«Զատիկը». հեքիաթ

հեքիաթ

Մի լուսավոր առավոտ, երբ արևն իր շողերն էր խնամքով դասավորում երկրի վրա, հրաշք կատարվեց՝ փայլուն աչուկներով և փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ մի զատիկ ծնվեց կանաչ մարգագետնում ապրող ծաղիկներից մեկի գրկում։ Ծաղիկը նրան ժպտաց և իր գլխիկի ամենատաքուկ և ապահով անկյունում փոքրիկին տեղավորեց։

Զատիկն անհոգ ուտում էր, քնում և մեծանում։ Նա աշխարհում ամենաերջանիկն  էր, չէ՞ որ իր ծաղիկն ամենաանուշաբույրն ու հոգատարն էր։

Շուտով փոքրիկ բզեզիկը սկսեց ինքնուրույն քայլել, վազվզել և թռչկոտել, նա ամբողջ օրը խաղում էր ծաղկի  գրկում, բռնվում էր առէջներից, թափահարում, թավալ գալիս ծաղկափոշու մեջ, սահում էր  վարսանդի վրայով, գլորվում, անհոգ ծիծաղում և պոզիկներն ուրախ թափահարում։

Օրերից մի օր, երբ զատիկն արդեն մեծացել էր,  ծաղիկը իր տերևիկներով նրան գրկեց, պարզեց արևին և ասաց՝ թռի՜ր։

Զատիկը բացեց իր փոքրիկ թևիկները, թռավ դես ու դեն, կանաչ խոտի մեջ զբոսնեց, շատ ու շատ միջատների հետ ընկերացավ և ուրախ ու անհոգ թռվռալուց հոգնած՝ վերադարձավ  իր սիրելի ծաղկի գիրկը։ Եվ այսուհետ արդեն  ամեն օր զատիկը գնում էր խաղալու, սովորելու, աշխարհն ուսումնասիրելու և գալիս էր իր ծաղկի մոտ, երբ հոգնում էր, սոված էր, կամ էլ նրան շա՜տ էր կարոտում և ուզում էր ամուր- ամուր գրկել։

Զատիկը շատ երջանիկ էր, և թվում էր, թե ոչինչ չի կարող նրան տխրեցենել, սակայն մի օր նա ծաղկի տերևներից մեկի մոտ մի տարօրինակ բան տեսավ և հարցրեց՝ դա ի՞նչ է։

- Սա հարսնյակ է, իմ սիրելի՛ փոքրիկ բզեզիկ, շուտով մի գեղեցիկ թիթեռնիկ այնտեղից դուրս կգա և նա էլ մեզ հետ կապրի, և դուք հրաշալի ընկերներ կլինեք։  Զատիկը շատ անհանգստացավ, նա բեղիկները մտահոգ կախեց, թևերը հավաքեց, իր սիրելի ծաղկին համբուրեց ու  ամբողջ գիշեր անհանգստությունից չքնեց։ Չէ, նա շատ ուրախ էր թիթեռի համար, նա կծնվեր ու կապրեր աշխարհի ամենալավ ծաղկի գրկում, բայց զատկի սիրտը տխուր էր, նա անհանգիստ էր իր համար, իսկ ինքն ի՞նչ պետք է աներ։ «Մի՞թե ես պետք է թողնեմ իր սիրելի ծաղկին ու հեռանամ։ Չէ, բայց ծաղիկն ասաց , որ մենք միասին ենք ապրելու, այդ դեպքում, որտե՞ղ եմ ես ապրելու, խաղալու, իմ սիրելի ծաղկաթերթերը մի՞թե այլևս ինձ չեն օրորելու ու պաշտպանելու»,-օր ու գիշեր  մտորում էր զատիկը։ Եվ մի օր էլ նա որոշեց հավաքել իր իրերն ու  հեռանալ։ Նա պատրաստվում էր  վերջին անգամ գնալ իր ընկերների հետ մարգագետնում խաղալու և, օ՜ զարմանք, թռնելիս տեսավ, որ ա՜յ այն՝ աջ կողմում գտնվող տերևի մոտ, որտեղ հարսնյակն էր,  ծաղկի  մի նոր գլխիկ է բացվել, նա շատ հուզվեց, հետ թռավ, մեղավոր գրկեց իր ծաղկին և սկսեց հոնգուր- հոնգուր լաց լինել: Նա հասկացել էր, որ իր ծաղիկն իրեն է մնալու, և նրանց ոչինչ չի բաժանելու։

Ծաղիկը իր թերթիկներով անուշ գրկեց փոքրիկին և ասաց․

- Իմ փոքրի՛կ բզեզիկ, մի՛շտ հիշիր, ես քեզ շատ եմ սիրում, և այդ սերը  չի կարող կիսվել կամ պակասել, որովհետև այդ սերն անվերջանալի հրաշք է, որը սկսվել է և երբեք-երբեք չի ավարտվելու։ Իմացի՛ր, որ յուրաքանչյուր փոքրիկ միակն է ու անփոխարինելին, տե՛ս, մեր նոր փոքրիկի հետ էլ  հիմա սկսվում է մի նոր ու անվերջանալի սեր, և գիտե՜ս, շուտով դու ինքդ կհամոզվես, որովհետև քո փոքրիկ սրտիկում էլ կա այդպիսի անվերջանալի սեր։

Զատիկը սրբեց  աչքերում լճացած արտասուքը, համբուրեց իր անուշահոտին  և ուրախ- ուրախ շարունակեց ապրել  իր ծաղկի սրտում։

Այո՛,  ծաղիկը ճիշտ էր՝ նրա կյանքում սերը չպակասեց, այլ ավելացավ, նրա օրերը դարձան ավելի հետաքրքիր և ուրախ, քանի որ նա հիմա ուներ ևս  մի հրաշալի ընկեր՝ թիթեռնիկին։ 

 

Հեղինակ՝ Աստղ Մադաթյան