Երազանք․ հեքիաթ փոքրիկ Սոֆիի մասին

հեքիաթ

Փոքրիկ Սոֆին սիրում էր փակվել սենյակում, թղթե ինքնաթիռներ պատրաստել և թռցնել 16-րդ հարկի իր  պատուհանից։ Դողդոջուն ձեռքերով նա դանդաղ և մանրակրկիտ պատրաստում էր յուրաքանչյուր օրվա խոսող ինքնաթիռները և ուղարկում տարբեր ուղղություններով։

Աղջիկը քամուն խնդրում էր, որ  օրվա հասցեատերերին նա ընտրի, չէ՞ որ քամին ամենուր կարողանում էր մտնել և գիտեր, թե որտեղ ինչի պակաս կա։ «Ժպտա՛», «սրբի՛ր արցունքներդ», «վստա՛հ եղիր»՝ նման ոգևորող կոչերով ինքնաթիռները դարձել էին վարդագույն քաղաքի բնակիչների սիրելի և սպասված ուղերձները։

Մի օր, սակայն, քամին փակ գտավ Սոֆիի պատուհանը, նա սկսեց թակել այն, սակայն բացող չեղավ, սենյակը մութ էր ու անշունչ։ Քամին շատ անհանգստացավ, նա գիտեր, տեսել էր, որ Սոֆին առողջական խնդիրներ ունի՝ աղջիկը հենակներով էր շարժվում, ձեռքերը դողում էին, իսկ խոսելիս դժվարանում էր։ Քամու սիրտն անհանգստությունից սկսեց արագ զարկել, նա ամբողջ ուժով թակում էր պատուհանը, բայց պատասխան չկար ու չկար։ Հուզմունքից քամին մոլեգնեց, գետնին խփվելով  թափ հավաքեց, թռավ 16_րդ հարկ և  պատուհանի, այնուհետև անթափանց և ծանր վարագույրի հետ կատաղի կռիվ տալով՝ մտավ սենյակ։ Այնտեղ ոչ ոք չկար։Քամին սկսեց տնով մեկ շրջել, աղջկան փնտրել, բայց իզուր, Սոֆին տանը չէր։ Նրա հագուստները միայնակ ու լուռ կախված էին, կոշիկները քիթ քթի տված իրենց հազարերորդ երազն էին վայելում, իսկ փայլփլուն մազակալները երազկոտ աչուկներով սպասում էին, թե մեկ էլ երբ նորից կզարդարեն Սոֆիի փափուկ ու փարթամ վարսերը։ Քամին նստեց նրա գրասեղանի մոտ, գտավ սպիտակ թղթերի կապոցը, որոնցից մի քանիսի վրա հատուկենտ ծաղիկներ էին նկարված և ուժգին փչելով դուրս բերեց դրանք սենյակից։ Բարձրահարկ շենքի 16-րդ հարկի պատշգամբից դատարկ սպիտակ թղթեր էին թափվում, անհասցե թղթերը շփոթված պարելով ընկնում էին գետնին և գնում էին կորչելու  օրվա փոշու և կեղտի մեջ ։

Հուսահատ քամին ամիսներով փնտրեց աղջկան, նա թափառում էր ամենուր, հետ գալիս  նրա պատուհանի մոտ և կարոտով սուլում։ Մի առավոտ էլ, երբ քամին սովորականի նման մի քանի ծաղկաթերթ գրկած եկավ աղջկա պատուհանի մոտ, ուրախությամբ տեսավ սենյակում պառկած  Սոֆիին, ներս խուժեց, փաթաթվեց աղջկան, անցավ մազերի միջով և զարմացած կանգնեց մնաց իր տեղում, աղջիկն անշարժ պառկած էր, նա անտարբեր հայացքով նայում էր մի կետի և բնավ ցանկություն չուներ թղթե ինքնաթիռներ պատրաստելու։ Այդ ժամանակ քամին բացեց թղթերով լի դարակը, խնամքով հանեց դրանք, բերեց շարեց աղջկա շուրջը, բայց միևնույն է, աղջիկն անտարբեր էր։ Քամին շատ տխրեց. Սոֆին հուսահատ էր։ Քամին ցանկանում էր օգնել նրան, և նա ամեն օր գալիս էր, հանում աղջկա թղթերը, խնամքով դասավորում նրա շուրջը, խնդրում էր ինքնաթիռներ պատրաստել, բայց իզուր։ Հուսահատությունից մեղմ զեփյուռի նման  սոսափող քամին մոլեգնում էր,  կատաղում և քաղաքով մեկ շաղ տալիս սպիտակ դատարկ թղթեր։ Քաղաքի բնակիչներն էլ, որ սպասում էին իրենց քաջալերող խոսող ինքնաթիռներին, սպիտակ դատարկ թղթեր էին ստանում և չէին իմանում՝ ինչ անեն։ Նրանք խնդրեցին քամուն, որ պատմի այդ բարի բնակչի մասին և, իմանալով եղելությունը, որոշեցին օգնել աղջկան։ Բարեբախտաբար, քաղաքի շենքերից մեկի երրորդ հարկում մի բարի հրաշագործ էր ապրում, որն իր օգնությունն առաջարկեց.

- Ես գիտեմ, թե ինչ կանենք, բայց դուք բոլորդ պետք է ինձ օգնեք։

Նա պահանջեց, որ յուրաքանչյուրը բերի այնքան գունավոր փուչիկ, որքան որ բարություն է  ստացել անծանոթից, և ինքը գնաց իր կախարդական սենյակը։

 Հաջորդ առավոտ քամին նորից եկավ և պատուհանը բացելով՝ մտավ ներս, աղջիկն անտարբեր պառկած էր, բայց քամին այդ անգամ ավելի չարաճճի խնմնդալով էր պտտվում սենյակում և չէր շտապում աղջկա թղթերը խառնել։ Նա հանգիստ սենյակում սուլում էր, երբ պատուհանի մոտ հայտնվեցին անթի՜վ-անհամա՜ր, միլիոնավոր գունավոր փուչիկներ, և դրանց ամրակցված մի մե՜ծ, շա՜տ մեծ ստվարաթղթե ինքնաթիռ։ Այդ ինքնաթիռի վրա հավաքվել էին  մարդիկ, որոնց մոտ աղջկա  ուղարկած թղթե փոքրիկ ինքնաթիռներն էին, նրանք ժպտալով և մեծ ոգևորությամբ Սոֆիին էին ուղարկում նրա իսկ  ստեղծած «ժպտա»-ն, «քայլիր»-ը, «հաղթիր»-ը, «ընկերասեր եղիր»-ը և նման այլ բարի կոչերը։ Աղջկա անտարբեր հայացքը կենդանացավ։ Նա շատ զարմացավ և չէր հավատում իր տեսածին, նրա աչքերում կուտակված տխրությունը հալվեց և այտերն ի վար ցած գլորվելով փախավ գնաց։

Հրաշագործը նրան գրկեց, նստեցրեց իրենց մե՜ծ, շա՜տ մեծ ստվարաթղթե ինքնաթիռը և բոլորով ճախրեցին կապույտ երկնքում, նավարկեցին արևի շողերի վրայով, քամու թևին նստած ճոճվեցին և այնտեղ՝ բարձրից վարդագույն քաղաքի բոլո՜ր-բոլո՜ր բնակիչների համար թղթե ինքնաթիռներ ուղարկեցին։

Երկնքում ճախրող անհաշիվ թղթե ինքնաթիռներից մեկն էլ Սոֆին բռնեց, նա ամուր պահում էր  այն և վախենում էր նայել, մտածում էր՝ տեսնես իր ընկեր քամին ո՞րն է իրեն բաժին արել։ Երեկոյան, երբ Սոֆին արդեն տանն էր և հրաշագործը նրան հրաժեշտ տվեց,  նա աչքի պոչով տեսավ աղջկա բռունցքում պահված «վազիր երազանքիդ հետևից»-ը  և որոշեց անպայման օգնել  նրան։

Մի ամբողջ գիշեր հրաշագործը չքնեց, հազարավոր կախարդական գրքեր թերթեց, տարբեր թուրմեր իրար խառնեց, ծանոթ և անծանոթ խոսքեր շշնջաց և, ի վերջո, իր ստացած կապտամոխրագույն ծխին մարդկանց ժպիտներից պոկված լույսը խառնելով՝ Սոֆիի համար մի  թուրմ ստացավ։ Առավոտյան աղջիկն այն խմեց և սկսեց քայլել, հետո վազել, վազել իր երազանքերը գտնելու։

 

Հեղինակ՝ Աստղ Մադաթյան