դեպի աղջիկը: Մարին քնքշորեն նրան գրկեց, դրեց պայուսակի մեջ.

-Էլ մի՛ վախեցիր, քեզ այլևս չեմ կորցնի, դու կարող ես խնձոր ուտել և մի փոքր հանգստանալ իմ պայուսակում, հիմա սկսում եմ բարձրանալ քո սարը: Աղջիկը սկսեց արագ-արագ սարն ի վեր վազել, նա անընդհատ հետ էր նայում, որ հանկարծ տղաները չգան և թզուկին չգողանան, սակայն տղաներն արդեն սկսել էին կռվել իրար հետ, և մեկը մյուսին էր մեղադրում թզուկին կորցնելու մեջ: «Լավ, մինչ սրանք իրար մեջ հարցեր լուծե,ն ես արագ գնամ իմ գործին»,-մտածեց աղջիկը: Շնչակտուր վազելով՝ նա հասավ սարի գագաթին.

-Դե, փոքրի՛կ, դուրս արի, տե՛ս, այստեղ որտե՞ղ է քո տունը:

Մի քանի մատնաչափ արահետով թզուկը գնաց-գնաց, թուփ ու տերև բացելով՝ մի մեծ սունկի առջև կանգնեց.

 -Այս սունկը դեպի մեր սար տանող դուռն է, արի ինձ հետ, մեզ մոտ մեկը մյուսին չի ծաղրում, անգամ եթե նա մեզ նման չէ: Աղջիկն ուրախացավ այդ առաջարկից և համաձայնեց, թզուկը բացեց սնկի գլխիկը, և դեպի սարը տանող ճանապարհը երևաց։ Նրանց ընդառաջ վազեցին փոքրիկ թզուկի ծնողները, գրկեցին նրան, անգամ օդ բարձրացրին, նրանք մեկ ու կես թզի չափ ավելի մեծ էին նրանից․ զարմացած նայեցին աղջկան, որը ծնկաչոք էր: Նա այդ դիրքով, գլուխը խոնարհած հազիվ էր տեղավորվում սարի մեջ, թեև հսկա սար է, բայց աղջկա համար տեղ չկար:

-Սա Մարին է, նա ինձ փրկել է չար տղաներից և հասցրել այստեղ, ուզում եմ նրան իմ սենյակը և իմ նկարները ցույց տալ, խոստացել եմ, կարելի՞ է:

-Դե, եթե նա քո ընկերն է, կարելի է,-պատասխանեցին:

Նրանք գնացին թզուկի սենյակը, այնտեղ գեղեցիկ նկարներ կային։

-Տե՛ս, ես էլ քեզ պես նկարում եմ, նայի՛ր, սա իմ սիրելի վայրերն ու հանքերն են։

Աղջիկը զարմացած նայում էր, թե ինչպես է թզուկն արագաշարժ դես ու դեն անում և իր հետաքրքիր իրերը ցույց տալիս:

- Դու քո սարի մեջ էլ չե՞ս կաղում:

Թզուկը ծիծաղեց.

-Կաղում եմ, պարզապես մեզ մոտ ճանապարհներն այնպես են պատրաստված, որ եթե կաղում ես, քայլելիս գետինը հարմարվում է քո ոտքին, մեզ մոտ բոլորի մասին մտածում են: Այ, եթե մարդիկ մեր բարեկամները լինեին և մեզ հյուր գային, մեր թունելները նրանց համար ավելի հարմար կպատրաստեինք, բայց դու առաջինն ես, և այն քեզ հարմար չէ, բայց արի գնանք այգի, այնտեղ ավելի լավ է, մեր ճարտարապետներին կասեմ, որ դու իմ ընկերն ես, և նրանք քեզ հարմար թունել կփորեն, որ մյուս անգամ այստեղ գաս, չնեղվես:

Թունելի միջով մի կերպ առաջ էր շարժվում աղջիկը։ Շուտով հասան այդ հրաշալի այգուն, այստեղ աղջիկն ավելի հարմար էր զգում իրեն, գլուխը կարողանում էր ուղիղ պահել, բայց կանգնել չէր կարողանում: Այգին լուսավոր էր և զով, ծառերը կանաչ տերևներով էին, սակայն փայլ ունեին, իսկ ծաղիկներն ու թիթեռները փոփոխում էին իրենց գույները:

-Այս ի՜նչ գեղեցիկ է ձեր այգին:

Թզուկը հպարտ կանգնել էր այգու մեջտեղում:

 -Իմ հայրիկն է այգեպանը, տե՛ս, մեր ծառերը խոսում են, այ այն թզուկը չի տեսնում և ծառը պատմում է նրան իր մասին՝ քանի ծաղիկ կամ միրգ ունի, դրանք ինչ գույն, ձև ունեն, տերևները քանիսն են, իսկ սրանք կախարդական թռչուններն են․ դրանք տարբեր գույնի փոքրիկ, բարալիկ ոտիկներով, մի փոքր երկար պոչիկով թռչուններ էին։ Նրանք նստում են լսողական խնդիր ունեցողների ուսին և դայլայլում, պատմում, թե ինչ երաժշտություն է հնչում այգում։ Կարծում եմ, որ այս թռչուններից մեկը կարելի է տալ այն տղաներին, ա՜խր նրանք չեն լսում:

-Նրանց սիրտը փակ է, դրա համար նրանք քեզ չեն լսել, չէ՞ որ դու նրանց համար փոքրիկ արարած ես, արժեք չունեցող մեկը, նրանք քեզ որպես խաղալիք են դիտել, հետևաբար քեզ երբեք չէին լսի, խեղճերին նրանք ականջալուր չեն լինում,-խոսելով մոտեցավ թզուկի ուսուցիչը։

 -Բարև, ես Մարին եմ:

-Ես ուսուցիչ թզուկն եմ,-ներկայացավ նա և շրջվելով՝ իր աշակերտին հարցրեց,- այդքան շա՞տ ես վստահում այս աղջկան, որ բերել ես այստեղ:

-Այո՛, նա և ՛բարի է, և՛ քաջ:

 -Լավ, ես արդեն գիտեմ քո պատմությունը, եկեք գնանք հանք և տեսնենք: «Հա՞նք, ի՞նչ հանք»,-մտածում էր աղջիկը, տեսնես ո՞ւր ենք գնում: Նրանք հրաշք այգու միջով, վերջին ծառուղով գնացին և հասան հանքին:

-Լավ,-ակնոցն ուղղելով՝ ասաց թզուկը,-ուրեմն դու Մարին ես, ծնվել ես… թվին, քաղաք…

 -Իսկ ի՞նչ է նա անում,-շշուկով հարցրեց աղջիկը թզուկին:

 -Ես,- պատասխանեց ուսուցիչը ակնոցը սրբելով,- քո քարը կամ ապակին եմ փնտրում,- «ապակի» բառը երկարացնելով՝ ասաց ուսուցիչը,- գիտե՞ս, ամեն սար իր թզուկներն ունի, ամեն երեխայի ծնունդի հետ մենք նրանց բակից ամենաողորկ քարը կամ ամենամաքուր ապակին ենք վերցնում և նրա անունով ստեղծված տուփի մեջ տեղադրում: Նրա կյանքում կատարած լավ, բարի, խելացի արարքներով պայմանավորված՝ այդ քարը կամ ապակին ժամանակի ընթացքում դառնում է ադամանդ կամ՝ ահա տե՛ս, սա ձեր բակի մյուս տղաների ապակիներն են, տեսնում ես, ի՜նչ փոշոտ են նրանք, իսկ քոնը, սա… ա՛յ, ահա՛ սա քոնն է, գտա Մարի, ծնված ….ին, օրը․․․

Նա հանեց արկղը և ամբողջ տարածքը շլացուցիչ լույսով լցվեց, աղջիկն անգամ մի պահ աչքերը փակեց.

-Տեսնու՞մ ես, ինչքա՜ն բարի գործեր ես արել, գիտե՛ս, մարդիկ կան, որ այդպես էլ նրանց քարը կամ ապակին չի փայլում, որը շատ վատ է։

-Վատ է, քանի որ չա՞ր են նրանք,- հարցրեց աղջիկը:

-Միայն դա չէ, միայն դա չէ,-ծոր տալով ասաց ուսուցիչը։ - Դե ինչ, արդեն երեկո է, շուտով աստղերը կերևան երկնքում, լավ ես արել, փոքրի՛կ, որ բերել ես աղջկան այստեղ, եկե՛ք:

Ուսուցիչը վերցրեց արկղը և գնացին՝ թզուկը թռչկոտելով, աղջիկը՝ ծնկաչոք։ Նրանք սարի հակառակ կողմից դուրս եկան:

-Տե՜ս, Մարի՛, քո ադամանդը հիմա երկինք կուղարկենք, այն կդառնա մի փայլուն աստղ, երբեմն քամին նրա վրայից աստղափոշի կբերի երկրի վրա, և մի բուռ բարություն կտարածվի աշխարհում։  Երկիրն ու երկինքը գտնվում են կապի մեջ, տե՛ս, այստեղ`երկրում, կատարած քո բարի գործերի դիմաց դու աստղ կունենաս երկնքում, նա կարող է նաև քո երազանքներն իրականացնել:

-Ի՜նչ հետաքրքիր է, երբեք չեմ մտածել, որ մի բարի կամ լավ բան անելու համար պետք է պարգևատրվեմ, անգամ չեմ էլ մտածել, որ այն ամենը, ինչ ես անում եմ, բարություն է:

-Այո՛, բարությունը հստակ կանոնակարգված գործողությունների շարք չէ, չկա բարու կամ չարի սահմանում, բայց կա մի գիծ, մի սահման, որ բարիները չեն անցնում, ու կա մի ճանապարհ, որ բարիներն են կառուցում, այդ ճանապարհը բաց է բոլորի համար: Շատերն այնտեղ գտնում են գիտելիք, ջուր, հաց, ոմանք՝ հագուստ, ոմանք՝ ընտանիք: Ցավոք, այդ ճանապարհը շատ դանդաղ է կառուցվում,-լռեց թզուկը․ երեքով նայում էին երկնքին:

- Դու ուշադիր եղիր երկնքին ու կտեսնես, որ ինչքան մարդաշատ է վայրը, այնքան երկինքը մռայլ է․ մեծ քաղաքներում լինում են գիշերներ, երբ երկուսից հինգ աստղ հազիվ է նշմարվում, իսկ այստեղ՝ սարերում, երկինքն աստղալից է, վառ ու ինչքա՜ն խաղաղ, ամեն մեկը երկրում դեպի երկինք է ուղարկում կամ լույս, կամ գորշություն, սակայն գորշությունը ծանր է, այն չի կարող շատ վեր բարձրանալ, դրա համար մնում է կախված քաղաքների վրա, իսկ վառ աստղերը թռչում են վեր, որ ավելի շատ մարդկանց տեսանելի լինեն և կարողանան շատերին լուսավորել։ Հույս կա, որ մի օր նրանք ավելի շատ կլինեն, քան գորշությունը, կճեղքեն գորշության մառախուղը, և ամեն տեղ կյանքը պայծառ կլինի: Բարությունն ամենամեծ արժեքն է դառնում, եթե այն լինում է վարակիչ։ 

Ուսուցիչ թզուկը, աղջիկը և փոքրիկ թզուկը շողշողացող ադամանդը բռնեցին և շատ թեթև փչելով՝ երկինք ուղարկեցին: Աստղը հասավ իրեն հարմար մի կետի և սկսեց ավելի վառ շողշողալ։

-Տե՜ս, ինչ պայծառ է այն, իմացի՛ր, որ եթե շարունակես լինել բարի, այն միշտ պայծառ կմնա, չի խամրի, իսկ հիմա գնա տուն, արդեն ուշ է։ Եվ ի պատասխան քո արածի՝ վերցրու այս թռչունին, որը  կարողանում է աշխարհի գեղեցկության մասին պատմել բոլորին, դիր քո հարևան տղայի ուսին, տե՛ս՝ ի՞նչ տեղի կունենա:

Թռչունն ուսին՝ աղջիկը սարից իջավ ցած և գնաց տուն: Նա պառկեց քնելու, պատուհանից իրեն իր բարությունից ծնված աստղն էր նայում, աղջիկը թաքուն երազում էր, որ  մի օր կկարողանա այնքան մարդկանց վարակել բարությամբ, որ իր աստղի շուրջ էլ մի օր մի բարի մոլորակ կստեղծվի: Առավոտյան նա գնաց հարևան տղայի մոտ, թռչունը միանգամից նստեց նրա ուսին և սկսեց երգել: Նրանք սկսեցին միասին խաղալ, Մարին զարմացած էր, առաջին անգամ տղան նախընտրեց իր հասակակից մեկի հետ խաղալ, փոքր ու անօգնական արարածներին`մրջյուն, բզեզ, կատու կամ.. թզուկ տանջելու և ծաղրելու փոխարեն: