Անհաղթ աքլորը

հեքիաթ

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում: Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում: Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ... Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն: Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում: Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց...

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է. — Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին: Աքլորն էլ կտուրն է բարձրանում. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է — Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից: Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն: Տանելիս կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ... Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է. — Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի: Կոկորդով գնալիս կանչում է. — Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն: Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն: Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի. — Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ... — Զարկե՛ք...— հրամայում է թագավորը: Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում: Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի. — Ծուղրուղո՜ւ...