Մասնագետը լիովին անվտանգ է համարում հայկական արտադրության խաղալիքները

Երեխայի համար խաղալիքի ընտրությունը հեշտ չէ.  այն ոչ միայն գեղագիտական կամ դաստիարակչական, այլեւ անվտանգության տեսաnկյունից պետք է բավարարի մի շարք  պահանջներi: 2011-2012 թվականերին  ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը խաղալիքների տեխնիկական կանոնակարգերի եւ  արտադրանքների պահանջների համապատասխանության պահպանման նկատմամբ իրականացրել է  ստուգումներ,  որոնք ներառել են նաեւ խաղալիքների անվտանգությանը վերաբերող պահանջները:

«Ստուգումների արդյունքներով  տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խաղալիքների համապատասխանության սերտեֆիկատի, ինչպես նաև հայերեն մակնշման բացակայության հետ կապված խախտումներ, որոնց վերացման համար տրվել են կարգադրություններ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ` գլխավոր պետական տեսուչ Լեւոն Խալիկյանը: Նրա խոսքով` վերանշյալ խախտումները հետագայում վերացվել են եւ սահմանվել է  2,7 մլն.  դրամի չափով տուգանք:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում  ստեղծվել է աշխատանքային խումբ խաղալիքների անվտանգության ոլորտում ՀՀ  օրենսդրությունը  Եվրամիության օրենսդրությանը մոտարկման եւ համապատասխան իրավական ակտի մշակման համար:

«Հաշվի առնելով, որ հանրապետությունում խաղալիք արտադրող շատ քիչ կազմակերպություն կա, հիշյալ աշխատանքային  խմբում ընդգրկվել է հանրապետությունում հիմնական խաղալիք արտադրող ընկերություններից մեկի տնօրենը»,- նշեց Խալիկյանը:  Անդրադառնալով խաղալիքների արտադրության հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հեռանկարներին, Խալիկյանը նշեց, որ նախարարությունը կարեւորում է հիշյալ խնդիրներին համակարգային լուծում տալը  եւ  մշտապես աշխատանքներ են տանում  ոլորտի զարգացման ուղղությամբ:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը  2010 թվականին տեսչություն էր ներկայացրել «Ապրանքների ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Նախագիծը  հաստատման դեպքում հնարավորություն կտա  ավելի լավ վերահսկել ոլորտը եւ իրատեսական առաջընթաց արձանագրել»,- «Արմենպրես»-ին ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության  նախագահ Լուսինե Յագուբյանը: Նրա կարծիքով  հայաստանյան խաղալիքների շուկան ընդհանուր առմամբ անվտանգ է երեխաների առողջության եւ կյանքի համար, որպես ապացույց մատնանշելով այն, որ վերջին տարիներին անորակ խաղալիքների առաջացրած վնասի պատճառով հիվանդանոցներում երեխաներ չեն հայտնվել:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության  նախագահը հորդորեց  ծնողներին խաղալիք չգնել փողոցային կրպակներից կամ գետնանցումներից, այլ բացառապես մասնագիտացված խանութներից եւ սուպերմարկետներից` բծախնդրորեն խուսափելով չինական արտադրանքից եւ նախապատվությունը տալով տեղական կամ արեւմտյան  որակյալ ապրանքատեսակներին:

Խաղալիք գնելիս մասնագտը խորհուրդ է տալիս  անպայման ուշադրություն դարձնել վերոնշյալ կետերին եւ պահանջել վաճառողից խաղալիքի սերտիֆիկատը: Հայաաստանյան խաղալիքների շուկայում կան տարիներ շարունակ գործող  ընկերություններ, որոնց   արտադրությունը կազմակերպվում է նորագույն սարքավորումներով, ժամանակակից տեխնոլոգիաների եւ որակապես բարձր հումքի հիման վրա: Հումքը բացառապես մաքուր նյութեր են` ստեղծված հատուկ խաղալիքների արտադրության համար, որոնց որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Գաղտնի չէ, որ բնական հումք ունեցող ցանկացած   արտադրանք, այդ թվում խաղալիները,  հաճախ մատչելի չեն բոլորի համար, սակայն երեխային որակյալ խաղալիք գնելը այն դեպքն է, երբ «թանկից էժանը չկա » կարգախոսը ավելի  քան տեղին է: Բնական հումքից` մասնավորապես փայտից խաղալիքների գինը շուկայում սկսվում է  նվազագույնը 20.000  դրամից հասնելով` 100.000 եւ ավելի դրամի:

Հայաստանում խաղալիքները, համաձայն գործող տեխնիկական կանոնակարգի, ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, սակայն եթե կոնկրետ խմբաքանակը ներմուծման պահին չի սերտիֆիկացվում, իրացումը կատարվում է առանց վերահսկողության, այսինքն ներմուծողը ինքնակամ չի սերտիֆիկացնում ապրանքը: Մանկական խաղալիքներին ամբողջ աշխարհում, ինչպես եւ Հայաստանում,  ներկայացվում են հետեւյալ հիմնական պահանջները` հումքային անվտանգություն եւ արտաքին ձեւավորման համար օգտագործվող ծածկույթներ, որոնք չպետք է պարունակեն թունավոր եւ ալերգիկ տարրեր, արտահայտված հոտի եւ  գունային կտրուկ հարաբերություններ բացակայություն, որոնք կարող են ազդել երեխայի հոգեկանի, ինչպես նաեւ ձեւավորվող ճաշակի վրա, էլեկտրական խաղալիքների դեպքում էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի  թույլատրելի մակարդակը`  24վ գերազանցող լարումը: