Առանց սրածայրերի երկիրը․ հեքիաթ

հեքիաթ

Մի օր հայտնի ճանապարհորդ Ջիովանի Պերդիջիորնոն հասավ մի քաղաքի, որտեղ տների բոլոր անկյունները կլորավուն էին, իսկ գեղեցիկ տանիքները կորաձև էին վեր խոյանում։ Սրանկյուն տներից զուրկ այդ քաղաքում ցանկապատների ողջ երկայնքով գեղեցիկ վարդեր էին աճում։

Ջիովանին բոլորի պես գիտեր, որ վարդերը սուր փշեր ունեն: Այդ էր պատճառը, որ նա առանձնակի զգուշությամբ մի վարդ պոկեց ու ամրացրեց իր վերնաշապկի կոճականցքին։  Եվ, օ՜ զարմանք։ Ջիովանին նկատեց, որ վարդը սուր փշեր չունի։  Հենց այդ պահին նրան մոտեցավ քաղաքային տեսուչը՝ մեղրանուշ ժպիտը դեմքին։

- Դուք չգիտե՞ք, որ վարդ քաղելն արգելված է։

- Ե՞ս: Չգիտեի, ներեցե՜ք,- շփոթված ասած Ջիովանին։

- Այդ պարագայում նա կվճարի տուգանքի կեսը,- ժպտալով ասաց տեսուչն ինքն իրեն։

Նա իր հաճելի ժպիտով նման էր այն մարդուն, որը Պինոքիոյին և նրա նմաններին ուղեկցում էր դեպի «Զվարճանքների կղզին»։ Եվ ահա, նա իր ոչ սրածայր մատիտով սկսեց լրացնել տուգանքի թուղթը։

Ջիովանին, տեսնելով նրա բութ մատիտը, ապշած հետ-հետ  վազեց ու բղավեց․

- Իսկ կարո՞ղ եք ինձ ձեր սուրը ցույց տալ։

- Այո՛, իհարկե,- անփոփոխ սիրալիրությամբ պատասխանեց ժպտադեմ ծառայողը։

Ասելն էլ է անիմաստ, որ այդ սուրը բոլորովին սուր չէր, այն շեղբ չուներ։ Ուստի Ջիովանին հարցրեց․

- Ի՞նչ երկիր եմ ես եկել։

 - Առանց սրածայրի երկիրը,-  պատասխանեց տեսուչն այնպիսի բարեհամբույր կերպով, որ եթե այդ պատասխանը գրավոր ուղարկվեր, ապա այն հաստատ գրելու էր վայելչագրության ամենալավ մասնագետը։

- Իսկ մե՞խ,- շարունակեց ապշած Ջիովանին։

- Օ՜, մենք մեխերից վաղուց ենք հրաժարվել։ Անհիշելի ժամանակներից ի վեր մենք միայն սոսինձ ենք օգտագործում։ Այժմ խնդրում եմ  ապտակել ինձ երկու անգամ։

Ջիովանին զարմանքից այնպես բացեց բերանը, կարծես պատրաստվում էր մի մեծ տորթ կուլ տալ։

- Այդ ի՞նչ եք ասում։ Ինչպե՞ս կարող եմ ես նման բան անել կամ ինչու՞ պետք է ապտակեմ ձեզ։ Բացի այդ, ես չեմ ցանկանում պետական աշախատողին ապտակելու համար պատժվել։ Այդպես բոլորովին արդար չէ։ Եթե ինչ-որ մեկն արժանի է ապտակի, ապա դա ես եմ, բայց ոչ երբեք դուք։

- Մեզ մոտ այդպես է։ Ամբողջական պատիժը չորս ապտակ է, իսկ մասնակին՝ երկու։ Եվ քանի որ դուք չիմանալով եք վարդը քաղել, ապա ձեզնից կպահանջվի երկու ապտակ հասցնել տեսուչի դեմքին,- սիրալիր և համբերատար բացատրեց նա։

- Ապտա՞կ, տեսուչի՞ն։

- Ճիշտ այդպես, երկու ապտակ տեսուչին,- դեմքը պատրաստակամ պահած ասաց տեսուչը։

- Բայց դա անարադար է, դա սարսափելի է,-  բողոքեց Ջիովանին։

- Իհարկե անարդար է ու սարսափելի։ Այդ անելն այնքան անհարմար է, որ մարդիկ չափազանց զգույշ են։ Նրանք երբեք չեն խախտում օրենքը, այլապես ստիպված են լինելու ապտակել խեղճ տեսուչին, որը ոչ մի սխալ բան չի արել։  Նրանք գիտեն, որ դա չեն կարողանալու ապտակել նրան և երբեք օրենքը չեն խախտում։ Այս ամենն օգնում է նրանց չսխալվել։ Դե՜, ապտակի՛ր ինձ երկու անգամ և մյուս անգամ ավելի ուշադիր եղիր։

- Բայց ես չեմ ուզում մատով անգամ դիպչել ձեզ, էլ ուր մնաց  ապտակել։  Փոխարենը՝ ես ուզում եմ Ձեր գլուխը շոյել։

- Այդ դեպքում ես ստիպված եմ ձԵզ քաղաքից դուրս հրավիրել։

Ամոթահար Ջիովանին լքեց քաղաքը, բայց մինչ օրս նա իր սրտի խորքում փափագում է նորից գնալ և ապրել այնտեղ՝ այդ գեղեցիկ քաղաքում, որտեղ մարդիկ այնքա՜ն սիրալիր են, իսկ տները՝ խնամքով հղկված կլորավուն տանիքներով։

 

Հեղինակ՝ Ջիանի Ռոդարի

 Թարգմանիչ և իլյուստրատոր՝ Աստղ Մադաթյան