Ինչո՞ւ հնարավոր չեղավ փրկել 25-ամյա հղի կնոջ և նրա նորածնի կյանքը. նա երկրորդ դստեր ծնունդին էր սպասում

Լուրեր

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 25-ին Աբովյանի ծննդատանը ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան դեպքից:

«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց, որ սա եզակի դեպք է իրենց պրակտիկայում, թեեւ մտաբերեց, որ նման մի դեպք պատահել է նաեւ 7 տարի առաջ:

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 25-ին Աբովյանի ծննդատանը ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան դեպքից:

«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց, որ սա եզակի դեպք է իրենց պրակտիկայում, թեեւ մտաբերեց, որ նման մի դեպք պատահել է նաեւ 7 տարի առաջ: Նրա խոսքով` Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն շաբաթ օրը` փետրվարի 25-ի առավոտյան, կնոջ  մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Կարճ ժամանակահատվածում արվել են անհրաժեշտ հետազոտությունները, որովհետեւ հիմնական հետազոտություններն արվել էին նախածննդյան հսկողության ժամանակ: Տնօրենի խոսքով` քանի որ կինն առաջին երեխան եւս ունեցել է կեսարյան հատմամբ, հետեւաբար` երկրորդն էլ պետք է  կեսարյան հատումով ունենար եւ հետո` ծննդատուն դիմելիս նա արդեն ցավեր է ունեցել եւ վտանգ կար, որ կարող է առաջանալ սպի պատռվածք:

«Վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ: Անհրաժեշտ է  եղել նեղ մասնագիտական օգնություն, տեղեկացվել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, նրա հրահանգով ռեանիմացիոն 2-3 բրիգադ եկել է ծննդատուն, այստեղ է եղել առողջապահության փոխնախարար, հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկելոգը, մինչեւ ժամը 14.00-15.00-ն արվել է հնարավոր ամեն բան, բայց ոչնչով չենք կարողացել օգնել», - ասաց Լարիսա Մադոյանը:

 

Տնօրենի խոսքով` երեխային հնարավոր չէր փրկել, որովհետեւ նա հատուկենտ սրտի զարկերով էր: «Երբ մոր մոտ կար սրտի կանգ, նորածինն ունենում է թթվածնի քաղց, մինչեւ երեխային հանելը, նրա մոտ թթվածնի քաղցը խորն է եղել եւ հնարավոր չէր նրան փրկել»,-ասաց տնօրենը, նշելով, որ նոր ծնվող երեխան աղջիկ էր:

Լարիսա Մադոյանը խոսքով` կինը նորմալ ընտանիքից է, դուստր ուներ, ամուսին, իսկ դժբախտ դեպքից հետո նրա հարազատները շատ զուսպ են եղել, ծեծկռտուք չեն սարքել հիվանդանոցում:

Քանի որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ուստի տնօրենը ձեռնպահ մնաց նշել, թե ում մեղքով կամ ինչի հետեւանքով է նման դեպք արձանագրվել` հավելելով, որ ամեն ինչ ցույց կտա նախաքննությունը: Լարիսա Մադոյանը միայն նշեց, որ  հղիության ընթացքը կնոջ մոտ նորմալ էր, բարդություններ չկային, «մի քանի մանր բաներ էին, որոնք պետք է, որ խնդիր չառաջացնեին ծննդաբերության ընթացքի վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանիի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար:

Գովազդ