Sidebar

Ծեր հայրը

Հին ժամանակներում այսպես էր. երբ հայրը ծերանում էր` որդին նրան տանում-թողնում էր անտառի խուլ թավուտում...

Եվ ահա մի անգամ որդին հորը տարավ թավուտ: Հորը խղճում էր, նրան շատ էր սիրում, բայց ի՜նչ կարող էր անել, կարգն այդպես էր: Չտանես` մարդիկ ձեռ կառնեն, կասեն հնոց սովորությունները չի հարգում, դեռ գյուղից էլ դուրս կհանեն...

Տղան տխուր քշում էր սայլը: Ճանապարհին հայրն ասաց.

-Զավա՛կս, մի՞թե դու ինձ` տկար ծերուկիս, մենակ կթողնես անտառում:

Որդին մատծմունքի մեջ ընկավ, արցունքը սրբեց` ասաց.

-Ո՛չ, հայրի՛կ, չեմ թողնի, բայց գոնե ի տես մարդկանց հարկավոր է այդպես անել: Գիշերը

ետևիցդ կգամ ու մինչև մահդ քեզ անձավում կպահեմ, որ ոչ ոք չտեսնի:

Ու այդպես էլ արեց: Երբ մութն ընկավ` հորը թավուտից բերեց թաքցրեց անձավում:

Այդ տարի դժբախտություն պատահեց. կարկուտը ամբողջ հացահատիկը տարավ, նոր ցանքսի համար բան չմնաց:

Որդին եկավ հոր մոտ` հարցրեց.

-Ինչ պիտի անենք. հացահատիկ չցանենք` եկող տարի անհաց կմնանք:

Հայրն ասաց.

-Ո՛չ, զավա՛կս, քանի ես կենդանի եմ` մենք անհաց չենք մնա: Լսիր ինձ. երբ դու փոքր էիր, ես մի մարագ շինեցի: Այդ տարի լավ բերք կար. ես էլ մարագի կտուրը չկալսած ցողուններով ծածկեցի: Կտուրը քանդիր, ցողունները կալսիր` ցանելու հատիկ կունենաս:

Որդին այդպես էլ արավ. կտուրից ցողունները հանեց, կալսեց ու աշնանը հատիկները ցանեց:

Հարևանները զարմացան. նա որտեղի՞ց ցանելու հատիկ ճարեց. Որդին լռում էր. հո չէ՞ր կարելի խոստովանել, թե ծեր հայրն է իրեն օգնել:

Ձմեռը եկավ: Ուտելու բան չկար: Որդին նորից գնաց հոր մոտ.

-Այսպես ու այսպես,- ասաց,- մնում է, որ սովից մեռնենք...

-Ո՛չ,- ասաց հայրը,- մենք սովից չենք մեռնի: Կսիր ինչ եմ ասում. բահը վերցրու, խրճիթի թարեքի տակ փորիր: Երբ ես ջահել էի` այնտեղ մի քիչ փող եմ թաղել սև օրվա համար: Կյանքը, որդյա՛կս, հարթ դաշտ չէ, ամեն ինչ էլ կարող է պատահել:

Որդին ուրախացավ, հոր թաղած փողը հանեց` ցորեն գնեց: Համ իր ընտանիքն էր ուտում, համ էլ հարևաններին էին տալիս: Մի օր սրանք հարցրին.

-Ասա, եղբա՛յր, որտեղի՞ց ես հաց ճարում:

Որդին խոստովանեց.

-Ինձ հայրս է կերակրում:

-Ո՞նց թե,- զարմացան հարևանները,- ախր հորդ տարել-թողել ես անտառի խուլ թավուտում, ինչպես բոլոր բարի զավակներն են անում:

-Ո՛չ,- ասաց որդին,- ես անյպես չվարվեցի , ինչպես դուք եք անում: Ես հորս պահել եմ. ինչքան իրեն կյանք է տրված` թող ապրի: Փոխարենը` հենց որ դժբախտության մեջ եմ ընկնում, հայրս ինձ օգնում է. ծերերն ավելի խելոք են, քան ջահելները:

Այդ ժամանակվանից որդինները այլևս իրենց հայրերին անտառի թավուտ չտարան, ընդհակառակը` ծերության օրերին սկսեցին նրանց պահել ու հարգել:

 

Բելառուսական ժողովրդական հեքիաթ